«Հայաստանը կհաղթահարի»

22/06/2008

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը կհաղթահարի երկրում ստեղծված իրավիճակը:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանը եվրոպական մամուլի առաջին էջերում հայտնվեց երկու պատճառով, մեկը` վատ, մյուսը` լավ: Առաջինը փետրվարյան նախագահական ընտրություններից հետո մեր մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններն էին, երկրորդը` հունիսի 7-ին իմ եւ ադրբեջանցի իմ գործընկերոջ միջեւ տեղի ունեցած հանդիպումը: Երկուսն էլ ընդգծում էին, որ Հայաստանը եվրոպական հարեւանության անցումային փուլում գտնվող երկիր է: Չնայած մեր ճանապարհին առկա բազմաթիվ խոչընդոտներին` Հայաստանը խորացնում է իր բարեփոխումները եւ ամրապնդում իր ժողովրդավարական ինստիտուտները` որպես կայուն եւ լավ կառավարման տանող իր ուղու մի մաս»,- նշել է ՀՀ նախագահը:

«Քաղաքական ուժերի շրջանում հետընտրական տարաձայնություններն ինձ հնարավորություն են ընձեռել ընդարձակ քաղաքական կոալիցիա ձեւավորել` միավորելով խորհրդարանում ներկայացված հինգ խմբակցություններից չորսը: Այդ կոալիցիայի առաքելության կարեւոր մասը լայնածավալ, ժողովրդավարական ուղղվածություն ունեցող սոցիալական եւ տնտեսական բարեփոխումներն են, որոնք այս պահին իրագործվում են: Մենք միասին աշխատում ենք` Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի տառին եւ ոգուն համահունչ»,- ասել է Ս. Սարգսյանը:

«Միջազգային չափանիշներին համապատասխան՝ զգալի բարեփոխումները ներառում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր» անցկացնելու մասին օրենքի ազատականացումը, խորհրդարանական ընդդիմության իրավունքների ընդարձակումը` հատուկ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով, որոնք երաշխավորում են քաղաքական համակարգում եւ որոշումների ընդունման գործընթացում ներգրավվելու դեր, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ամբողջական փաթեթը` ԵԱՀԿ-ի հանձնարարականներին համապատասխան, որոնք ներառում են դրույթներ ինչպես խորհրդարանում ներկայացված, այնպես էլ չներկայացված ուժերի մասնակցության վերաբերյալ, եւ էական փոփոխություններ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում: Բոլոր այս բարեփոխումներն իրականացվել են Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների դրական գնահատականներով:

Սրանք, ամեն դեպքում, վճռական քայլեր են` երկարաժամկետ բարեփոխումների ուղղությամբ, որոնք հասցեագրված են լինելու վերջին ընտրությունների արդյունքում ի հայտ եկած դժգոհությանը եւ երաշխավորելու են ավելի մեծ ազատություն Հայաստանի ժողովրդի համար: Մենք ողջունում ենք ցանկացած առաջարկ Եվրամիության եւ դրա նախագահությունը ստանձնող Ֆրանսիայի կողմից` այս բարեփոխումներն աջակցելու եւ դրանց արդյունավետ իրագործումը երաշխավորելու ուղղությամբ:

ԵԽ ԽՎ-ի հանձնարարականներից զատ` մենք նախաձեռնել ենք իրավապահ համակարգի լուրջ բարեփոխումներ, ինչպես նաեւ՝ ստեղծվել է խորհրդարանական հատուկ հանձնաժողով` Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, որը զբաղվելու է հետընտրական ողբերգական իրադարձությունների ուսումնասիրմամբ: Այս հանձնաժողովն ունենալու է հնարավոր ամենաընդարձակ իշխանությունը` փաստերն ուսումնասիրելու եւ իր սեփական, անկախ եզրակացությունը ներկայացնելու համար: Արտախորհրդարանական խմբերին, քաղաքացիական հասարակության կառույցներին եւ միջազգային փորձագետներին կոչ է արվում մասնակցել այդ ջանքերին:

ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հետ համատեղ՝ մենք մինչ օրս նկատում ենք կարեւոր առաջընթաց: Սակայն դեռեւս շատ աշխատանք կա կատարելու: Բարեբախտաբար, մեր կոալիցիայում առկա է մեր հավակնոտ ծրագրերն առաջ տանելու քաղաքական կամք: Մենք ընդունում ենք, որ մեր առջեւ դրված է Եվրոպայի եւ առավել ընդարձակ միջազգային համայնքի համար գրավիչ լինելու հարցը:

Պատմությունը դաժան է եղել Հայաստանի նկատմամբ: Մեր ժողովուրդը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ` թե՛ հեռու, թե՛ մոտ անցյալում: Բայց մենք հաստատակամ ենք, որ մեր երկիրը չպետք է մշտապես խրված մնա անցումային փուլում: Օրինակ վերցնելով ԱՄՆ-ի մարդու քաղաքացիական իրավունքների շարժումից` ես վստահ եմ, որ, չնայած առաջիկա մարտահրավերներին` մեր կհաղթանակենք: Որպես Եվրոպական հարեւանության խանդավառ անդամներից մեկը` Հայաստանն ի վերջո կապացուցի, որ իր ժողովրդավարական կառավարումն անշրջելի է»,- մեկնաբանել է ՀՀ նախագահը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն»