Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը շուտով ավարտելու է իր առաջին լիամետրաժ՝ «Խճճված զուգահեռներ» ֆիլմը, որը կարող է դառնալ անկախ Հայաստանում նկարահանված առաջին կինոժապավենը, որը միջազգային կինոշուկա մուտք գործելու ռեալ նախապայմաններ ունի։ Այն Նորվեգիայի, Ֆրանսիայի ու Հայաստանի համատեղ արտադրություն է։ Գաղտնիք չէ, որ ֆիլմ նկարահանել ցանկացողները Հայաստանում բազմաթիվ բարդությունների են հանդիպում։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ֆիլմի նախագիծը միջազգային կինոֆոնդերից գումարներ է ստանում, այն մի շարք խնդիրների առջեւ է կանգնում։ Եվ այդ խնդիրներից ամենաանմեղը՝ ձգձգումներն են։ Ֆիլմարտադրության պրոցեսի բացակայությունը ստիպում է կինոռեժիսորներին ինքնուրույն հարթել պրոյեկտը ֆիլմ դարձնելու ուղին։ Իսկ դա տարիներ է պահանջում։ «Ես աշխատում եմ ու ընթացքում սովորում եմ։ Ֆիլմը կարծես ինքն է թելադրում, թե ինչպես է պետք իր հետ վարվել։ Հաճախ ընկնում ես անհույս վիճակի մեջ, հետո ելք ես գտնում ու հասկանում ես, որ քո գտած ելքն իրականում միակն էր։ Եվ այդ ելքի մասին քաղաքակիրթ աշխարհը վաղուց գիտեր, բայց դու գտար այն՝ միայն անհույս փակուղու մեջ հայտնվելու պահին»,- ասում է նա։
«Խճճված զուգահեռներն» օրիգինալ սյուժե, մոտ 700 հազար եվրոյին հասնող բյուջե ու բազմազգ դերասանական ու պրոդյուսերական խումբ ունի։ Այն ճակատագրի մասին է։ «Եթե փորձենք բանաձեւերի լեզվով ասել, ապա կստացվի, որ ֆիլմը գենետիկորեն փոխանցվող ճակատագրի մասին է, որը ծնողից երեխային է փոխանցվում ու առանց նրա ցանկության՝ կանխատեսում է երեխայի ողջ ապրելակերպը»,- ասում է Հ. Գալստյանը։ Ֆիլմի սյուժեն պատմելն անշնորհակալ գործ է, քանի որ կարող է կորչել թարմության զգացումը, սակայն իր վերջնագծին մոտեցած եզակի ու շատ կոնկրետ ֆիլմի մասին խոսելն այսօր շատ ավելի հրատապ ու կարեւոր է, քան՝ ընդհանուր ներկայացնելը մեր տկար կինոդաշտն ու համեստ հաջողությունների հասած հեղինակներին, որոնք ոչ մի կերպ չեն կարողանոմ հետաքրքրել աշխարհին հայկական կինոարտադրանքով։ Տեղյակ լինել ֆիլմի մասին, նաեւ նշանակում է՝ սպասել ֆիլմի պրեմիերային։ Իսկ սպասումի զգացումը Հայաստանում դեռ ոչ ոք չի հանդգնել արգելել։ Ներքուստ բոլորս էլ լավ ֆիլմերի ենք սպասում։
«Խճճված զուգահեռների» կենտրոնում երկու կանայք են՝ հայուհի Լաուրան ու նորվեգուհի Հաննան, ովքեր տեղյակ չեն միմյանց գոյության մասին, սակայն ի վերուստ նախանշված ճակատագիրը խճճում ու իր սեփական զուգահեռներն է անցկացնում նրանց կյանքում։1988 թվականին մաթեմատիկայի ուսուցչուհի Լաուրան, որը շատ մեկուսացած ու նյարդային կյանքով ապրում է Երեւանում, հանկարծ մի օրագիր է ստանում Նորվեգիայից։ Կարդալով օրագրի էջերը՝ նա խորասուզվում է մեկ այլ՝ իրեն մինչ այդ անծանոթ, սեփական ծննդի պատմության մեջ։ Ֆիլմը երկու հարթություն, երկու ճակատագիր, երկու սիրային պատմություն է ներկայացնում։ Նորվեգուհի մայրն ու հայ դուստրն իրարից ակամա՝ կրկնում են միմյանց ճակատագրերը։
– Ֆիլմի գործողությունների մի մասը Նորվեգիա տեղափոխելու գաղափարն ի սկզբանե կա՞ր, թե՞ այն ծագել է հետո, երբ նորվեգացիները որոշել են ֆինանսավորել ֆիլմը։
– Սկզբում գաղափարն է եղել, իսկ հետո արդեն այդ գաղափարին հավատացին նորվեգացիները։ Ես գիտեի, որ նորվեգական ֆիլմի ֆոնդը հետխորհրդային ոչ մի ֆիլմ չի ֆինանսավորել։ Իրենց ֆոնդը շատ պարփակված կառույց է, նորվեգացիները քիչ են շփվում այլ երկրների կինոգործիչների հետ՝ գերադասելով գումար ծախսել միայն Նորվեգիայի քաղաքացիների ֆիլմերի վրա։ Իմ ֆիլմի գերմանացի պրոդյուսերները խորհուրդ չէին տալիս Նորվեգիայի կինոյի ֆոնդին դիմել, բայց քանի որ իմ պատմությունը հենց Նորվեգիայի հետ էր կապված, ես որոշեցի համառորեն դիմել նրանց։ Ընդհանրապես կինոֆոնդերը շատ խելացի մոտեցում ունեն, իրենք քո «խայծը» նետելու ժամանակ փորձում են հասկանալ՝ դու լա՞վ ձկնորս ես, թե՞ ոչ։ Եթե համոզվում են, որ լավն ես՝ հաճույքով կուլ են տալիս քո «խայծը»։ Այսինքն՝ իրենք պիտի համոզվեն՝ քեզ աջակցելն արդյոք բխո՞ւմ է իրենց շահերից, թե՞՝ ոչ։ Իմ ֆիլմի գաղափարը ծագել է կոնկրետ մի պատմությունից, որն ինձ պատմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորվեգիայում ռազմագերի եղած մի մարդ։ Նա տեսել է, թե ինչպես են նորվեգացիները վճարում գերմանացի սպաներին, ու «գնելով» գերիներին՝ պահում էին, կերակրում նրանց իրենց տանը՝ վերաբերվելով նրանց՝ որպես իրենց ընտանիքի հավասար անդամների։ Շատ դեպքեր են եղել, երբ նորվեգացիները 4-5 տարի պահել են գերիներին, ու պատերազմն ավարտվելու պես՝ նրանց բաց թողել։ Շփվելով նորվեգացիների հետ՝ դու ինքդ էլ կարող ես հասկանալ, որ նրանք շատ անշահախնդիր մարդիկ են ու խելագարի պես հավատում են հավասարության գաղափարին։
– Ֆիլմի հերոսները կանայք են։ Դա նշանակում է, որ ֆիլմում սերը գերիշխելո՞ւ է։
– Ֆիլմում արգելված սիրո մոտիվն է հնչելու, այսինքն՝ այն սիրո, որը հասարակության կողմից լավ չի ընկալվում։ Իրականում, դա շատ միամիտ սեր է, մանավանդ հիմա, երբ կինեմատոգրաֆը շատ խճճված բարոյական շերտերի մեջ է մտնում։ Լեհ կինոռեժիսոր Զանուսսին ասել է. «Եթե կինն իր ամուսնու բացակայությամբ սիրային կապ է ունենում ամուսնու ընկերոջ հետ, ու այդ մասին ֆիլմ է նկարահանում ֆրանսիացին, այդ պատմությունն ինձ չի հետաքրքրում։ Իսկ եթե այդ նկարահանել է ճապոնացի ռեժիսորը, այն ինձ հետաքրքիր է»։ Այսինքն, խոսքն ավանդապես ընդունվող ու չընդունվող սիրո մասին է։
– Ֆիլմում պատերազմն ու 1988 թվականն է, որը շատ խորհրդանշական է եղել Հայաստանի համար։ Ինչո՞ւ է հենց այդ տարեթիվն ընտրվել։
– Երկու դարաշրջան ընտրելով՝ ես կարեւորել եմ կայսրության փլուզումն ու պատերազմի ավարտը։ Բայց այդ երկու էպոխալ իրադարձություններն էլ ֆիլմում միայն որպես շատ հեռավոր ֆոն են ներկայացվում, եւ ուղղակիորեն հերոսների կյանքի վրա չեն ազդում։ 1988 թվականի ցույցերին մասնակցում է ուսուցչուհու աշակերտը, իսկ ուսուցչուհին էլ ամեն ինչ փորձում է անել՝ նրան այդ պայքարից ետ պահելու համար։ Նույնն էլ արել է իր մայրը՝ փրկելով ռազմագերուն պատերազմից։
– Որպես կանոն՝ կինոֆոնդերը գումար են տրամադրում, սակայն պայման են դնում, որ գումարն իրենց երկրում ծախսվի։ Նման քայլերը խորամանկ PR քայլեր են, որոնք եւ՛ երկրի իմիջն են ստեղծում, եւ՛ եկամուտ բերում։
– Դա ոչ թե՝ խորամանկ, այլ՝ պարզ քայլ է, քանի որ կինոն իր էությամբ սահմաններ չի ճանաչում։ Հիմա ստացվեց այնպես, որ իմ ֆիլմն արտադրում է Նորվեգիայի կինոստուդիան։
– Իսկ հեղինակային իրավունքները նո՞ւյնպես պատկանում են Նորվեգիային։
– Ոչ, ֆիլմը Հայաստանի արտադրանք է, ես վայրենի կերպով կարողացա պահպանել ֆիլմի հայկական տոկոսը։ Այն հիմա համատեղ արտադրանք է, որտեղ տարբեր երկրներ իրենց մասնաբաժինն ունեն։ Դա աշխատանքային շատ ճիշտ ձեւ է, քանի որ ֆիլմի հետագա վաճառքի խնդիր կա։ Սովորաբար հայկական ֆիլմերի 100 տոկոսը հենց Հայաստանին է պատկանում, եւ թերեւս հենց այդ պատճառով էլ դրանք այլ երկրներում չեն ցուցադրվում։ Հայկական ֆիլմերը պաշտոնապես կինոշուկա չեն մտնում, մենք նման նախադեպեր չունենք։ Կան ֆիլմեր, որոնք փառատոներում են ցուցադրվում (հիմնականում կինոկլասիկան՝ Փելեշյանը, Փարաջանովը), բայց ոչ մի ֆիլմ օֆիցիալ դիստրիբյուցիա չի ունենում։ Եթե իհարկե, չհաշվենք Ամերիկայում՝ Գլենդելի ցուցադրումները։
– Ֆիլմեր նկարահանել ցանկացող հայ ռեժիսորները դառնում են նաեւ սեփական ֆիլմի պրոդյուսերները։ Այդպես ավելի անկախ ու ապահո՞վ է։
– Եթե լավ պրոդյուսեր կա, ռեժիսորին բացարձակապես պետք է չէ պրոդյուսերական աշխատանքով զբաղվել։ Պրոդյուսեր լինելու համար հատուկ ջիղ է պետք։ Իհարկե, լավ է, երբ ֆիլմը ոչ միայն պրոդյուսեր, այլեւ՝ իրավաբան կամ հաշվապահ է ունենում։ Բայց ես չունեմ այդքան գումար, որպեսզի նրանց վարձատրեմ, եթե հարկավոր է լինում՝ ես նրանց կոնկրետ աշխատանքային մի փուլի համար եմ հրավիրում։ Այդ պատճառով էլ ֆիլմը շատ խոչընդոտների է հանդիպում։ Անձամբ ես ուզում էի անկախ աշխատել։ Նույնիսկ տեխնիկան եմ բերել Սանկտ Պետերբուրգից, եւ ոչ թե հայկական խցիկն եմ օգտագործել։
– Ինչո՞ւ։
– Հայաստանում միայն մեկ նկարահանման խցիկ կա, որը կարող ես օգտագործել, ասենք, 4 օր, հետո նրանով մեկ այլ ռեժիսոր պետք է 5 օր նկարահանի, հետ՝ մյուսը, հետո՝ կրկին դու։ Իսկ ես ուզում էի՝ մեկ ամիս միայն ես նկարահանեի։ Մեկ խցիկով մշտական աշխատելն ավելի ճիշտ ու ավելի էժան է։ Նկարահանելով ու դադար տալով՝ ավելի շատ ծախսեր ես անում, քան պետք է։ Ծախսվող գումարն աճում է սխալ արտադրության պատճառով։
– «Հայֆիլմի» մասնավորեցումը, բոլորի կարծիքով, շատ սխալ որոշում էր։ Սակայն արդեն ժապավենը ետ պտտել չի ստացվի։ Հիմա Ազգային կինոկենտրոն ունենք։ Քո կարծիքով այն ճի՞շտ ստրուկտուրա է։
– Տեսականորեն ամեն ինչն էլ կարելի է «ետ պտտել»։ Ռուսաստանն, օրինակ, ետ բերեց Խորհրդային Միության հիմնը։ Այսինքն, ամեն ինչը կախված է պետության ցանկություններից։ Ես լավ ծանոթ չեմ կինոստուդիայի մասնավորեցման մանրամասներին, բայց գիտեմ, որ սեփականատերն իր պարտավորությունները չի կատարում։ Եվ եթե պետությունն ուզի՝ կինոստուդիան ետ կվերցնի։ Բայց պետությունը դա անել չի ուզում։ Պետությունն իր «ձեռքերը լվացել» է ու չի ուզում կինոյի հետ գործ ունենալ։ Ինչ-որ տեղ դա հասկանալի է, քանի որ հաջող ֆիլմերի նախադեպեր մենք չենք ունեցել։ Եթե պետությունը տեսնի, որ կինոն, փողեր խժռող անհույս դոտացիոն համակարգ լինելուց բացի, կարող է նաեւ եկամուտ բերել, վերաբերմունքը կինոյի հանդեպ կփոխի։ Թող այդ եկամուտը շատ փոքր լինի, բայց այն պետք է լինի։ Պետությունը կինոյին փող է տալիս, բայց ոչինչ չի ստանում։ Նույնիսկ բարոյական դիվիդենտներ էլ չի ստանում։ Մինչ հիմա հայկական կինոյի ֆինանսավորման միակ աղբյուրը պետբյուջեն է։ Մասնավորը ոչ մի կերպ չի մտնում կինոյի մեջ, չի հավատում, որ դա էֆեկտիվ ներդրում կլինի։
– Շատ հայ ռեժիսորներ ասում են, որ իրենց ֆիլմերը շատ փառատոների են մասնակցում, եւ իրենք էլ փառատոնային կինո են նկարահանում, ինչը, իրենց կարծիքով՝ պիտի բացառի կոմերցիոն հաջողությունը։
– Ես, օրինակ, կգերադասեի մտնել թեկուզեւ՝ շատ փոքր պետության կինոշուկա, քան իմ ֆիլմը մեծ փառատոների ուղարկել։ Փառատոներին մասնակցելն անիմաստ է, եթե չես մասնակցում փառատոներին կից գործող կինոշուկաներին։ Բոլոր փառատոներն ունեն նման սելեկցիոն ծրագրեր։ Եթե անտեսես շուկան, փառատոնը կդառնա միայն ուտել-խմելու տեղ (նույնիսկ, եթե որեւէ քննադատ մի քանի լավ բան է ասում քո ֆիլմի մասին)։ Եվ եթե կինոշուկայի մասնագետները չեն մոտեցել քեզ ու քո ֆիլմը գնելու ցանկություն չեն հայտնել, ուրեմն քո մասնակցությունը փառատոնին անիմաստ էր։ Մեզ մոտ փոքր-ինչ դեգրադացված կարծիք կա։ Վերջերս, օրինակ, Կինոկենտրոնի մի աշխատակից ինձ ասաց, որ կա ֆիլմ, որը 50 փառատոնի է մասնակցել։ Ասացի՝ ֆիլմարտադրողի համար դա շատ վատ ցուցանիշ է, որովհետեւ եթե ֆիլմը 50 փառատոնի է մասնակցել, այն գոնե 5-ում պետք է գնվեր։ Իսկ եթե ֆիլմը գնվելու շանս է ունեցել ու չի գնվել, ուրեմն դա ֆիլմի համար վատ է։
– Հիմա Հայաստանում շատ քիչ՝ առավելագույնը 10 աշխատող ռեժիսորներ կան։ Եվ բոլորն էլ կարծես չեն ընդունում ու չեն ուրախանում միմյանց հաջողություններով։ Ինչո՞ւ է այդպես։
– Մարդիկ կան, որոնք սիրում են կինոն, բայց կինոն իրենց չի սիրում։ Լուիս Բունյուելը լավ խոսք ունի, ասում է, որ նախանձը մաքուր իսպանական զգացմունք է։ Մենք էլ կարող ենք ասել, որ նախանձը մաքուր հայկական հատկանիշ է։ Կարծում եմ, որ լավ ռեժիսորները միմյանց հետ խնդիրներ չեն ունենում։ Ես բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունեմ, բայց կարող եմ ընդամենը երկու ռեժիսորների անուններ տալ, որոնք լավ ֆիլմեր կարող են ստեղծել։
– Ֆիլմ սկսելն ու ավարտին հասցնելը բավականին հերոսություն է պահանջում։ Հոգնեցուցիչ չէ՞։ Ուժեր մնո՞ւմ են հաջորդ ֆիլմի մասին մտածելու համար։
– Դա իմ աշխատանքն է, որը ես ամեն օր եմ կատարում։ Հացթուխն էլ կարող է իր ողջ կյանքի ընթացքում հաց թխել։ Հո չի՞ հոգնում իր աշխատանքից։ Եղել են ուրիշ ֆիլմեր, սերիալներ նկարահանելու առաջարկներ, բայց ես՝ լինելով քայքայված ֆինանսական վիճակում, հրաժարվել եմ, քանի որ համոզվել եմ՝ ֆիլմը կնոջ նման է։ Եվ եթե դու թեկուզ՝ ժամանակավոր, հրաժարվում ես նրանից, նա քեզ դա չի ներում։ Կինոն կենդանի օրգանիզմ է, նա է քեզ թելադրում՝ ինչ անել։
Ֆիլմից կտրվել չի կարելի, հարկավոր է նրան հավատալ ու հավատարիմ լինել։
– Իսկ վախ չկա՞, որ ֆիլմը լավ չի ստացվի։
– Իհարկե, մեծ վախ կա։ Հաճախ տեսնում ես, որ ֆիլմի այս կամ այն դրվագները լավն են, բայց միասին դրանք վատ ֆիլմ են դառնում։ Ես ինքս չորս անգամ մոնտաժ եմ արել, փոխել եմ պատմությունը, ձայնային շտկումներ եմ արել, քանի որ տեսել եմ, որ այն ինձ չի համոզում։
Ֆիլմը շուկայի լուրջ ուսումնասիրությունների փուլ է անցել։ Դեռ անպատրաստ ֆիլմն արդեն հավաստագրեր է ստացել, որտեղ երաշխավորվում է, որ կինոթատրոններն այն ցույց կտան։ Եթե ֆիլմը լավը լինի, այն կմտնի շուկա։ Պարզ է, որ նույնիսկ հաջողության դեպքում, այն ետ չի բերի բոլոր ծախսերը, քանի որ այն կոմերցիոն ամերիկյան ֆիլմ չէ։ Բայց այն ունի իր ուրույն շուկան, որի մեջ, բացի կինոթատրոններից, մտնում է նաեւ հեռուստատեսությունը։
– Ե՞րբ եւ որտե՞ղ է կայանալու պրեմիերան։
– Բոլոր պրոդյուսերներով կհավաքվենք իրար գլխի ու կորոշենք դա։ Ամեն դեպքում՝ Հայաստանում պրեմիերա անելն անիմաստ է, մենք Հայաստան կգանք վերջում, որովհետեւ այստեղ հայ ռեժիսորի համար վտանգավոր է։
– Հարկավոր է սկզբում դրսում ընդունվել, հետո միայն այստե՞ղ։
– Այստեղ չկա այն դաշտը, որտեղ կարելի է ֆիլմ բաց թողնել ու սպասել, թե նրա հետ ինչ կլինի։ Համոզված եմ, որ այստեղ ֆիլմը լուռ է ընդունվելու եւ ոչ մի ալիք՝ նույնիսկ՝ բացասական, չի առաջացնելու, իսկ դա ֆիլմի համար կործանիչ է։ Հայաստանում կինոքննադատական վերլուծություններ չկան։ Եթե նույնիսկ գրող քննադատներ կան, նրանք բոլոր ֆիլմերի մասին նույն բանն են գրում, եթե փոխես ֆիլմի անվանումն ու ռեժիսորի անունը, կպարզվի, որ նույն տեքստն է։
– Նույնիսկ սակավ ֆիլմերի դեպքում անալիզի կարիք կա՞։
– Իհարկե կա։ Հիմա Հայաստանում ամեն ինչն անձնական թշնամանքի մակարդակի վրա է։ Հայաստանում վերլուծություն չկա, միայն թշնամանք կա։ Ես կուզեի, որ որոշ քննադատներ պարտադրաբար բոլոր ֆիլմերի մասին գրեին։ Կարող է պատահել, որ երկու հոդվածից հետո այդ քննադատին փողոցում բռնեն ու ծեծեն, կամ էլ՝ նույնիսկ գնդակահարեն, բայց դա անել պետք է։
– Գեղխորհուրդի մոդելով, տարբեր մասնագետներից բաղկացած որեւէ կառույցի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։
– Այդ ավանդույթը մեզ մոտ չկա։ Եթե լիներ, ես մեծ հաճույքով ֆիլմը սկզբից նրանց ցույց կտայի։ Բայց եթե որոշեմ, ասենք, տասը մարդու զանգահարել ու ասել՝ եկեք ֆիլմս նայենք, կպարզվի, որ տասը մարդուց ինը հենց այդ ժամին զբաղված են, ասենք՝ պիտի թաղման գնան։ Նույնիսկ, եթե ասես, որ ֆիլմը տասը օր հետո պիտի նայենք, կասեն՝ տասը օր հետո եմ թաղման գնալու։ Միայն թե չգան… Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես, բայց այդպես է։ Մինչդեռ, երբ ֆիլմը դեռ պլաստիլինի մակարդակի վրա է, ուղղումներ անելը հեշտ է, քարացած վիճակում այլեւս ուղղում չես անի։
– Վերջիվերջո, ի՞նչը կարող է հայկական կինոն առաջ մղել՝ ֆինանսնե՞րը, գաղափարնե՞րը, թե՞ անհատները։
– Բեկնազարովի պես մարդիկ են պետք։ Կամ էլ՝ Միխալկովի։ Նույնիսկ, եթե այդ անհատը լավ ռեժիսոր չէ, նա՝ լինելով լավ արդյունաբերող, կկարողանա կապեր հաստատել իշխանությունների հետ։ Եվ, քանի որ Հայաստանում ամեն ինչը հիմնված է լավ խոսել կարողանալու վրա, ուրեմն կինոարտադրությունը վերականգնելու համար էլ լավ խոսողներ են հարկավոր։ Կարծում եմ, որ եթե լրատվամիջոցները թեկուզեւ 3 րոպե խոսեն կինոյի մասին, դա կնշանակի, որ մենք այդ 3 րոպեն խլել ենք քաղաքականությունից, կամ էլ՝ «փախցրել» ենք սպորտից։ Մարդիկ իրենց սրտի խորքում շատ են սիրում կինոն, ուղղակի նրանց այնքան շատ հիմարություններ են ցույց տվել, որ իրենք էլ չեն հասկանում, թե իրականում ո՞րն է կինոն։