Պայմանավորվելու ժամանակը

22/06/2008 Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Հունիսի վերջին Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ Մոսկվայում կայանալիք հանդիպման նկատմամբ հայաստանյան մամուլը եւ քաղաքական շրջանակներն առանձնակի ուշադրություն են ցուցաբերում։ Առիթ ունեցել ենք նկատելու, որ թերեւս երբեք այս երկու «ռազմավարական գործընկեր» երկրների միջեւ հանդիպումն այս աստիճան դժվար չէր կազմակերպվում եւ մանրակրկիտ չէր նախապատրաստվում: Հայաստանի նորընտիր նախագահի այցը Ռուսաստան, ինչպես հայտնի է, պաշտոնական այցի կարգավիճակ ունի: Մինչդեռ դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ անհիմն չէին մամուլում տեղ գտած այն լուրերը, որ ընդամենը մեկ ամիս առաջ մեծ կասկածի տակ էր անգամ սանկտպետերբուրգյան ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ սամիթի շրջանակում երկու երկրների նորընտիր նախագահների միջեւ կայանալիք հանդիպումը, քանզի դրանում առանձնապես շահագրգռվածություն եւ հետաքրքրություն համառորեն չէր ցուցաբերում ռուսաստանյան կողմը: Ռուսաստանյան իշխանությունների նման տարօրինակ իներտությունն ավանդական դաշնակցի նոր ղեկավարների հետ հարաբերությունների հստակեցման գործում, ամենայն հավանականությամբ, մի շարք խորքային օբյեկտիվ, միեւնույն ժամանակ` անձնավորված սուբյեկտիվ գործոնների հետեւանք էր: Ռուսաստանում, կարծես, համբերատար սպասում էին (ու թերեւս դեռ շարունակում են սպասել), թե երբ հայաստանյան նոր վարչախումբը քիչ թե շատ կկարգավորի իր գործերն «արեւմտյան ուղղությունում», որպեսզի նոր միայն լրջորեն սկսի զբաղվել կովկասյան իր միակ դաշնակցով: Բայցեւ կասկածից վեր է, որ այս ընթացքում Ռուսաստանում ուշադիր հետեւում էին արտաքին եւ ներքաղաքական ճնշման տակ հայտնված հայաստանյան նոր ղեկավարության «արեւմտյան մանյովրներին»` որոշ ժամանակ «աչք փակելով» նույնիսկ կարծես չափից դուրս խորացող հայ-արեւմտյան «ֆլիրտի» դրսեւորումների վրա:

Իսկ Արեւմուտքի հետ «սիրավեպը», իրոք, կարելի է ասել, բավական բուռն էր ընթանում: Սկսվեց նրանից, որ բազմամյա ավանդույթին հակառակ՝ ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար, «սովետական կադրային դիվանագետ», Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Էդուարդ Նալբանդյանն իր նախարարական գործունեությունը սկսեց ոչ թե Մոսկվա այցելությամբ, այլ միանգամից երկու` ոչ պաշտոնական եւ պաշտոնական այցեր կատարելով «հարազատ» Ֆրանսիա: Իսկ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանն այս ընթացքում հայոց «պառլամենտով» 83 կողմ, 0 դեմ ձայներով ոչ միայն կարողացավ անցկացնել ՆԱՏՕ-ի հովհանու ներքո Կոսովոյում «խաղաղապահ առաքելություն» իրականացնող հայկական զորակազմի թվի կրկնապատկման հարցը, այլեւ չբացառեց, որ նույնը կարող է իրականացվել նաեւ Իրաքում: Ընդ որում, նախարարը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ խաղաղապահ առաքելության մանդատը ՄԱԿ-ից ՆԱՏՕ-ին փոխանցելը շատերին (այդ թվում` Ադրբեջանին) ստիպեց դուրս գալ այդ խաղաղապահ ծրագրից, սակայն, ինչպես տեսնում ենք` ոչ Հայաստանին: Եթե սրան հավելենք նաեւ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զորախումբ ունենալու ցանկության մասին ՀՀ բարձրաստիճան զինվորական ղեկավարության կողմից հնչող հայտարարությունները, ինչպես նաեւ՝ վերջերս Երեւանում ՆԱՏՕ-ական սեմինարի անցկացումը, ապա տեսանելի են դառնում վերջին 3 ամսվա ընթացքում ռազմաքաղաքական ասպարեզում ՀՀ նոր վարչախմբի արեւմտյան բարձր տեմպերը: Ինչպես ռուսներն են նման դեպքերում ասում` «ՏՑՏՐՉՈսՌրՖ տՏ տՏսվՏռ տՐՏչՐՈՎՎպ»: Մոսկվայում կարծես «չտեսնելու տվեցին» նաեւ անգլո-ամերիկյան այն «կադրային էքսպանսիան» (այդ մասին արդեն շատ է խոսվել), որն իրականացվեց ՀՀ նոր կառավարությունում եւ նախագահի աշխատակազմում: Տպավորություն կար, որ մեր հյուսիսային բարեկամն ըմբռնումով է վերաբերվում Եվրախորհրդի հունիսյան կարեւորագույն նստաշրջանի շեմին ծանրագույն վիճակում հայտնված հայաստանյան նոր ղեկավարության ձեռնարկած՝ Արեւմուտքին սիրաշահող գործողություններին: Հայաստանյան հետընտրական գործընթացներին ընդգծված կերպով չմիջամտելու ռուսաստանյան գործելաոճը, բնականաբար, նաեւ միտված էր «ֆորպոստային» գործոնով ՀՀ նոր վարչախմբի դիրքերն Արեւմուտքում էլ ավելի չբարդացնելուն` ինչ-որ չափով բացառելով պաշտոնական Երեւանի թիկունքում «Մոսկվայի ականջները» երեւալու մասին վարկածը: Միեւնույն ժամանակ ռուսաստանյան կողմի տարօրինակ իներտությունն անձնական, նաեւ զուտ ռուսաստանյան աշխարհաքաղաքական պրագմատիկ շահեր էր հետապնդում. մեծ ժողովրդականություն չվայելող իշխանական վերնախավին աջակցելու մեջ նորից չմեղադրվելու նպատակ ուներ: Խոշոր, աշխարհաքաղաքական առումով՝ Ռուսաստանի շահերին ոչինչ չի սպառնում: Ամեն դեպքում, ստեղծված իրավիճակում Հայաստանն իր ռազմավարական դաշնակցի «գիրկը» կվերադառնար կա՛մ որպես գոնե ինչ-որ չափով ինքնուրույն իր խնդիրները լուծելուն ունակ գործընկեր, կա՛մ էլ առնվազն նորից որպես Ռուսաստանի պաշտպանության սուր կարիք ունեցող թույլ հովանավորյալ: Այս առումով պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի՝ նախապես հունիսի 14-ին ծրագրված այցը Մոսկվա, ի վերջո, հետաձգվեց մինչեւ հունիսի 23-ը, այսինքն՝ այն տեղի կունենա Եվրախորհրդի հունիսյան նստաշրջանին զուգահեռ, որի ժամանակ փաստացի կհստակեցվի հայաստանյան իշխանական վերնախավի նկատմամբ արեւմտյան կառույցների վերաբերմունքը: Դատելով Ռուսաստանի կողմից Հայաստանի նոր վարչախմբին տրամադրված ազատության բավականին մեծ «լյուֆտից», ինչպես նաեւ՝ ելնելով աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային նոր իրողություններից ու սպասվելիք մարտահրավերներից՝ կարելի է ենթադրել, որ մեդվեդեւապուտինյան վարչախումբն ավելի գերադասելի էր համարում առաջին տարբերակը: Սակայն դժվար թե ՀՀ վերնախավի նախաձեռնած «արեւմտյան կամպանիան» հստակ եւ միանշանակ արդյունքների հանգեցնի: Արեւմուտքը, ամենայն հավանականությամբ, շարունակելու է իրավիճակը (միաժամանակ՝ եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմությանը) «օդում կախված» պահելու իր ներկայիս քաղաքականությունը: Դրա վկայությունն են ԱՄՆ Պետդեպարտամենտի` տարբեր երկրներում ազատության եւ ժողովրդավարության խորացման հարցերին նվիրված 2008թ. զեկույցի Հայաստանին առնչվող մասում եւ, իհարկե, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում տեղ գտած կոշտ գնահատականները եւ դրույթները: Եվ թերեւս տրամաբանական է, որ ինչ-որ պահից սկսած, փաստորեն, այլեւս որեւէ լուրջ հեռանկար չտեսնելով «արեւմտյան ուղղության մեջ»՝ իշխող վարչախումբը նորից հայացքն ուղղեց դեպի Ռուսաստան: Առավել եւս, որ այնտեղից ավելի հաճախակի էին սկսել ակնհայտորեն նյարդային արձագանքներ հնչել (օրինակ, ՌԴ իշխանական վերնախավի կարծիքը սովորաբար հայտնող մամուլում) Արեւմուտքի հետ հարաբերություններում «չափն անցնող» հայաստանյան նոր վարչախմբի հասցեին: Մայիսի վերջին նախ Մոսկվա մեկնեց ՀՀ արտգործնախարարը (իսկ այս օրերին այնտեղ էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը), որտեղ հանդիպեց իր ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ըստ հայաստանյան եւ ռուսաստանյան մամուլի հրապարակումների՝ այցի հիմնական նպատակը ռուսաստանյան կողմից բարձր մակարդակի հանդիպման համար «դաբրո» ստանալն էր: Ու թեպետ արժանահավատ տեղեկություններ կային, որ պաշտոնական Մոսկվան առանձնապես շահագրգռվածություն չէր ցուցաբերում նման հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, այնուհանդերձ, մոսկովյան որոշ կառույցների (օրինակ, ռուսաստանցի մեծահարուստներ Ռուբեն Վարդանյանի եւ Արա Աբրահամյանի) մատուցած լոբբինգային ծառայությունները տվեցին իրենց պտուղները: Եվ արդեն մի քանի օր հետո Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը Սերժ Սարգսյանի հետ «տետ ա տետ» հանդիպման ժամանակ նրան փոխանցեց պաշտոնական այցով Մոսկվա կատարելիք այցելության հրավերը: Գուցե նման հանդիպման անցկացման համար նաեւ պահն էր հասունացել:

ՌԴ-ում մի կողմից արդեն գրեթե ավարտին է հասցվել ՌԴ նոր նախագահի` Դմիտրի Մեդվեդեւի թիմի ձեւավորումը երկրի ներսում, եւ ընդհանուր առմամբ հստակեցված են ներիշխանական հարաբերությունները ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի «իշխանական բուրգի» հետ: Իսկ արտաքին քաղաքական նախապատվությունների որոշ հստակեցումից հետո եկավ նաեւ արտաքին աշխարհի գործընկերների հետ հարաբերություններում հստակեցումներ մտցնելու, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ նոր հարաբերություններ հաստատելու ժամանակը: Խոսքը նաեւ անձնական հարաբերությունների մասին է, ինչին ռուսական քաղաքական մշակույթը միշտ շատ մեծ դեր է հատկացնում: Թերեւս դժվար հերքելի իրողություն է, որ վերջին տասնամյակում հայ-ռուսական սերտ հարաբերությունների հաստատման գործում մեծ նշանակություն են ունեցել (բնականաբար, փոխադարձ ռազմավարական շահերն ինքնին առաջնային են) նաեւ Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ եղած գործնական, անձնական ու նույնիսկ առաջին տիկինների լավ փոխհարաբերությունները: «Նախկին չեկիստի»՝ Վ.Պուտինի մոտ միշտ առանձնակի սուր արտահայտված է եղել «րՉՏռ, փցՋՏռ» զգացողությունը: Դժվար չէ կռահել, թե այս բաժանման մեջ որ կատեգորիային է դասվում Ռ. Քոչարյանը: Այլ խնդիր է, որ այդ հարաբերությունների նշանակության գերագնահատումը Մոսկվայում եւ չարաշահումը Երեւանում, մեղմ ասած, ոչ միշտ են նպաստել նախ՝ հայաստանյան էլիտայի, իսկ այժմ նաեւ՝ հասարակության լայն շերտերի մոտ ՌԴ ղեկավարության հանդեպ եղած վստահության մակարդակի գոնե պահպանմանը: Դրա վկայությունն են վերջին շրջանում «Գելափ» հայտնի սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված հարցումների անակնկալ արդյունքները: Եվ գուցե անհիմն չեն նաեւ պնդումները, որ հայաստանյան վերջին նախագահական գործընթացներում Կրեմլի` 1998 եւ 2003 թվականների ընտրությունների համեմատ բավականին համեստ «ներկայությունը» հայաստանցի եւ ռուսաստանցի վերլուծաբաններից շատերը պայմանավորում էին ՌԴ իշխանական որոշ շրջանակների ձգտումով՝ պահպանել Ռ. Քոչարյանի ազդեցությունը նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Այս միտքը, սակայն, Հայաստանում դրական արձագանք չէր ստանում «իրավահաջորդի» կողմից։ Առանձնապես մարտի 1-ի իրադարձություններից հետո Ռ. Քոչարյանի «դարի» ավարտով, իսկ Ռուսաստանում՝ Վ. Պուտինի առնվազն ժամանակավոր «նահանջից» հետո որոշակի վակուում առաջացավ նաեւ երկու երկրների հարաբերությունների ոլորտում: Այդ վիճակը, բնականաբար, չէր կարող շատ երկար տեւել, եւ, ինչպես արդեն նշեցինք, իր նոր դերին աստիճանաբար ընտելացող «լիբերալ» Դմիտրի Մեդվեդեւը սկսեց ձեւավորել արտաքին աշխարհի հետ հարաբերությունների իր համակարգը: Պատահական չէ, որ ՀՀ նոր նախագահի առաջիկա մոսկովյան պաշտոնական այցն այսօր ավելի շատ դիտարկվում է երկու երկրների ղեկավարների միջեւ ժամանակին համապատասխանող «խաղի նոր կանոնների» շուրջ պայմանավորվելու պրիզմայով: Թե ինչպիսին կլինեն դրանք` կշարունակե՞ն մնալ որպես հովանավորի եւ հովանավորյաի միջեւ խաղի կանոններ, թե՞ դրանք կդառնան իրոք ինքնուրույն քայլերի ընդունակ (բնականաբար, խոսքը ՀՀ ղեկավարությանն է վերաբերում) գործընկերային, կերեւա առաջիկայում: Բայց մի բան ակնհայտ է. այն, որ մեր տարածաշրջանում թե՛ ծայրահեղ ամերիկամետ Վրաստանի եւ թե՛ ռուսամետ Հայաստանի «ֆորպոստային» փորձերն ապացուցում են, որ «վասալային» հարաբերությունները ոչ միայն հեռանկարային չեն տեղի թույլ, հաճախ կասկածելի լեգիտիմություն ու դրսից պաշտպանության կարիք ունեցող իշխանությունների համար, այլեւ մեծ «գլխացավանք» են դառնում հենց հովանավոր գերտերության համար: Հատկանշական է, որ ՀՀ ղեկավարության` «դեպի Ռուսաստան» կատարվող հերթական շրջադարձն Արեւմուտքում եւ մասնավորապես ԱՄՆ-ում աննկատ եւ, առավել եւս, անպատասխան չթողեցին: Հայաստանյան մամուլում նույնիսկ հիմնականում ռուսաստանյան համապատասխան շրջանակներին իրազեկող հետաքրքիր տեղեկատվական արտահոսք իրականացվեց: Հրապարակվեցին ԱՄՆ Արդարադատության նախարարությանը պատկանող որոշ փաստաթղթեր, որոնք նպատակ ունեին ապացուցելու, որ 2006-2007թթ. Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պատվիրել ու իրականացրել է վճարովի լոբբիստական գործունեություն` ի նպաստ սեփական վարկանիշի ձեւավորման ու պրոպագանդման: Էությամբ բավականին փակ, եթե չասենք՝ գաղտնի այս փաստաթղթի հրապարակումը վկայում է, որ Արեւմուտքում սկսում են լուրջ նյարդայնանալ, ու դեռ պարզ չէ, թե առաջիկայում էլ ինչ քայլեր կարող են հետեւել: