Մարինա Հակոբյանն ընդամենը 30 տարեկան է, բայց մազերն արդեն տեղ-տեղ ճերմակել են, մաշկը՝ կնճռոտել: Հայացքի տառապանքի` մի 100 տարի ապրածի հոգնությունը նրան արհեստականորեն ծերացրել է: Զարմացած հարցնում եմ` «Իսկապես 30 տարեկա՞ն եք»: Շփոթմունքից ու վիրավորանքից երեսն առնում է ափերի մեջ ու սկսում է լաց լինել: Մարինայի ապրած վերջին տարիներն այնքան ծանր են ապրվել, որ այս երիտասարդ կնոջ մարմինը կյանքից առաջ է ընկել: Միայնակ մայր է, երկու երեխա է մեծացնում: Մարինան իր երկու երեխաների հետ ապրում է մի աներեւակայելի խրճիթ-տնակում, որտեղ պարբերաբար վիշապանման օձեր են հայտնվում, բայց, բարեբախտաբար, չեն վնասում: Ֆանարջյան 76 կոչվող հասցեն գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի գերեզմանատան շարունակության վրա: Մարինայենց տնակ հասնելու ճանապարհը ճնշող, վախեցնող է: Այդ ճանապարհով անցնելիս չես կարող մահվան մասին չմտածել: Գերեզմանաքարերի սահմանագիծը հատելուն պես կարելի է գտնել մի քանի ընտանիքների, որոնք անկախ իրենց կամքից՝ ապրում են հանգուցյալների համար հատկացված տարածքին կից հատվածում: Այս տարածքում արտասովոր մթնոլորտ է, որովհետեւ գերեզմանատան քար լռությունը տարածվում է ողջերի կացարաններում: Ողջերն ու մեռածներն ապրում են առանց իրար ատելու, բայցեւ՝ առանց իրար սիրելու: Մարինան արդեն 10 տարի ապրում է փոքրիկ վագոն-տնակում: Մասնագիտությամբ բժիշկ-կարդիոլոգ այս կինն իսկապես կյանքի անակնկալ դժբախտությունների պատճառով հայտնվել է անդունդում: Ամուսնացել է մի մարդու հետ, որի մասին հիշողությունները միայն ծեծուջարդն են: «Էնքան էր խփում գլխիս, որ… Հարբեցող ա, ոչ գալիս-հետաքրքրվում ա, ոչ էլգ»,- ասում է նա` վստահեցնելով, որ գլխի հարվածների պատճառով աչքերի տեսողությունը փրկելն այլեւս անհնար է դարձել: Մարինան խոսում է շատ դանդաղ, շփոթված, մտքերն անկայուն են, իսկ հայացքը՝ սառած: Երկու երեխաներն էլ առողջական, նյարդային համակարգի խնդիրներ ունեն: Աղջիկը` 6-ամյա Ադրինան, չի կարողանում խոսել, միայն վերջերս է մի քանի բառ արտաբերելու ընդունակություն ձեռք բերել: Բացի այդ, սրտի արատով հիվանդ է, պարբերաբար նոպաներ է ունենում: Որդին` 7-ամյա Հովսեփն էլ կակազում է ու ամեն անգամ մտքերն արտահայտելու անզորությունից մորը կշտամբում է, ասելով` «Մամա, ասա ինձ, մենք ե՞րբ ենք տուն ունենալու»: Մարինայի համար երեխաների հիվանդությունները զարմանալի չեն, որովհետեւ, ինչպես ինքն է ասում` «Հղի վիճակում, անտեր, անօգնական էի: Էս խոտերով եմ սնվել, պատկերացնո՞ւմ եք, ուտելու բան չկար, ու ես մեր վագոնի տարածքի խոտն էի ուտում: Դե՛, մեկ-մեկ էլ ծեծուջարդ: Ես զույգ հղիություն եմ ունեցել, մի երեխան մահացավ, իսկ մեկին փրկեցին»: Մարինան իր կյանքի պատմությունը պատմելիս լաց է լինում ու անհարմար զգալով` ներողությունների տարափ է տեղում: Հանգստացնում եմ` «Ոչինչ, մի՛ քաշվեք, թեթեւացեք»: Ասում է` «Ախր, ես ուժեղ մարդ եմ, բայց էս կյանքն ինձ ծերացրեց: Իմ ծնողներին իմ աչքի առաջ սպանեցին: Մենք Հունաստանում էինք ապրում, հայրս լրագրող Արայիկ Հակոբյանն էր: Հայերի գենոֆոնդի մասին էր գրում, էն տարիներին անթույլատրելի էր: Փոքր էի, աչքիս առաջ հորս, մորս սպանեցին: Ինձ որդեգրեցին, ու խորթ ծնողներս միշտ ասում էին` դու ծանր մանկություն ես ունեցել, բայց կամուսնանաս ու երջանիկ կլինես: Ամուսնացա, ու կյանքս լրիվ դժոխք դարձավ»: Մարինայենց վագոն-տնակում ջուր եւ կոմունալ պայմաններ գոյություն չունեն: Բնական կարիքները հոգում են ցելոֆանների մեջ, այնուհետեւ նետում են աղբանոց: Անգամ ամենավառ երեւակայություն ունենալու պարագայում էլ հնարավոր չէ պատկերացնել, թե այս մարդիկ ինչպես են լողանում, ճաշ պատրաստում, տեղաշարժվում: 2-3քմ տարածքն ամբողջովին լցված է փալասներով, կոտրված մի մահճակալով ու սեղանով: Մարինան որեւէ տարածքում գրանցված չէ, իսկ այս տնակում ապրել նրան ինչ-որ մեկը թույլ է տվել ժամանակավորապես: Սկսած այս ամսվանից՝ այս ընտանիքին անհայտ պատճառներով զրկել են ընտանեկան նպաստից: Մարինան կես դրույքով աշխատում է պոլիկլինիկայում: Չնայած բժշկուհու մասնագիտությանն, այնուամենայնիվ, նա չի խորշում ուրիշների տները մաքրելուց, հավաքարարություն անելուց, եթե պատահի` բուրդ կամ գորգ լվանալուց: Ընդհանրապես նա զարմանալի մայր է, որովհետեւ երեխաների հագուկապն անթերի մաքուր է, ու, եթե աչքովդ չտեսնես, որ նրանք ապրում են այս գարշահոտ տնակում` հաստատ կկարծես, թե միջին կարգի ապրող ընտանիքի երեխաներ են: Մարինայի հարեւանները պատմում են, որ ձմռանը նրանց գոյությունը խիստ վտանգի տակ է: Վառարան են դնում ու փողոցներից հավաքած իրերը վառելով են տաքանում, իսկ երբ վառելիքը վերջանում է` «Գնում ենք սկեսրոջս տուն, որ չցրտահարվենք էս բուդկայի մեջ: Ինձ ծեծում են, սկեսուրս, տալս ահավոր ծեծում են»։ Մարինան վստահեցնում է, որ մշտապես ուզում է փախչել բոլորից ու ամեն կարգի պրոբլեմներից: Փախչելու համար երեխաներն են խանգարում, որովհետեւ Մարինայի կյանքի միակ արժեքն իր երեխաներն են, այլապես կյանքին վերջ կտար: «Սթրեսը` սթրեսի ետեւից, ծեծուջարդն ու հարբեցողությունն՝ իրար ետեւից: Ես էլ չեմ դիմանում»,- ասում է Մարինան: Նա պատմում է, որ իրենց վագոն-տնակ հյուընկալվում են միայն օձերը, որոնց անսպասելի այցելություններին երեխաները վարժվել են: Մարդկանց չեն կարող ընդունել, ամաչում են, չեն ուզում նվաստանալ: Կարծում է` օձերն իմաստուն են եւ` «Երեւի հասկանում են, որ մենք վատ մարդիկ չենք, չեն խայթում-վնասում, թողնում-հեռանում են»: Մարինան հիմնականում սնվում էր «Առաքելություն Հայաստան» կազմակերպության բարեգործական ճաշարանում, սակայն շահառուների թիվը կրճատել են եւ Մարինային արգելել են այնտեղ հաճախել: «Ասեցին, որ ջահել եմ, 30 տարեկան, ինձ չի հասնում էնտեղ սնվել: Հիմնականում ծերեր են»:
Մարինան լավ մարդ ու լավ մայր է: Այն պոլիկլինիկայում, որտեղ նա աշխատում է` մարդիկ չեն էլ պատկերացնում, թե նա ինչ պայմաններում եւ որտեղ է ապրում: Չի սիրում մարդկանց մեջ խղճահարություն առաջացնել, դրա համար էլ հպարտությունը չի կորցնում: Ամեն օր երեխաների հետ ոտքով հասնում է Զեյթուն` նրանց մանկապարտեզ եւ դպրոց հասցնելու համար: Չնայած կենցաղային սոսկալի պայմաններին` նա ամեն ինչ անում է երեխաներին լավ դաստիարակություն տալու համար: Տրանսպորտի գումար չունենալով հանդերձ՝ նա երեխաներին տանում է պարի: Հովսեփն ու Ադրինան ձմռանը դպրոց տանող երկար ճանապարհը հատելիս ամբողջովին ցեխոտվում ու թրջվում են. «Սապոգ էլ չունեին երեխեքը, թե ո՞նց եմ հասցրել ամեն օր չորացնել` Աստված գիտի: Փայտանում էին խեղճ երեխեքս»: