Օմբուդսմենի նամակը վարչապետին

22/06/2008

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ է գրել, թե 2006-2008թթ. ընթացքում ՀՀ կառավարությանն է ներկայացրել 5 հարցեր, որոնք առնչվում են բազմաթիվ քաղաքացիների իրավունքների հետ եւ, թեեւ ունեն հրատապ լուծման կարիք, սակայն արդեն տեւական ժամանակ լուծում չեն ստանում:

Պաշտպանը վարչապետին առաջարկել է հանձնարարել՝ հնարավորինս սեղմ ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ եւ արդյունքների մասին տեղեկացնել իրեն: Ա.Հարությունյանի նամակի մեջ կան բազմաթիվ հարցեր, որոնք անցած երկու-երեք տարիներին ունեցել են հասարակական հնչեղություն: «2006թ. ՀՀ վարչապետին հասցեագրած թիվ 2-0240 գրությամբ ուշադրություն եմ հրավիրել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման ոլորտում առաջացած եւ հրատապ լուծում պահանջող որոշ խնդիրների վրա, որոնք լուրջ խոչընդոտներ են ստեղծում քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքների իրականացման գործընթացում: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով: Բացի այդ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` տեղեկատվության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան, սակայն մինչ օրս Կառավարության կողմից լիազորված մարմին չի ճանաչվել»,- նամակում գրել է օմբուդսմեն Ա.Հարությունյանը: Սակայն ՄԻՊ գրասենյակը ՀՀ Արդարադատության նախարարությունից ստացել է գրություն, թե նախկինում մշակված եւ շրջանառության մեջ դրված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հավանության չարժանանալու պատճառով ՀՀ կառավարության առաջարկով հետ է վերցվել: «Փաստորեն 2003թ. նոյեմբերի 15-ից, այսինքն` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ օրս կառավարության որոշմամբ նման կարգ չի սահմանվել, որի արդյունքում որոշ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ հրաժարվում են ըստ պահանջի տեղեկատվություն տրամադրել»,- շարունակում է Ա.Հարությունյանը: 2006թ. օմբուդսմենին են դիմել բազմաթիվ կենսաթոշակառուներ, ովքեր տարբեր պատճառներով «ՎՏԲ Հայաստան» բանկից սահմանված 12 (15) օրվա ընթացքում չեն կարողանում ստանալ իրենց կենսաթոշակը: Իսկ այդ ժամկետից հետո կենսաթոշակը տվյալ ամսվա ընթացքում այլեւս չի վճարվում` գումարը ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (ներկայումս` ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական ծառայություն) վերադարձված լինելու պատճառաբանությամբ: Ա. Հարությունյանը նաեւ անթույլատրելի է համարել որոշ կարգի թոշակառուներին մասնակի կենսաթոշակ չտրամադրելու ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խտրական վերաբերմունքը: Մարդու իրավունքների պաշտպանին շարունակում են ուղղվել «Հաuարակության եւ պետության կարիքների համար uեփականության oտարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում գույքային իրավունքներ ունեցող անձանց դիմում-բողոքները՝ տասնյակ տարիներ օգտագործվող շենք-շինությունների չօրինականացման վերաբերյալ:

«Վերջին տարիներին ՀՀ կառավարության հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանը բավականաչափ աշխատանքներ է կատարել առկա խնդիրները կարգավորելու ուղղությամբ, մինչեւ տարածքներն իրացնելը ճանաչվել են Կոնդ եւ Կոզեռն թաղամասերի, ինչպես նաեւ աշխատանքներ են տարվում 33-րդ թաղամասի բնակիչների գույքային իրավունքները ճանաչման ուղղությամբ: Սակայն հարկ է նշել, որ հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման ենթակա տարածքներում, անհատական բնակելի տներից բացի, առկա են նաեւ բազմաբնակարան շենքեր, որոնց բնակիչները բնակարանային պայմանները բարելավելու նպատակով տարիների ընթացքում բնակարաններին կից նույնպես ինքնակամ կառուցել են պատշգամբներ, խոհանոցներ եւ այլ շինություններ: Այդ կապակցությամբ 2008թ. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյանին առաջարկել եմ քննարկել հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման ենթակա տարածքներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներին նույն հնարավորությունն ընձեռելու հարցը, հակառակ դեպքում դա կարող է դիտվել որպես խտրական մոտեցում՝ միանման կարգավիճակում գտնվող բնակիչների միջեւ»,- գրել է Ա.Հարությունյանը եւ Տ. Սարգսյանին խնդրել է կարճ ժամանակում այս խնդիրները լուծելու միջոցներ ձեռնարկել: