IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր կայանալիք Էդիսոն Միրանդայի հետ մարտից առաջ տված ասուլիսում ասել է, որ այս մենամարտն իր համար անչափ մեծ նշանակություն ունի: «Միրանդան ունի շատ մեծ բերան, սակայն, բացի դրանից, նա ոչինչ չունի: Չնայած դրան, մենք հարգում ենք մեր մրցակիցներին»,- ընդգծել է նա: Էդիսոն Միրանդայի նկատմամբ առաջիկա հաղթանակից հետո Ա. Աբրահամը ծրագրում է չեմպիոնական գոտին պահպանելու համար Գերմանիայում անցկացնել եւս մեկ մարտ` Ջովանի Լորենցոյի կամ Ռաուլ Մարկեսի հետ: Այնուհետեւ նա մտադիր է պայքարել WBC եւ WBO վարկածներով չեմպիոնական գոտիների համար: Այդ դեպքում նրա մրցակիցը կլինի նշված գոտիների ներկայիս տիրակալ, ամերիկացի Կելի Պավլիկը: «Վերջինս շատ լավ եւ լուրջ մրցակից է, որը տիրապետում է լավ տեխնիկայի եւ հզոր հարվածների: Դրա համար է, որ մենք հետաքրքրված ենք Կ. Պավլիկի հետ մենամարտով»,- ասել է Ա. Աբրահամը: