Մեր նորանշանակ կառավարությունը ձեռքից եկածն անում է, որ մամուլը չկարողանա պահել նրան 100 օր չքննադատելու ավանդույթը: Կառավարությունն ինքնաբուխ զբոսանք-շրջագայության է ելել երկրով մեկ: Նույնիսկ խոստանում է կառավարության նիստերն արտագնա անցկացնել: Գյումրեցիներին արդեն խոստացել են Գյումրին տարածաշրջանի սպորտային կենտրոն դարձնել: Դիլիջանցիներին ավելի օրիգինալ խոստում է տրված` այն դառնալու է տարածաշրջանի ֆինանսական կենտրոն: Ղափանցիներին երեւի կխոստանան, որ այսուհետ արեւը դուրս է գալու արեւելքից ու մայր է մտնելու արեւմուտքում, ինչի շնորհիվ Ղափանը դառնալու է տարածաշրջանի ամենավառ արեւածագի ու ամենապայծառ մայրամուտի կենտրոնը: Երկրաշարժից 20 տարի անց դեռ չվերականգնված Գյումրին, որ մեկ զույգ, երկու կենտ մարզադահլիճ ունի, տարածաշրջանային կենտրոնի վերածելու ծրագիրն, իհարկե, հուզիչ է: Ափսոս պարզ չէ` ինչի կամ ում հաշվին է դա արվելու: (Սպորտային կառույցներ ֆինանսավորվում են բացառապես Երեւանում ու Ծաղկաձորում):
Հայ մարզիկների վերջին տարիների հաջողությունները մեր իշխանությունները, կարծես, իրենց են վերագրում: Նրանք չեն էլ վերլուծում, որ թույլ տնտեսություն ունեցող երկրներում զարգանում են անհատական եւ ֆինանսական մեծ միջոցներ չպահանջող սպորտաձեւերը: Ինչպես, օրինակ, շախմատն ու ծանրամարտը: Մնացած ամեն ինչ` սպորտից մինչեւ գիտություն, զարգանում է տնտեսական զարգացումներին համարյա զուգընթաց: Երկնիշ տնտեսական աճի մասին խոսողների մոտ այլեւս չկա նախկին էնտուզիազմը: Մեր տնտեսությունը շատ ինքնատիպ է զարգանում: Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ ՀՀ-ն համաշխարհային առեւտրի խթանման գծով առաջինն է ԱՊՀ երկրներից: «Իրականացվող տնտեսական քաղաքականությունը բավականաչափ խթանում է օտարերկրյա արտադրանքի ներհոսքը երկիր»,- այսպես էլ արձանագրել են հետազոտությունները: Նման եզրակացության բարդ չէ հանգելը: Վիճծառայության տվյալներով՝ այս տարի արտահանվել է մոտ 337 մլն դոլարի ապրանք: Փոխարենը ներմուծվել է 1 մլրդ 194 մլն դոլարի չափով: Անցած տարվա համեմատ արտահանումներն աճել են 4,4 տոկոսով: Մինչդեռ ներմուծումների ծավալն ավելացել է 37,2 տոկոսով: Այսինքն` տնտեսության այս ոլորտում վերջին տարիներին մշտապես արձանագրվող վտանգավոր գործընթացները շարունակում են խորանալ: Երբ ամփոփվեց 2007 թ. տնտեսական տարին՝ փորձագետների մեծ մասը շոկի մեջ էին: Արտահանում-ներմուծում հարաբերությունն առաջին անգամ հատեց 3 անգամից ավելիի ցուցանիշը: Անցած տարի մեր երկրից արտահանվել է մոտ 992 մլն դոլարի արտադրանք, ներմուծվել` 3 մլրդ 118 մլն դոլարի: (Այս թվերում ներկայացված չեն ադամանդագործության ցուցանիշները): Այսինքն` մենք երկրից դուրս ենք ուղարկել 3 անգամից ավելի տարադրամ, քան աշխատել ենք: Մեր տնտեսության մրցունակության մասին բոլոր պատկերացումները պատրանք են: Օրինական եւ ապօրինի հարկային վարչարարությունը չի խթանում տնտեսական զարգացումները: Ավելացած արժեքի 20 տոկոսանոց դրույքաչափով, հակասական հարկային օրենսդրությամբ ու հարկահանություն հիշեցնող վարչարարությամբ Հայաստանն արտասահմանցի ներդրողի համար հրապուրիչ չէ: Անցած տարիներին պաշտոնապես երկնիշ տնտեսական աճի կողքին ներկայացվող տնտեսության իրական հատվածի զարգացման ցուցանիշները շատ համեստ էին: Սակայն այդ ամենը կառավարությունը պատշաճ ուշադրության չարժանացրեց: Հավանաբար, կառավարությունը ենթադրում է, որ տնտեսությունն էլ սպորտի նման ինքնաբուխ կզարգանա: Արտահանում-ներմուծում համադրության բացասական հաշվեկշիռը միակ թերությունը չէ: Պատկերը շատ ավելի մռայլ է դառնում, երբ ուսումնասիրում ես, թե ինչ է ներմուծվում Հայաստան: Հիմնականն այնտեղ սննդամթերքն է, էներգակիրները, շինանյութն ու լայն սպառման ապրանքները: Նոր արտադրական հոսքագծերի, տեխնոլոգիաների մասին տվյալներ փնտրելն ավելորդ է: Արտահանման մասնաբաժնում էլ տվյալներ չկան Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքի` աշխատուժի մասին: Մինչդեռ հենց արտագնա աշխատուժն է երկիր բերում տարադրամի այն մասնաբաժինը, որ հետո արտահանվում է ձեթ-կարագի ու կենցաղային սարքերի ներմուծման դիմաց:
Նորանշանակ կառավարության առաջին քայլերից ու հրապարակված մտադրություններից կարելի է եզրակացնել, որ չկա նախկին էնտուզիազմը: Նրանք մտադիր չեն մշակելու տնտեսության իրական հատվածը զարգացնելու պլաններ: Փոխարենը խոստումներ են տալու, որ 2015թ. մոտերքում Հայաստանի յուրաքանչյուր բնակավայր ու անկյուն դառնալու է տարածաշրջանային մասշտաբի եսիմինչ կենտրոն: