Հրանտ Խաչատրյանի վերադարձն արմատներին

27/06/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Այս պահին այս ընտրատարածքում իմ հաջողության համար դրական փաստարկներն ավելին են, քան երբեւէ եղել են: Նկատի ունեմ, որ ինքս իմ առաջադրումը պայմանականորեն անվանում եմ վերադարձ դեպի արմատները, քանի որ քաղաքական իմ գործունեությունը սկսել եմ հենց Արտաշատի այս ընտրատարածքից, որտեղ բավականին մեծ տոկոս ձայներ եմ հավաքել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հրանտ Խաչատրյանը, ով որպես պատգամավորի թեկնածու՝ առաջադրվել է Արտաշատի տարածաշրջանն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը մայիսի սկզբին վայր դրեց իր մանդատը: Իսկ բացի Հ. Խաչատրյանից, օգոստոսին թիվ 17 ընտրատարածքում կայանալիք ընտրություններում իրենց թեկնածությունն են առաջադրել Ջ. Աբրահամյանի եղբայրը` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, եւ ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը: Իսկ Հրանտ Խաչատրյանը երեկ նշեց, որ թեեւ 1995-ին նույն տեղամասում պարտվել է, սակայն հանգամանքներն այլ են եղել: Դրանից հետո Հ. Խաչատրյանը խորհրդարան մտել է միայն համամասնական ցուցակներով, քանի որ. «Մեծամասնականներն այդ ժամանակից համարվեցին օլիգարխների մենաշնորհ»: «Եթե վերջին նախագահական ընտրություններով նայենք` ընտրողների կեսից ավելին ձայն է տվել ընդդիմադիր քարոզչություն ծավալող թեկնածուին: Այդ հանգամանքը քաղաքական առումով դեռ չի վերացել, ու կարծում եմ` կարող է ավելի խիստ ընդգծված լինել: Կարծում եմ` այստեղ կա նաեւ հասարակության համախմբման խնդիրը, այդ քարոզչությունը տարվում է բոլոր ԶԼՄ-ներով, ու այն, կարծում եմ` կամա թե ակամա, լինելու է իմ ընտրարշավի օգտին»,- ասաց նա: Հ. Խաչատրյանը դեռեւս որեւէ ուժի կամ գործչի հետ չի բանակցել իրեն սատարելու վերաբերյալ: Նրա խոսքով` օգնելու առաջին տարբերակը չխանգարելն է: Իսկ քաղաքական ուժերից, Հ. Խաչատրյանի կարծիքով` իրեն խանգարողներ չպիտի լինեն: «Վերջին ամիսներին իմ մասին շատ ապատեղեկատվություն է եղել, եւ ոմանք երեւի մտածում են, թե ես ինքս պետք է նախաձեռնություն հանդես բերեմ»,- ասաց նա` նշելով, որ իր 20 տարվա ծրագրի հիմնական դրույթներն այնքան էլ չեն փոխվել, պարզապես, նրա խոսքով` պետք է դրանք ավելի ընկալելի դարձնել հիմա: «Քարոզչության հիմնական շեշտադրումը երեւի պետք է կատարել երկրում օրինականության բարձրացման վրա` դատարանների, Դատախազության, Ոստիկանության: Վերջին ամիսներին այդ ամենը ես զգացի նաեւ իմ սեփական մաշկի վրա, ամեն պահի, երբ ես դիմում եմ քննիչների, հասկանում եմ, թե մարդիկ ինչպիսի զգացողություններ ունեն, երբ իրենք ունեն բոլոր փաստարկները` իրենց օգտին վճիռ ակնկալելու համար, բայց դատավորները գլուխները կախ ընթերցում են անարդար մի վճիռ»,- ասաց նա: Հ. Խաչատրյանը չի ցանկանում համաձայնել այն մտքի հետ, որ ամեն ինչ կարող է արդեն կանխորոշված լինել: Ըստ նրա` անհրաժեշտ է պարզապես այդ ընտրատարածքում ընտրություններ կազմակերպել: «Եկեք փորձենք այս անգամ խոսել ընտրությունների մասին: Իշխանություններն էլ ասում են, որ իրենք կողմ են օրինական ընտրությունների: Եկեք նրանց առաջ խնդիրներ դնենք, ես որեւէ մեկի հետ բանակցելու խնդիր այսօր չունեմ, եւ ովքեր կփորձեն խնդիրներ առաջացնել, այսինքն, այս ընտրությունները դարձնել «չընտրություններ», ես նրանց հետ լուրջ խոսակցություններ կունենամ»,- ասաց նա: Ընդդիմության վերջին հանրահավաքը, Հ. Խաչատրյանի խոսքով` ցույց տվեց, որ դրա մասնակիցների թիվը դեռ կարող է ավելի աճել եւ ոչ թե՝ հակառակը: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու գաղափարին, ապա նրա կարծիքով` մարդկանց ակտիվության դեպքում առնվազն հնարավոր կլինի նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Դա շատ օգտակար կլինի ընդհանուր պետական համակարգի համար: Սակայն նախագահական ընտրությունների մասին դժվարանում եմ կանխատեսումներ անել»,- ասաց նա: Անդադառնալով համաժողովրդական շարժման մասնակիցների այն պնդմանը, թե իրենք ընդդիմադիր դաշտը կեղծ ընդդիմադիրներից մաքրել են, Հ. Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ շատ ընդդիմադիր գործիչներ «խաղից դուրս մնացին» ոչ իրենց մեղքով: «Տեղի ունեցավ բեւեռացում, ու դրա ընթացքում շատերը չցանկացան հայտնվել այս կամ այն բեւեռում, եւ հայտնվեցին երկու բեւեռների ստվերում: Դա ինձ էլ է վերաբերում: Ես ինքս որոշել էի չմիանալ ոչ այս, ոչ այն բեւեռին, որովհետեւ ես իմ խոսքերն այդքան արագ չեմ փոխում: Այս երկու բեւեռները, բացի քաղաքականից, մի շարք այլ խնդիրներ ունեն միմյանց հետ լուծելու: Եվ այն քաղաքական ուժերը, որ չմիացան ոչ մի բեւեռի, պետք է եզրակացություն անեն եւ իրենք վերականգնվեն որպես քաղաքական գործոն, դրական միտումներին աջակցեն` անկախ նրանից, թե դա որ բեւեռից է գալիս` ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության»,- ասաց նա` ավելացնելով, որ ինքը միշտ եղել է երրորդ կողմ` կարողանալով ցանկացած բեւեռի հետ համագործակցել: «Ես տեր-պետրոսյանական բեւեռի հետ այս ընթացքում միայն մեկ հակադրություն եմ ունեցել` ես չեմ ցանկացել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երրորդ անգամ դառնա ՀՀ նախագահ: Եվ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելուց առաջ լսեր իմ եւ շատ-շատերի հորդորները եւ կանգներ մեկ այլ թեկնածուի թիկունքում, այդ ժամանակ ես կլինեի այն բեւեռում 100 տոկոսով»,- հավաստիացրեց նա: