Նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի եւ Մեսրոպ Մովսեսյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Համաձայն դատարանի որոշման` ՀՀ կառավարությունը պարտավոր է «Մելտեքս» ՍՊԸ-ին վճարել 30 հազար եվրո, որից 10000-ը պետք է փոխանցվի անգլիացի փաստաբաններին:
Որոշման ընդունումից հետո հայաստանյան մամուլում տեղ գտած այն հրապարակումների հետ, թե Հայաստանին հաղթել են, համաձայն չէ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանը: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարեց, որ երբեք Եվրոպական դատարանի որոշմանը չի կարելի վերաբերվել հաղթանակի կամ պարտության տեսանկյունից, քանի որ «ցանկացած վճիռ եւ որոշում նպատակ ունեն ուղղորդել Հայաստանի Հանրապետությանը` օրենսդրությունը կազմակերպել ոչ միայն այնպես, որ այն համահունչ լինի եվրոպական չափանիշներին, այլեւ օրենսդրության կիրառման արդյունքում իրավակիրառական պրակտիկան եւս համահունչ լինի դրան»: Գ. Կոստանյանը գտնում է, որ այս վճռով ՀՀ-ն ավելի շատ հաղթել է, քան պարտվել: «Պատահական չէ, որ «Մելտեքսի» փաստաբանները չեն խոսում Եվրոպական դատարանի 2008թ. մայիսի 27-ի որոշման մասին, որով մերժվել էր «Մելտեքսի» հայցը, որը դեռեւս 2002-ից գտնվում էր Եվրոպական դատարանում` քննության փուլում: Եվ միայն 2004թ. Մեսրոպ Մովսեսյանն ու «Մելտեքս» ՍՊԸ-ն ներկայացնում են երկրորդ հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որում արդեն վիճարկում են թվով վեց մրցույթներին իրենց չլիցենզավորելու հանգամանքը: Հայցվորները ներկայացրել էին 3 պահանջ, եւ կոնվենցիայի 3 հոդվածների վերաբերյալ խախտումների իրենց պնդումները, որոնցից երկուսի մասով Եվրոպական դատարանը կայացրել է անընդունելիության վճիռ, եւ միայն մեկ հայցի մասով է ճանաչել ընդունելիության վճիռ ու ճանաչել խախտման փաստ: Եվրոպական դատարանը քննության է առել բացառապես խոսքի ազատության իրավունքի խախտումը, որը ճանաչվել է` բացառապես հաշվի առնելով, որ ՀՌԱՀ-ը մերժելով լիցենզիայի տրամադրումը` հստակ չի նշել մերժման պատճառները: Որոշումն այսուհետ կուղղորդի ՀՌԱՀ-ին՝ իրենց որոշումները մանրամասն պատճառաբանել»,- ասաց նա` նշելով, որ երկրորդ հայցով հայցվորներն էին Մեսրոպ Մովսեսյանն ու «Մելտեքս» ՍՊԸ-ն, սակայն կառավարության առարկությունների հիման վրա Եվրոպական դատարանը Մեսրոպ Մովսեսյանին որպես պատշաճ հայցվոր հանեց գործի քննությունից ու նրան չդիտեց իբրեւ տուժող: «Հաստատվեց այն փաստը, որ ՀՌԱՀ-ի կողմից կայացված որոշման, այնուհետեւ համապատասխան դատարանի որոշմանը` Մեսրոպ Մովսեսյանի որեւէ իրավունք չի խախտվել»: Նրա խոսքով` 2002թ.-ից մինչ օրս «Մելտեքսի» կողմից հնչեցրած այն մոտեցումները, թե լիցենզիայի մերժումը եղել է քաղաքական նկատառումներով, եվրոպական դատավարության արդյունքում չի հաստատվել: Գ. Կոստանյանը նշեց, որ «Մելտեքս» ՍՊԸ-ն ներկայացրել էր նյութական պահանջներ կառավարության դեմ, ոչ նյութական պահանջներ եւ փաստաբանական ծախսեր: «Նյութական պահանջները կազմում էին մեկ միլիոն 350 հազար դոլար, ոչ նյութականը` 50.000 դոլար: Նյութական պահանջներն ամբողջությամբ մերժեց, ոչ նյութականից բավարարեց միայն 20.000 եվրոյի չափով, իսկ փաստաբանական ծախսերից ամբողջությամբ մերժվեց ներպետական փաստաբաններին տրամադրվելիք ծախսը, եւ միայն բավարարեց լոնդոնյան փաստաբաններին տրամադրվելիք գումարը, որը պետք է անմիջապես փոխանցվի նրանց բանկային հաշվին»,- ասաց նա` նշելով, որ Եվրոպական դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երեք ամիս անց: Ուժի մեջ մտնելու պահից հետո 3 ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը պարտավոր է ոչ միայն կատարել վճարումը, այլեւ պաշտոնապես թարգմանել հայերեն ու հրապարակել պաշտոնական վճիռը: Գ. Կոստանյանը հավաստիացրեց, որ ցանկացած վճռի կապակցությամբ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը քննարկման առարկա էր հանդիսանալու: «Այս վճռի ուսումնասիրության արդյունքում կպարզվի, թե կոնկրետ որ գործողությունն է առաջացրել խախտում, եւ միայն այն դեպքում, երբ հաստատվեց պաշտոնատար անձի մեղքը, իսկ այն կարող է միայն հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ շրջանակներում միայն կարող ենք խոսել պաշտոնատար անձի պատասխանատվության մասին»,- ասաց նա:
Հ.Գ. Երեկ Երեւանի Մամուլի ակումբը հայտարարություն է տարածել«Ա1+»-ի գործով Եվրոպական դատարանի վճռի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. «2002 թվականից բազմաթիվ մրցույթների մասնակցած «Մելտեքս» ՍՊԸ-ին («Ա1+» հեռուստաընկերությանը) հեռարձակման լիցենզիա չտալն, այսպիսով, համարվել է Հայաստանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտում: Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում հանրապետության իրավասու մարմիններին՝ չսահմանափակվել Եվրոպական դատարանի որոշմամբ նախատեսված դրամական փոխհատուցումը վճարելով, այլ ՀՀ օրենսդրությանը համապատասխան անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել հեռուստաընկերությանն անհապաղ եթեր վերադառնալու հնարավորություն ընձեռելու համար: Միայն ՀՀ իշխանությունների կողմից «Ա1+»-ի նկատմամբ թույլ տված անարդարությունն ընդունելն ու այն վերացնելու գործնական քայլերը կարող են վկայել ժողովրդավարական արժեքների եւ միջազգային իրավական նորմերի նկատմամբ մեր պետության հարգանքի մասին»: Եվրոպական դատարանի որոշումն ակնհայտորեն ապացուցեց հեռարձակմանն առնչվող ՀՀ օրենսդրության անհամապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Մամուլի ակումբը կոչ է անում ՀՀ ԱԺ-ին` անհապաղ սկսել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների ու նորմատիվ ակտերի բարեփոխումները։ «Հուսով ենք, որ «Ա1+»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը սթափեցնող ազդեցություն կունենա ՀՀ իշխանությունների վրա, կօգնի նրանց հասկանալու, որ հնարավոր չէ ապրել քաղաքակիրթ ընկերակցության մեջ եւ արհամարհել նրա նորմերը՝ սպառնալիքի տակ դնելով երկրի ու նրա ժողովրդի միջազգային վարկը»,- ասված է հայտարարության մեջ: