Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո առաջին անգամ երեկ՝ հունիսի 20-ին Երեւանում տեղի ունեցավ ընդդիմության առաջին բազմամարդ հանրահավաքը, որին, տարբեր գնահատականներով, մասնակցում էին շուրջ 50 հազար քաղաքացիներ: Այն, ինչպես եւ հայտարարվել էր, կայացավ Մատենադարանին հարող տարածքում: Իսկ Ազատության հրապարակը զբաղեցրել էին ոչ թե փոքրիկ երեւանցիները (այնտեղ հանրահավաք անցկացնելու հայտը մերժվել էր պատճառաբանությամբ, թե պետք է անցկացվեր «Փոքրիկ Երեւանցի» անունով
ինչ-որ միջոցառում), այլ միանգամայն հասուն, երկաթյա վահաններով սաղավարտավոր ոստիկանները: Մինչեւ ժամը 18:00-ն նույն ուժերի միջոցով «անառիկ» պահվող Մատենադարանի տարածքը «բացվեց» փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի եւ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանի ու Դավիթ Շահնազարյանի բանակցություններից հետո: Արդյունքում՝ հանրահավաքը սկսվեց մոտ երկու ժամ ուշացումով, քանի որ իրավապահները երկար ժամանակ թույլ չէին տալիս բերել բարձրախոսները: Մոտ 2,5 ժամ տեւած հանրահավաքի սկզբում մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը: Այնուհետեւ ելույթ ունեցան Համաժողովրդական շարժման մասնակից ուժերի առաջնորդները, իսկ հանրահավաքը եզրափակվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթով: Հաջորդ հանրահավաքը, ըստ կազմակերպիչների, տեղի է ունենալու հուլիսի 4-ին, կրկին Մատենադարանին հարող տարածքում:
Մարտի 1-ի դեպքերից հետո Երեւանի քաղաքապետարանն ընդդիմությանն ընդամենը մի անգամ էր արտոնել հանրահավաք` ապրիլի 19-ին, այն էլ՝ 2 ժամով, որին Լ. Տեր-Պետրոսյանը չէր մասնակցել: Երեկվա հանրահավաքը քաղաքապետարանը թեեւ Մատենադարանում չէր արտոնել, այնուամենայնիվ, կայացավ: Ոստիկանները փակել էին Մատենադարան տանող ճանապարհը եւ հանրահավաքի գնացող մարդկանց թույլ չէին տալիս վեր բարձրանալ: Հավաքված մարդիկ սուլում էին ոստիկանների ուղղությամբ եւ վանկարկում «Ազատ, անկախ Հայաստան», «ազատություն», «Լեւոն, Լեւոն»: Ի վերջո, երկար բանակցություններից հետո Ոստիկանությունը տեղի տվեց. բնականաբար, առանց իշխանությունների հրահանգի ոստիկանները չէին բացի Մատենադարան տանող ճանապարհը: Հավաքված մարդիկ թեեւ բարձրացան Մատենադարանի հարթակ, սակայն հանրահավաքը սկսվեց մոտ երկու ժամ ուշացումով:
Ոստիկաններն այս անգամ թույլ չէին տալիս Մատենադարանի հարթակ բարձրացնել տեխնիկան: Եվ նախատեսված 4 ժամի փոխարեն՝ հանրահավաքը տեւեց մոտ 2,5 ժամ: Լ. Տեր-Պետրոսյանը հարթակին մոտեցավ ժամը 19:00-ի կողմը: Մինչ այդ եկել էին ընդդիմության բոլոր առաջնորդները` Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Դավիթ Շահնազարյանը, Վարդան Խաչատրյանը,Հրաչյա Սարգսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ այլք: Ի թիվս քաղաքական գործիչների` ելույթ ունեցավ նաեւ դերասան Երվանդ Մանարյանը: Մինչ հանրահավաքը կսկսվեր, շենքից դուրս եկավ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, զրուցեց ՀՀ առաջին նախագահի հետ, հետո նրան, Ա. Սարգսյանին, Ս. Դեմիրճյանին ու ընդդիմության մի քանի այլ ներկայացուցիչների ներս հրավիրեց: Լ. Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները Մատենադարանից դուրս եկան մոտ 20 րոպե հետո:
Նշենք, որ երեկվա հանրահավաքի օրը հատկանշական էր նաեւ այն առումով, որ այն տեղի ունեցավ փետրվարի 20-ի հետընտրական առաջին հանրահավաքից ուղիղ 4 ամիս անց: Եվ այն նաեւ որոշակի իմաստով ցույց տվեց` արդյոք մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից ու դրան հետեւած բռնություններից հետո ժողովուրդը վախեցա՞ծ է, թե՞ պատրաստ է կրկին մասնակցել հանրահավաքների: Մարդիկ, սակայն, ամենեւին վախեցած չէին: Երեկվա հանրահավաքի օրն ուներ նաեւ մեկ այլ հետաքրքիր զուգադիպություն: Փետրվարի 20-ին, կեսօրից հետո «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում եվրոպական դիտորդական առաքելության ներկայացուցիչները` Գերտ Արենսը, Ջոն Պրեսկոտը եւ մյուսները, հայտարարեցին, թե «ընտրություններն անցել են հիմնականում երկրի ստանձնած պարտավորություններին համապատասխան»: Երեկ մոտավորապես նույն ժամին տեղեկատվություն հրապարակվեց, թե Ստրասբուրգում «ԵԽ ԽՎ լիագումար նիստում Հայաստանի հարցով արտահերթ քննարկումն արդարացված է»: «Հայաստանի իշխանությունների կողմից 2008թ. փետրվարի ընտրություններին հետեւած բռնություններից հետո Վեհաժողովի պահանջներն իրականացնելուն ուղղված մինչ այժմ արձանագրված առաջընթացը հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի կողմից գնահատվել է անբավարար»,- ասել է ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհի Հոլովատին: Ի՞նչ է նշանակում՝ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների վերաբերմունքի նման փոփոխությունը: «Նշանակում է, թե ինչ-որ չափով օբյեկտիվությունը սկսում է հաղթել, եւ մարդիկ սկսել են հասկանալ, թե իրողությունը որն է: Բացի այդ, եթե մինչեւ ընտրությունները նրանք առանձնապես շփումներ չունեին ընդդիմադիր թեւի հետ, ապա հիմա ունեն եւ սկսել են հասկանալ, թե ովքեր են, ինչ մարդիկ են, ինչ են ուզում: Այս ամենն էական դեր է խաղացել: Բացի այդ, կան ԵԽ ԽՎ բանաձեւի 6 կետից բաղկացած պահանջներ, որոնք Հայաստանի իշխանությունները պետք է բավարարեին: Չեն բավարարել, բա ուրիշ էլ ի՞նչ կերպ պետք է գնահատեին, եթե ոչ՝ անբավարար: Բայց իմ ակնկալիքները ոչ թե ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի, այլ հայ ժողովրդի հետ են կապված: Իհարկե, տվյալ դեպքում նրանց դիրքորոշումն էական է, որովհետեւ մենք Եվրոպական խորհրդի անդամ ենք: Ես դժվարանում եմ ասել, թե Հայաստանի հարցը ինչ զարգացումներ կունենա այդ նստաշրջանում, ամեն դեպքում, անբավարար ձեւակերպումից դժվար թե հեռանա: Իսկ եթե քննարկման արդյունքում Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից, կնշանակի, որ մեր երկրի նկատմամբ կիրառվեց առաջին պատժամիջոցը»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը:
Երեկ հանրահավաքում ելույթ ունեցան ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդները, եւ վերջում մոտ մեկ ժամ ելույթ ունեցավ նաեւ Լ.Տեր-Պետրոսյանը: «Պահանջում ենք անհապաղ քրեական պատասխանատվության ենթարկել Ռոբերտ Քոչարյանին՝ որպես մարդասպանությունների եւ թալանի կազմակերպիչ, անհապաղ կալանավորել եւս երեք հոգու»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը: Այդ երեք հոգու շարքում նա նշեց նախկին ՊՆ նախարար Միքայել Հարությունյանի անունը, որը, ըստ նրա, պատասխանատու է մինչեւ Արտակարգ դրության հայտարարումը ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներն ու տեխնիկան Երեւան մտցնելու համար: Երկրորդ պատասխանատուն, Դ. Շահնազարյանի խոսքերով, ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Սարկիսյանն է, ով, ըստ առկա տեսաերիզների, ղեկավարել է մարտիմեկյան օպերացիան: «Մարտի 1-ը կոծկելու եւ ստախոսության համար պետք է պատասխանատվության ենթարկել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին»,- հայտարարեց Դ.Շահնազարյանը: ՀՀ առաջին նախագահն իր ելույթում ասաց, թե մարտի 1-ի զոհերին պետք է շնորհել Ազգային հերոսի կոչում, քանի որ նրանք նահատակվել են հանուն Հայաստանի ժողովրդավարության ու ազատության: «Իմ առաջարկը վերաբերում է նաեւ զոհված երկու ոստիկաններին, քանի որ նրանք էլ մարտի 1-ի ողբերգությունը կազմակերպած հանցավոր վարչախմբի զոհն են: Իշխանությունները պարտավոր են փոխհատուցում տալ զոհերի ընտանիքներին, ընդ որում, ոչ պակաս, քան 1 մլն դոլար յուրաքանչյուր ընտանիքի: Եվ այդ գումարը ոչ թե պետք է պետական միջոցներից վճարվի, այլեւ ոճրագործության կազմակերպիչ Ռոբերտ Քոչարյանի գրպանից»,- հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը: Վերջինս երեկ իշխանություններին երկխոսության կոնկրետ առաջարկ արեց. Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «եթե իշխանությունները մինչեւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի սկսվելն ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին», ինքը կհորդորի եվրոպացիներին՝ պատժամիջոցներ չկիրառել Հայաստանի նկատմամբ եւ երկխոսության կնստի իշխանությունների հետ: Ի դեպ, նա նշեց, որ ԵԽ ԽՎ 1609 բանաձեւում իրեն հետաքրքրող միակ դրույթը քաղբանտարկյալներին վերաբերող կետն է: