ԵԽ ԽՎ-ն՝ արտահերթ «ընտրության» առաջ

27/06/2008

Երեկ Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որի արդյունքում էլ պարզ կդառնա, թե որքանով է Հայաստանը կատարել հայտնի 1609 բանաձեւում ներկայացված պահանջները: Եվ հենց երեկվա նիստի սկզբում ԵԽ ԽՎ պատվիրակներն առանց առարկությունների համաձայնել են հունիսի 25-ին արտահերթ հատուկ ընթացակարգով քննարկել «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» հարցը։ Ընդ որում, ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջների կատարման հարցն արտահերթ կարգով քննարկելու որոշմանը չեն ընդդիմացել անգամ ԵԽ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները: Այսպիսով, վաղը Երեւանի ժամանակով ուշ երեկոյան ԵԽ ԽՎ-ում կսկսվեն Հայաստանի հարցով քննարկումները, որոնց արդյունքներից են կախված լինելու ոչ միայն ՀՀ-ի նկատմամբ Եվրախորհրդի հետագա դիրքորոշումը, այլեւ մեր ներքաղաքական զարգացումները: