Լսումներ մեր մասին

22/06/2008

Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում մեկնարկել են Կովկասի տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը նվիրված լսումներ: Ինչպես մինչեւ լսումների սկսվելը «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը, դրանց ընթացքում կոնգրեսականները պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդին պետք է ուղղեն Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմանը, Հայաստանը տարածաշրջանային տնտեսական ծրագրերից մեկուսացնելուն, Ադրբեջանում Ղարաբաղի հասցեին արվող սպառնալի հայտարարություններին վերաբերող հարցեր: Կարծարծվեն նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանին օգնություն հատկացնելու թեմաները: «Ի՞նչ քայլեր է անում վարչակազմը Հայաստանի շրջափակումը դադարեցնելու, Կովկասի տարածաշրջանի ինտեգրմանը նպաստելու ուղղությամբ` այս հարցն է լսումների օրակարգում»,- ասել է Էլիզաբեթ Չուլջյանը՝ ավելացնելով, որ լսումների ընթացքում կարող է անդրադարձ լինել նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումներին: Հիշեցնենք, որ Դենիել Ֆրիդը մարտի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ողջունել էր Երեւանում արտակարգ դրության վերացումը, սակայն հավելել էր, որ դեռ կան լուծում պահանջող խնդիրներ: Նա ասել էր, որ Հայաստանը պարտավոր է վերադառնալ ժողովրդավարության ճանապարհ: «Մի բան է՝ բռնությունների համար ձերբակալությունը: Բայց մարդիկ, ովքեր ձերբակալվել են առավել կասկածելի շարժառիթներով, պետք է ազատ արձակվեն: Հարկ է կայունացնել իրավիճակը, հարկ է երկխոսություն սկսել ընդդիմության հետ»,- ասել էր Դենիել Ֆրիդը: Ի դեպ, այսօր Ամերիկյան Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչին հաստատելու հարցը: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Յովանովիչի թեկնածությունը նախագահ Ջորջ Բուշը առաջարկել է այս տարվա մարտի 28-ին: Հիշեցնենք, որ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը երկու անգամ արգելափակել է վարչակազմի առաջարկած նախկին թեկնածու Ռիչարդ Հոգլանդի հաստատումը` Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա մերժողական դիրքորոշման համար, ինչից հետո Բուշի վարչակազմը հետ էր կանչել Հոգլանդի թեկնածությունը: