Երրորդ անգամ

29/06/2008

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում տեղի կունենա «Կառավարում, իշխանություն եւ ժողովրդավարություն» անվանումով ժողովրդավարության ամառային համալսարանը: Այդ մասին հայտնել է ԵԽ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանը: Ըստ նրա, Ժողովրդավարության ամառային համալսարանի շրջանակներում հուլիսի 3-ին Ստրասբուրգում կհանդիպեն Քաղաքական դասընթացների Երեւանի եւ Բաքվի դպրոցների ներկայացուցիչները: Այս հանդիպումը թվով երրորդն է: Առաջին անգամ հայկական ու ադրբեջանական դպրոցների ներկայացուցիչները հանդիպել են նախորդ տարվա ամռանը Ֆրանսիայում, իսկ երկրորդ անգամ՝ դեկտեմբերին` Շվեդիայում: Լորանը նշել է նաեւ, որ քաղաքական դասընթացների Երեւանի ու Բաքվի դպրոցներն այս տարի հնարավորություն կունենան հանդիպել նաեւ սեպտեմբերին Ռումինիայում եւ նոյեմբերին` Ֆրանսիայում: Ժողովրդավարության ամառային համալսարանին կմասնակցեն 16 երկրների ավելի քան 600 ներկայացուցիչներ: Հայաստանի համար այս մասնակցությունը թվով երրորդն է: Իսկ քաղաքական դասընթացների առաջին դպրոցը ստեղծվել է Մոսկվայում 1992 թվականին: Ներկայումս նմանատիպ դպրոցներ են գործում Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ալբանիայում, Բուլղարիայում, Մոլդովայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Խորվաթիայում, Կոսովոյում եւ այլուր: Ամառային համալսարանի ընթացքում զեկույցներով հանդես կգան ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, Մոնտենեգրոյի նախագահ Ֆիլիպ Վուժանիվիչը, Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլան Ռիսը: Մասնակիցների թվում կլինեն Կանադայի նախկին վարչապետ Կիմ Քեմփբելը, Ռուսաստանի նախկին վարչապետ Եգոր Գայդարը, Բելառուսի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստան: