Հանդիպումներ Բրյուսելում

22/06/2008

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հետ: Ըստ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, հանդիպմանը երկուստեք դրական գնահատական է տրվել Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, քննարկվել է ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործման հեռանկարը: Կողմերն անդրադարձել են ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ քաղաքական երկխոսության ձեւաչափերի գործունեությանը, տարբեր ոլորտներում երկկողմ ծրագրերի իրականացմանը: Նույն օրն Է. Նալբանդյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերի հետ: Նշելով ՀՀ-ի եւ Բելգիայի խորհրդարանների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը, Է. Նալբանդյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման գործում: Նույն օրը` հունիսի 18-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարարը բարձր է գնահատել մայիսի 28-ին 26+1 (ՆԱՏՕ-Հայաստան) ձեւաչափով կայացած Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստի արդյունքները, նշելով, որ ՀՀ-ն կարեւորում է այդ ձեւաչափով շարունակական խորհրդատվությունների անցկացումը: Յ. դե Հոոպ Սխեֆերն էլ դրական է գնահատել Կոսովոյում հայ խաղաղապահների թիվը կրկնապատկելու մասին Հայաստանի խորհրդարանի որոշումը: Էդուարդ Նալբանդյանը եռօրյա աշխատանքային այցով Բրյուսել էր մեկնել հունիսի 17-ին: