Մոսկվան լսեց Սերժ Թանգյանին

27/06/2008

Հունիսի 18-ին Մոսկվայում տեղի ունեցած համերգի ժամանակ հայազգի երաժիշտ ու երգիչ, «System of a Down» ռոք խմբի նախկին մասնակից Սերժ Թանգյանը խոսել է քաղաքակրթության ճգնաժամի ու Մայր Հողի փրկության անհրաժեշտության մասին։

Ժպտերես ու հմայիչ Սերժ Թանգյանը «System of a Down»-ի հետ համատեղ համերգներին դադար տալով, բնավ էլ չի կորցրել ո՛չ իր հմայքը, ո՛չ էլ հնչեղ հրապարակային ելույթներ ունենալու ցանկությունը։ Նա շարունակում է երգել համերաշխ համակեցության ու անցյալից դասեր քաղելու մասին։ Պարզապես 41-ամյա Սերժ Թանգյանն այլեւս չի կատարում այն երաժշտական կոմպոզիցիաները, որոնց շնորհիվ աշխարհին հայտնի է դարձել։ Այժմ նա մենակատար է, որն ավելի հասուն ու հարմոնիկ երգեր է գրում։ Մոսկվայում հնչեցին նրա նոր՝ «Empty Walls» (Դատարկ պատեր) եւ «Unthinking Majority» (Չմտածող մեծամասնություն) երգերը, որոնց կառուցվածքը տարբերվում է ավանդական՝ ալտերնատիվ ռոքային իր երգերին հատուկ կառուցվածքից։ Մեղմ հատվածները զուգորդվում են հնչեղ կրկներգերով։ Իսկ վառ գործիքավորումների շնորհիվ նրա կոմպոզիցիաների պաթետիկ ու տառապալի հնչերանգները միաձուլվում են բարի ինքնահեգնանքին։ Թափվող ռումբերի ու Մայր հողի ցավերի մասին նա խոսում է ոչ թե որպես մարդասեր գործիչ, այլ՝ որպես արտիստ։ Եվ Սերժ Թանգյանի այդ կարողությունը այժմ ավելի ցայտուն է երեւում նրա «Elect The Dead» (Ընտրելով մահը) ալբոմում, որը լույս է տեսել 2007 թվականի աշնանը։ Ի դեպ՝ իր նոր ալբոմի ձայնագրությունների ժամանակ նա ինքն է բոլոր երաժշտական գործիքների վրա նվագել (բացառությամբ՝ հարվածային գործիքների)։

Սերժ Թանգյանը նախկին խմբային ալբոմներից երգեր չի կատարում, հիմա նա բազմառիթմ ռոքը փոխակերպել է մեղմ մեղեդայնությամբ։ «Իմ նոր ալբոմում կան քաղաքական, սիրային, նաեւ՝ ուրախ ու զվարճալի երգեր։ Շատ են նաեւ ծանր կյանքի փորձի, խորը տխրության մասին երգերը։ Այսինքն՝ ես երգում եմ այն ամենի մասին, ինչը ծնվում է անձնական ապրումներից ու համամարդկային, գլոբալ զգացում է դառնում, որտեղ հայտնվում է հազիվ նշմարվող հույսի շողը»,- ասել է նա։

Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ բնավ էլ իրեն աշխարհի փրկիչ կամ ապոկալիպսիսի սուրհանդակ չի համարում, պարզապես հավատում է, որ մարդիկ պետք է նոր կեցության մոդել ընտրեն, որտեղ դրոշներ, պատերազմներ ու համատարած բռնություններ չկան։

Հայաստանում ցանկություն կար մինչ մոսկովյան համերգը Սերժ Թանգյանին նաեւ Երեւան հրավիրել, սակայն այդ հրավերը չկայացավ։ Սերժ Թանգյանի կոլորիտային կերպարը փոքր-ինչ չգնահատված է մնում Հայաստանում։ Համենայնդեպս, մի քանի տարի առաջ այցելելով Հայաստան, նա խոստովանել է, որ իրեն անհարմարավետ է զգում, քանի որ իր արտաքինն ու ապրելաձեւը խորթ է հայաստանցիներից շատերի համար։