Ամեն տարի պետական բուհեր է դիմում շուրջ 10.000 դիմորդ: Դիմորդների զգալի մասը մարզերի դպրոցների շրջանավարտներն են: Բուհում ուսանելուց եւ ավարտելուց հետո շատ շրջանավարտներ դժվար երկընտրանքի առջեւ են կանգնում` վերադառնալ ծննդավա՞յր, թե՞ մնալ Երեւանում:
Քանի որ ամեն ինչ կենտրոնացած է Երեւանում, շատ երիտասարդներ չեն էլ ուզում ուսանելուց հետո ծննդավայր վերադառնալ` իրենց ապագան տեսնելով Երեւանում: Նույնիսկ շատ դպրոցահասակների համար երեւանյան բուհ ընդունվելը եւ Երեւանում հաստատվելը դառնում է ինքնանպատակ: Այս ամենի պատճառով մարզային բնակավայրերն աստիճանաբար դատարկվում են: Ճիշտ է, որոշ մարդիկ, իրենց ցանկությամբ կամ ակամա, բուհն ավարտելուց հետո վերադառնում են, սակայն քարացած պատկերացումների ու գործունեություն ծավալելու հնարավորության բացակայության պայմաններում նրանք չեն կարողանում որեւէ բարեփոխում կատարել մարզային միապաղաղ եւ տաղտուկ կյանքում: Ծննդավայր վերադարձածներից ոմանք` երիտասարդական ավյունով «վառված», պայքարում են ինքնահաստատվելու համար, ոմանք էլ` պայքարից հոգնած` անգործության են մատնվում:
Քսաներեքամյա Հասմիկ Բեյբությանը 2008թ. ավարտել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետի քիմիայի բաժինը` մագիստրոսի կոչումով: Հասմիկը փորձել է Երեւանում իր մասնագիտությամբ աշխատանք գտնել, սակայն չի ստացվել: «Մի տեղ միայն աշխատանք գտա, այն էլ ընդամենը 40.000 դրամ աշխատավարձով: Բայց ես նման աշխատավարձով տան վարձ տայի՞, թե՞ ինձ պահեի: Ստիպված` Մարտունի եկա»,- ասում է Հասմիկը: Սակայն Մարտունիում էլ Հասմիկին առայժմ չի հաջողվել աշխատանք գտնել: «Հույս էլ չունեմ, որ կգտնեմ: Մարզերում աշխատատեղեր գրեթե չկան, իսկ եղածի համար էլ այնքան մեծ գումար են պահանջում, որ մի քանի տարի պիտի աշխատես այդքան գումար վաստակելու համար»,- նշում է նա: Այժմ` վեց տարվա բուհական կրթությունից հետո, Հասմիկն անգործության է մատնված, ողջ օրը տանն է. «Շա՜տ-շա՜տ քնում եմ, հեռուստացույց եմ դիտում, գիրք եմ կարդում, նորից քնում եմ, սարսափելի է…»: Հասմիկը նշում է, որ եթե մոտակա մեկ տարվա ընթացքում աշխատանք չգտնի Մարտունու տարածաշրջանում, Երեւան կտեղափոխվի, այնտեղ գոնե աշխատանք կունենա, թեկուզ եւ՝ շատ ցածր աշխատավարձով:
Թեհմինե Գասպարյանը 2005թ. ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի գերմաներենի բաժինը: Թեհմինեն ի սկզբանե ծննդավայր վերադառնալու մտադրություն չուներ. երդվել էր, որ երբեւէ չի վերադառնա Մարտունի: Ավարտելուց հետո Թեհմինեն մնաց Երեւանում` մտադրություն ունենալով աշխատանք գտնել իր մասնագիտությամբ: Սակայն աշխատանք գտնելու մեկ տարվա փորձերն ապարդյուն անցան: «Հազար ու մի տեղ դիմեցի, բայց ամեն տեղ աշխատանքային փորձ էին պահանջում, ես էլ չունեի. մարդ պիտի աշխատի, չէ՞, որ փորձ ձեռք բերի, փորձով հո չե՞ն ծնվում»,- ասում է Թեհմինեն: 2007թ. Թեհմինեն ստիպված Մարտունի է վերադառնում: Սակայն այստեղ էլ չի կարողանում աշխատանք գտնել ու փակվում է տանը` չորս պատերի մեջ: «Պատրաստ էի աշխատել անգամ նվազագույն աշխատավարձով, միայն թե տանը փակված չլինեի: Հուսահատությունից հիվանդացել էի: Երբ մեր հարեւանն ինձ տեսավ` սարսափեց իմ վիճակից, ասաց, որ կարող է օգնել ինձ, որ աշխատանքի անցնեմ նորաբաց բանկում: Անմիջապես համաձայնեցի, չնայած բանկային ոլորտից որեւէ գաղափար չունեի»,- պատմում է Թեհմինեն: Քրտնաջան աշխատանքի շնորհիվ Թեհմինեն կարողացավ դառնալ բանկի լավագույն աշխատակիցներից մեկը: Իսկ լեզուների իմացությունը նրան միայն օգնում է: «Բոլորի հետ կարողանում եմ լեզու գտնել, գիտեմ, թե ում հետ ինչպես է պետք խոսել: Բանկ այցելած արտասահմանցիներին էլ եմ սպասարկում: Հետագայում գուցե տնտեսագետի մասնագիտություն էլ ստանամ,- ասում է Թեհմինեն եւ հավելում,- Ես մի բան եմ հասկացել` Մարտունիում ապրելն այնքան էլ սարսափելի չէ, եթե աշխատանք ունես»:
Իսկ 21-ամյա Անուշ Շահումյանն ինքնակամ է ծննդավայր վերադարձել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո: Անուշը նշում է, որ իր կյանքը Մարտունուց դուրս չի պատկերացնում: Սակայն Մարտունիում Անուշը գործազուրկ է, քանի որ այստեղ ըստ մասնագիտության աշխատանք գտնել հնարավոր չէ: «Երեւանյան թերթերին էի թղթակցում սկզբնական շրջանում, սակայն մարզերում իրադարձություններ չեն լինում, պետք է հիմնախնդրային նյութեր գրել: Իսկ դրա համար շատ աշխատանք եւ ֆինանսական միջոցներ են հարկավոր, մինչդեռ նյութերի դիմաց տրվող հոնորարները շատ փոքր են` կոպեկներ»,- ասում է Անուշը: Ըստ նրա` մարզերում պաշտոնյաները լրագրողի հետ աշխատելու փորձ չունեն, ուստի կարծում են, որ լրագրողներն իրավունք ունեն իրենց մասին միայն գովաբանական նյութեր գրել: Անուշը հույս ունի ինքնադրսեւորվել հասարակական գործունեության ոլորտում, որն, ըստ նրա, մարզերում գործունեություն ծավալելու ամենաարդյունավետ ոլորտն է:
Չնայած գործազուրկ լինելուն` բարձրագույն կրթությամբ երիտասարդներից շատ քչերն են դիմում Զբաղվածության տարածքային կենտրոն (Մարտունու զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված է 236 երիտասարդ, որոնցից բարձրագույն կրթություն ունի 20-25 տոկոսը): Իսկ ովքեր էլ դիմում են, որպես կանոն, հիասթափվում են: «Դիմեցի Զբաղվածության տարածքային կենտրոն, բայց միայն բանվորի աշխատանք կարողացան առաջարկել, ես էլ չուզեցի»,- ասում է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ Արամ Մկրտչյանը, որն այժմ իր արհեստանոցն է հիմնել ու բջջային հեռախոսներ է վերանորոգում:
Մարտունու տարածաշրջանում տարեկան զբաղվածության կենտրոն դիմողների միայն ութ տոկոսն է աշխատանք գտնում: Ըստ Մարտունու զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Արայիկ Թարփոշյանի` կենտրոնն ավելի արդյունավետ կաշխատի, եթե գործատուն գիտակցի, որ իրեն որակյալ մասնագետներ են պետք, ոչ թե իր ոչ մասնագետ բարեկամներին տեղավորի աշխատանքի եւ ավելի քիչ շահույթ ստանա: