Ընդունված է կարծել, թե հին հույներին է պատկանում այն մեծագույն ճշմարտության հայտնագործումը, ըստ որի՝ հայեցողությունը բարձր է գործունեությունից:
Սակայն իմացաբանական այսպիսի եզրակացության ամրագրումը ժամանակ անց հանգեց նույնքան մեծագույն մոլորության, երբ նրանք սկսեցին մտածել, թե մարդկային ցեղն ապրում է հանուն մի քանի ինտելեկտուալների: Եվս մի քայլ՝ եւ անգնահատելի ճշմարտությունը, որով հաստատվում էր հայեցողական կյանքի գերազանցությունը, վերածվեց արհամարհանքի առհասարակ ցանկացած գործունեության հանդեպ, առավել եւս՝ աշխատանքի, որը դուռ բացեց քաղաքական կյանքի հետագա աղետների առջեւ: Այս հանգամանքը կարելի էր առանձին վերցրած մի քաղաքակրթության փակուղային իրավիճակ համարել, եթե հետեւողականորեն չզարգանար պետականակերտման մի այլ պարագայում, ինչպիսին Հռոմն էր: Մեկ անգամ չէ, որ պատմաբանները նկատել են, որ նույնիսկ հանրապետական տարիներին Հռոմում հնարավոր էր առանձնացնել երկու քաղաք՝ Սենատի քաղաքը եւ ժողովրդի քաղաքը, ինչն ակնհայտորեն նշանակում էր, թե բուն քաղաքի ներսում այդպես էլ երբեւէ չհաջողվեց համաձայնության հասնել միեւնույն տարածքում ապրող ժողովրդի եւ կառավարող փոքրամասնության միջեւ, այսինքն՝ անիրագործելի մնաց քաղաքական միասնության ենթադրելի հեռանկարը: Այդ պատճառով, երբ կայսրությանը վտանգ էր սպառնում դրսից, իշխանությունները կառավարման համակարգից օտարված տարրերից, որոնք մեծամասնություն էին կազմում, օգնություն չէին ակնկալում եւ մշտապես հարկադրված էին կայսրության ինքնիշխանությունը պաշտպանել բացառապես ռազմաբյուրոկրատական ապարատի ջանքերով: Թե դրա հետեւանքն ինչ եղավ, արդեն հայտնի է պատմության դասագրքերից:
Քրիստոնեության մուտքն ըստ ամենայնի հեղափոխեց աշխարհայեցողության հունահռոմեական մոդելը, ներշնչելով, թե սերն ավելի մեծ բան է, քան ինտելեկտը: Այն առհասարակ փոխեց հայեցողություն հասկացությունը, որը այսուհետ կապվում է ոչ թե ինտելեկտի, այլ Աստծո նկատմամբ տածվող սիրո հետ, որով գործունեությանը տրվում է զուտ երկրային նշանակություն, ասել է թե՝ մերձավորին սիրելու ու դրանով իսկ նրան ծառայելու հրամայականը վերածվում է օրենքի: Այսպիսով, քրիստոնեությունը փրկեց հույների հայեցողության մասին գաղափարը՝ միաժամանակ վերականգնելով գործունեության նկատմամբ եղած դրական վերաբերմունքը: Ինչպես ցույց տվեց պատմության հետագա զարգացումը, աշխարհն ընթացավ այս երկու առաջնություններից որեւէ մեկին գերապատվություն տալու բանավեճի մեջ, եւ մենք այդ գործընթացից անմասն չմնացինք:
Հայ ժողովուրդը միակը չէ, որ ազգայնությունը նույնացնում է իր գոյատեւման գաղափարի հետ, սակայն այն քչերից է, որ լուրջ չի վերաբերվում դրան, չնայած տպավորությունը միանգամայն հակառակն է: Գաղտնիք չէ, որ անկախություն ձեռք բերելուց հետո մեր պետության մի քանի էական հատկանիշների կողքին, ինչպիսին են «սոցիալական», «ժողովրդավարական» սահմանադրական ձեւակերպումները, գիտությամբ թե անգիտությամբ, կարեւորվել է մի այլ հատկանիշ՝ ազգային լինելը: Բնականաբար, «ազգայինը» ոչ թե սահմանադրորեն ճանաչված նորմ է, ինչպես, ասենք, նույն սոցիալական կամ ժողովրդավարական բնութագրիչները, այլ գաղափարախոսական տարր, այսինքն՝ մահակ, որ տեղին, իսկ հաճախ էլ՝ անտեղի գործադրվում է բոլոր նրանց դեմ, ովքեր Սահմանադրությանն ավելի բարձր կարգավիճակ են տալիս, քան «ազգայինին»: Ասենք, ազգայինն արդարացնում է ընտրությունը, իսկ ընտրությունը՝ Քոչարյանի՝ ժամանակին նախագահ դառնալը, որպեսզի իրագործվի ազգային իղձը՝ ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ մեզ լուծելու խնդիրը: Թե դրանք իրար հետ ինչ աղերսներ ունեն, պատասխանել անհնար է, մինչդեռ ընթացքում ոտնահարվեց պետություն միավորի սրբություն սրբոցը՝ Սահմանադրությունը:
Որքան էլ առաջին հայացքից անհամոզիչ հնչի՝ ազգային պետությունն ըստ էության ժողովրդավարական պետք է լինի: Խոսքն այս դեպքում, իհարկե, միմիայն կառավարման համակարգի մասին չէ: Այս վերապահումից հետո շարունակելով միտքս՝ ավելացնեմ, որ եթե պետությունը դեմոկրատական չէ, ուրեմն ազգային չէ: Ինչպե՞ս կարող է ազգային կոչվել մի պետություն, որտեղ կառավարման համակարգն ամբողջովին ուղղված է ազգի միավորների օտարմանը, եթե չասենք՝ փոխադարձ ատելության եւ անհանդուրժողականության խորացմանը: Հետեւաբար, ոչ թե «ազգայինը» լուրջ չէ, այլ անլուրջ է ազգայինի նկատմամբ եղած վերաբերմունքը: Երկրորդ, ինչպե՞ս կարող է ազգային լինել մի բան, երբ իշխանավորների մի խումբ, իշխելու արտոնյալությունից բացի, համաձայնության ոչ մի այլ ձեւ չի առաջարկում, քան կոալիցիոն կառավարման խրտվիլակը, այն էլ՝ ի սարսափ եւ ի հիշեցում՝ միեւնույն արտում քուջուջ անող այն ազգային ճնճղուկների, որոնց իշխանության մեջ չլինելը համազոր է անհետացման: Այսպիսով, ակնհայտ է դառնում մեր պետական կառավարման համակարգի «հռոմեական» բարդույթը, սակայն անհամեմատ թույլ կրկնօրինակմամբ, միայն թե արտաքին սպառնալիքի դեպքում՝ երկրի ինքնիշխանությունը պաշտպանողների շարքերում, բանտերում հայտնված Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի փոխարեն, անհնար է պատկերացնել Տիգրան Թորոսյանին, Արտաշես Գեղամյանին եւ Արթուր Բաղդասարյանին:
Առհասարակ, ազգային գերապատվության փակ համակարգը արժեզրկում է մնացած աշխարհը, թուլացնում հաղորդակցման հնարավորությունը: Շատ ավելի վտանգավոր է, երբ փոխհաղորդակցումը բացակայում է ազգի ներսում: Սա կոմունիկացիոն աղետ է բոլոր առումներով:
Նոր կառավարության ձեւավորման ընթացքը ցույց տվեց, որ կոալիցիան քաղաքական լուծում պահանջող անհրաժեշտություն չէր (Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելու օրինակով), այլ ամենից առաջ ուղղված էր Ազգային ժողովում իրական մեծամասնություն կազմող եւ վերջին տասնամյակում անվերապահորեն զորացող Հանրապետական կուսակցության, ապա փրկության օղակ՝ ահագնացող ընդդիմության դեմ, եւ նրա բոլոր մտքերը պտտվում են ոչ թե ազգային շահի կամ համաձայնության, այլ իշխանության պահպանման շուրջ, ինչպես արհեստավարժ մերկացող թիթեռնիկներն են պտտվում ձողի շուրջ գիշերային բարերում:
Հունիսի 20-ի հանրահավաքը ազգի ներսում փոխհաղորդակցման եւ համաձայնության հնարավորություն է եւ առաջին տպավորությամբ՝ ընդդիմության վարքն արդեն մեծ դժվարությամբ կարելի է արմատական համարել: Մնում է, որ պարզված ձեռքը օդում չմնա: