Հունիսի 8-14-ը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայում էր: Անցնող ժամանակահատվածում ոչ նա, ոչ էլ նրա մամլո խոսնակը, եւ ոչ էլ մյուս թիմակիցներն այս այցելության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն կամ մանրամասնություն չներկայացրին: Ընդամենը ֆիքսվեց, որ Տեր-Պետրոսյանը մեկնել է Ֆրանսիա, եւ վերջ:
Ճիշտ է, մամուլում թեթեւ ակնարկ եղավ, թե Տեր-Պետրոսյանն, ըստ «որոշ տվյալների», հանդիպում է ունենալու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, սակայն հետագայում այս տեղեկատվությունը ոչ հաստատվեց եւ ոչ էլ հերքվեց:
Այս այցելությունը եւ դրա շուրջ գաղտնիության քողը մի շարք դիտարկումների ու հարցադրումների տեղիք է տալիս:
Այսպես, հայտնի է, որ Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները, իրենց քաղաքական պայքարը ծավալում են հանուն ժողովրդավարության ու ազատության դրոշի ներքո: Նույնքան հայտնի է նաեւ, որ քաղաքական պայքարի ժողովրդավարական ու ազատական սկզբունքները պահանջում են, որ այդ պայքարը լինի հնարավորինս հրապարակային ու թափանցիկ: Մինչդեռ Տեր-Պետրոսյանի՝ Ֆրանսիա կատարած այցելության մասին հասարակությանը (այդ թվում` նրա համակիրներին) տեղեկացվել է միայն այցի փաստի եւ դրա հինգօրյա լինելու մասին: Ստացվում է, որ Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները հետ են կանգնում իրենց իսկ հռչակած սկզբունքներից: Սակայն այս պահին էականը դա չէ:
Նախորդ շաբաթ, թեեւ հրապարակային քննարկումներում Լ. Տեր-Պետրոսյանի Ֆրանսիա կատարած այցելությունն առանցքային չէր, այնուամենայնիվ, այն չշրջանցվեց: Ավելին, տեղեկատվության լիակատար բացակայության պայմաններում այդ այցելության նպատակների վերաբերյալ ներքաղաքական դաշտում չափից ավելի բազմազան գնահատականներ հնչեցին: Օրինակ, կարծիք հնչեց, որ Տեր-Պետրոսյանը մեկնել է Ֆրանսիա, որպեսզի արդեն ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների Երեւան կատարելիք այցին ու ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի բացմանն ընդառաջ ճնշում բանեցնի եվրոպական կառույցների վրա: Մեկ այլ գնահատականով, Լ. Տեր-Պետրոսյանը ընդդիմության հունիսի 20-ին նախատեսված հանրահավաքին ընդառաջ ցանկացել է ստանալ Արեւմուտքի աջակցությունը: Նույնիսկ կարծիք հնչեց, որ Տեր-Պետրոսյանը մեկնել է Փարիզ` Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող իր համախոհներին՝ մասնավորապես՝ Խաչատուր Սուքիասյանին ու նաեւ Վանո Սիրադեղյանին հանդիպելու եւ իրենց հետագա անելիքները քննարկելու նպատակով: Կար նաեւ մեկ այլ գնահատական, ըստ որի՝ Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայում պետք է իր հետագա քաղաքական գործունեությունը շարունակելու համար ռեսուրսներ, հատկապես՝ ֆինանսական միջոցներ հայթայթեր:
Հասկանալի է, որ այս այցելության նպատակների վերաբերյալ վերը նշված եւ մյուս այլ գնահատականները չեն կարող ոչ հաստատվել, ոչ հերքվել, քանի որ այցելության նախաձեռնողն՝ ինքը, կարծես թե, չի ուզում նույնիսկ իր համակիրներին հաղորդակից դարձնել դրանց: Նրանք կարծես թե բավարարվում են սոսկ հավանական կամ անհավանական լուրեր տարածելով: Անշուշտ, այս գործելաոճն ինչ-որ տրամաբանության մեջ տեղավորվում է, ու դա հասկանալու համար ստիպված ենք փոքր-ինչ հետ գնալ:
Թեեւ հայաստանյան մամուլն ու փորձագիտական շրջանակները չեն անդրադառնում այդ փաստին, սակայն ակնհայտ է, որ նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում տեղ գտած բուռն զարգացումներում պակաս նշանակություն չունեցավ նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի՝ Մոսկվա կատարած այցն ու այն ժամանակ դեռեւս Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ իբրեւ տեղի ունեցած հանդիպումը: Մինչ օրս այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ նպատակով էր այն ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը մեկնել Մոսկվա, եւ ինչ կապ ուներ այդ այցը Դ. Մեդվեդեւի հետ: Սակայն այս խորհրդավոր այցելությունն ընդդիմությունը բազմաթիվ շշուկների տարածման հիմք դարձրեց: Եթե դրանք բանաձեւի բերենք, ապա կստացվի մոտավորապես այսպես. «Տեր-Պետրոսյանը Մոսկվայից երաշխիք է ստացել, որ ռուսները Հայաստանի իշխանություններին կարգելեն ուժ կիրառել ցուցարարների դեմ»: Սրան եթե հավելենք Տեր-Պետրոսյանի այն թեզը, թե հեռացող Քոչարյանին ուժ կիրառելը ձեռնտու չէ, ապա կստացվի մի պատկեր, երբ ցուցարարները (անկախ իրենց վարքագծից) մեծամասամբ վստահ են եղել, որ իրենց նկատմամբ ուժ չի կիրառվելու: Թե ինչ եղավ արդյունքում՝ գիտենք բոլորս: Բայց քչերն են կարողանում ձեւակերպել տեղի ունեցածում Տեր-Պետրոսյանի պատասխանատվության չափը (ի վերջո, «ուժ չկիրառելու երաշխիքները» միայն շշուկներ էին):
Բացառված չէ, որ այս դեպքում նույնպես գործ ունենք տակտիկական նման մի քայլի հետ, եւ կասկած չկա, որ առաջիկայում այս այցելության վերաբերյալ եւս որոշ շշուկներ կտարածվեն:
Բնականաբար, այսպիսով ընդդիմությունը կարեւորում է ոչ թե իրականությունը թափանցիկ կերպով հասարակությանը ներկայացնելը, որքան՝ շշուկների միջոցով հասարակության մոտ իրենց հարմար իրականության պատրանք ստեղծելն ու այդ ոգեւորության ալիքի վրա քաղաքական խնդիրներ լուծելը: Սրա առավելությունն ակնհայտ է. հետագայում կարելի է պատասխանատվությունից խուսափել:
Հավելենք միայն, որ ՀՀՇ-ամերձ շրջանակներում Լ. Տեր-Պետրոսյանի այցի վերաբերյալ բերանից բերան շշուկով տարածվում է այլ ուշագրավ մի տեղեկատվություն եւս, որի համաձայն՝ առաջին նախագահը Փարիզ էր մեկնել ընդամենը քաղաքական պայքարը շարունակելու համար փող հայթայթելու: Ըստ նույն շշուկների՝ հունիսի 20-ի միտինգի եւ դրանից հետո ծրագրավորված գործողությունների համար զգալի գումար է անհրաժեշտ: Ավելին, ասում են նաեւ, որ Փարիզում նա հանդիպել է Եսայի Ստեփանյանին: Վերջինս, եթե հիշում եք, Տեր-Պետրոսյանի օրոք արտաքին տնտեսական հարաբերությունների նախարարն էր: Տխրահռչակ Եսայի Ստեփանյանն առավել հայտնի մնաց պատմության մեջ` որպես ազգային մշակութային արժեքների ապօրինի արտահանող, որոնցից ամենախոշորն, ի դեպ, Հակոբ Կոջոյանի գեղանկարների հավաքածուն էր: Ըստ այդ նույն տարածված շշուկների` Ե. Ստեփանյանը եվրոպաներում գտնվող քաղաքական մի խումբ նախկին գործիչների անունից Տեր-Պետրոսյանին ակնարկել է, որ առանձնապես իրենց վրա հույս չդնեն:
Թե ինչո՞ւ են Տեր-Պետրոսյանի այցերի մասին լուրերն այսկերպ` շշուկների միջոցով հասցվում հանրությանը եւ իր համախոհներին` անհասկանալի է: Եթե դրանք իսկապես այդքան կարեւոր եւ որոշիչ են, ինչպես իրենք են շշուկների տեսքով մատուցում-շրջանառության մեջ դնում, ուրեմն կարելի էր փաստերով եւ հանգամանալից ներկայացնել: Առավելեւս, եթե նրանք իրենց ելույթներում խոսում են քաղաքական պայքարի` հնարավորինս հրապարակային ու թափանցիկ լինելու անհրաժեշտության եւ կարեւորության մասին: Բայց, փաստորեն, նրանց համար առավել քան կարեւոր է հավանական եւ անհավանական լուրերի առկայությունը` զուտ որպես տեխնոլոգիա` խորհրդավորություն ստեղծելու համար, քան բուն իրականությունը: