Նախօրեին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչին հաստատելու հարցը: Դեռեւս հայտնի չէ, սակայն, քվեարկության օրը: Ինչպես եւ ենթադրվում էր, թեկնածուին հարցեր է ուղղել դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով ժամանակին 2 անգամ արգելափակել էր Ջորջ Բուշի առաջարկած նախկին թեկնածուի` Ռիչարդ Հոգլանդի հաստատումը: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը, «Ազատության» հետ զրույցում «շատ հետաքրքրական» որակելով Սենատում կայացած լսումները, պատմել է, որ Մարի Յովանովիչն իր ելույթում խոսել է 1915թ. իրադարձությունների մասին` «որպես Մեծ եղեռն», ապա անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին: Նա մտահոգություն է հայտնել ՀՀ-ում ժողովրդավարության ներկայիս վիճակի կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի աշխատել ՀՀ-ի հետ` ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: «Շատ ծանր հարցաքննություն տեղի ունեցավ Նյու Ջերսիից սենատոր Բոբ Մենենդեսի կողմից, որ բերելով խոսքերը նախկին Ամերիկայի դեսպանների, որոնք Օսմանյան կայսրության շրջանում` 1915-23թթ., եղել են Թուրքիայում եւ տեսել են ցեղասպանությունը, խնդրեց տիկին Յովանովիչին, որ համեմատի ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի հետ»,- ասել է Էլիզաբեթ Չուլջյանը: «Այս խոսքի ընթացքում հստակ դարձավ, որ նույնանման պատահարները 1915-ին, անշուշտ, ցեղասպանություն են, բայց տիկին Յովանովիչը Բուշի տեսակետների, քաղաքականության պատճառով չկարողացավ ճշգրիտ ձեւով` որպես ցեղասպանություն ներկայացնել: Եվ այդտեղ սենատոր Մենենդեսը Բուշի վարչակարգին մեղադրեց, որ ԱՄՆ դեսպանը հնարավորություն չունի ՀՀ-ում ճշգրիտ ձեւով խոսել ցեղասպանության մասին: Նա նաեւ ասաց, որ այդ կեցվածքը` Թուրքիայի կողմից ցեղասպանության մերժմանը մեղսակից լինելը, պետք է փոխվի»,- պատմել է Հայ դատի գրասենյակի խոսնակը: Նրա վկայությամբ, եղել են նաեւ այլ հարցեր, մասնավորապես` կայցելի՞ արդյոք Մ. Յովանովիչը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ՀՀ-ում դեսպան նշանակվելու դեպքում: «Անշուշտ, ինքը, ինչպես նախկին դեսպանները, որ եղել են ՀՀ-ում, համաձայնեց»,- ասել է Է. Չուլջյանը: Ի դեպ, Մ. Յովանովիչն իր ելույթում, այնուամենայնիվ, օգտագործել է «Մեծ Եղեռն» արտահայտությունը: «ԱՄՆ կառավարությունը եւ, իհարկե, ես ճանաչում եւ սգում ենք մասսայական սպանությունների, էթնիկ զտումների եւ բռնի տեղահանության համար, որն Օսմանյան կայսրության վերջին շրջանում խլեց 1,5 մլն հայերի կյանք: ԱՄՆ-ը ճանաչում է այդ իրադարձությունները՝ որպես 20-րդ դարի ամենամեծ ողբերգություն, «Մեծ եղեռն», ինչպես շատ հայեր անվանում են այն: Դա է պատճառը, որ ամեն ապրիլ ԱՄՆ նախագահը հարգում է զոհերի հիշատակը եւ արտահայտում իր զորակցությունը հայ ժողովրդին»,- ասել է նա` ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հունիսի 19-ին կայացած լսումներում: Ըստ նրա` վարչակազմը հասկանում է, որ շատ ամերիկացիներ հավատում են, որ այդ իրադարձությունները պետք է կոչվեն «ցեղասպանություն»: Բուշի եւ նրան նախորդած նախագահների քաղաքականությունն է այդ տերմինը չօգտագործելը: Նախագահը խրախուսում է Թուրքիայի քաղաքացիներին` հաշվի նստել իրենց անցյալի եւ հաշտվել հայերի հետ: Նա ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Ջ. Բուշը հավատում է, որ զոհերին հարգելու ամենալավ եղանակն անցյալը հիշելն է, եւ դեպի ապագա նայելով` փոխըմբռնում ու համաձայնություն հաստատելը հայերի եւ թուրքերի միջեւ: Դրա բանալին, Մ.Յովանովիչի խոսքերով, ՀՀ-ի մեկուսակցմանը վերջ դնելն է եւ սահմանների բացումը: «ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ մենք պետք է աջակցենք այդ գործին: Դա հեշտ չէ եւ շատ արագ չի իրականանա, բայց որոշ հուսադրող նշաններ կան: Բուշը հավատում է, որ հարաբերությունների նորմալացում հնարավոր է եւ անհրաժեշտ: Արդյունքում կբարելավվի յուրաքանչյուր հայի կյանք: Իմ գործում առաջնահերթություն կլինի տարածաշրջանային հավասարակշռությանը նպաստելը` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ եւ ԼՂ-ի հակամարտության լուծմամբ: Ամեն տարի զինվորներ են զոհվում Ադրբեջանի հետ շփման գծում: Իրավիճակի վատացումն անընդունելի է եւ անհամատեղելի ինչպես՝ տարածաշրջանի, այնպես էլ՝ ԱՄՆ-ի շահերի հետ: Այս ուղղությամբ եւս որոշ առաջընթաց քայլ կա: Հաջողությունը ՀՀ-ին կբերի անվտանգություն եւ տնտեսական մեծ հնարավորություններ: Այս խնդրում եւս իմ ուշադրությունը մեծ է լինելու եւ ոչ միայն՝ կառավարություն-կառավարություն կապի, այլ՝ մարդ-մարդ շփումների տեսանկյունից: Շփումները վստահություն կբերեն, որն առաջին քայլն է հակամարտության լուծման համար»,- նշել է նա: Նրա խոսքերով` ՀՀ-ում կառավարման համակարգի կատարելագործմանն աջակցությունը եւս ԱՄՆ-ի համար կարեւոր նպատակ է: «ՀՀ-ի հետ մեր հարաբերություններն ընդարձակ են ու խորը` թե՛ երկկողմ հարթության վրա, թե՛ մարդկանց միջեւ շփումներում:
ԱՄՆ-ը առաջին պետությունների թվում էր, որ ճանաչեց ՀՀ-ի անկախությունը, եւ առաջինը, որ հիմնադրեց դեսպանություն Երեւանում: Անցած 17 տարիների ընթացքում ԱՄՆ-ը շուրջ 2 միլիարդ դոլարի աջակցություն եւ նյութական օժանդակություն է տրամադրել հայերին: Դեռեւս մարտահրավերներ կան, եւ մենք ակնկալում ենք, որ գործակցությունը կշարունակվի բոլոր ոլորտներում: Եթե հանձնաժողովը հաստատի իմ թեկնածությունը, ես կանեմ ամեն հնարավորը, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունները պաշտպանվեն, երկկողմ կապերն ակտիվանան, Հայաստանի մեկուսացումը վերանա եւ հաստատվի տարածաշրջանային կայունություն»,- ասել է Մ.Յովանովիչը: