Կենդանիներից փոխանցվող հիվանդություններ

22/06/2008 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Նորություն չէ, որ մարդիկ հաճախ են հիվանդանում այնպիսի հիվանդություններով, որոնցով սովորաբար տառապում են կենդանիները: Սակայն վերջերս նման դեպքերը շատացել են` կենդանիներից մարդուն են փոխանցվում վիրուսներ ու բակտերիաներ, իսկ ավելի հաճախ՝ մակաբույծներ: Այն հիվանդությունները, որոնք մարդուն փոխանցվում են կենդանիներից, կոչվում են զոոանտրոպոնոզներ:

Երկրագնդի վրա գոյություն ունի նման հիվանդությունների մի քանի տասնյակ` տարբեր տեսակի գելմինտոզեր, լեպտոսպիրոզ, տոկսոպլազմոզ, կատաղություն եւ այլն: Մարդիկ զոոանտրոպոնոզներով վարակվում են ընտանի եւ վայրի կենդանիների հետ շփվելուց: Այդ հիվանդություններից մի քանիսն ավելի հաճախ են հանդիպում:

Լեպտոսպիրոզը կաթնասունների, ինչպես նաեւ՝ մարդու սուր հիվանդություն է: Հիվանդությամբ հնարավոր է վարակվել հիվանդ կենդանու մեզի անմիջական շփումից կամ երկար ժամանակ ճահճացած ջրից: Այս հիվանդության հարուցիչը` լեպտոսպիրը, օրգանիզմ է ներխուժում լորձաթաղանթով կամ մաշկի բաց վերքի միջոցով: Դրանք բազմանում են արյան մեջ, լյարդի ու երիկամի էպիթելային հյուսվածքներում` ախտահարելով բոլոր օրգանները, հատկապես՝ լյարդն ու երիկամները: Դրա համար խորհուրդ է տրվում չհետաձգել տնային շների կամ կատուների պատվաստումները, իսկ եթե կենդանին այնուամենայնիվ հիվանդացել է, որքան հնարավոր է՝ շուտ սկսել բուժումը` պահպանելով հիգիենայի կանոնները` հիվանդ կենդանու հետ շփվելիս:

Գելմինտոզը մարդու եւ կենդանիների հիվանդություն է, որն առաջանում է մակաբույծ որդերից` գելմինտներից: Մարդու կողքին գտնվող կենդանիները հիմնականում այդ որդերի կրողն են լինում, որոնցից էլ հեշտությամբ կարող են վարակվել հատկապես երեխաները: Գելմինտոզից խուսափելու համար, անհրաժեշտ է պրոֆիլակտիկ միջոցառումներ ձեռնարկել` հետեւել սեփական հիգիենայի կանոններին, յուրաքանչյուր 3 ամիսը մեկ կատարել պրոցեդուրաներ` մակաբույծներից ազատվելու համար:

Կատաղությունը շատ տարածված հիվանդություն է: Վարակի աղբյուր կարող են հանդիսանալ թե՛ ընտանի, թե՛ վայրի կենդանիները: Կենդանու կծելուց հետո վիրուսն ընկնում է հյուսվածքների մեջ, որտեղից էլ պերիֆերիկ նյարդերով` դեպի կենտրոնական նյարդային համակարգ: Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տեւել 12 օրից մինչեւ 1 տարի, բայց սովորաբար այն տեւում է 4-6 շաբաթ: Գիտությունը դեռեւս ոչինչ չի կարող անել կատաղության բուժման համար: Հիվանդությունը մահացու է: Այդ պատճառով վայրի կենդանիների հետ շփումից խուսափեք, իսկ ձեր սեփական կենդանուն ամեն տարի պետք է պատվաստել կատաղության դեմ:

ՁԻԱՀ-ի վիրուսը մարդուն փոխանցվել է կապիկներից, որոնք բնակվում են Կենտրոնական Աֆրիկայում, իսկ ավելի հստակ`շիմպանզեներից: ՁԻԱՀ-ից աշխարհում մահացել է 24 մլն մարդ:

Ատիպիկ թոքաբորբը եւս մարդուն փոխանցվել է կենդանիներից: Վարակը տարածվել էր մի քանի տասնյակ հազար մարդկանց շրջանում, որոնցից մի քանի հարյուրը մահացել են:

Դենգեի տենդը փոխանցվում է մոծակների միջոցով: 1950-ականներին Դենգեի էպիդեմիա էր բռնկվել Թաիլանդում ու Ֆիլիպիններում, իսկ 1970թ.՝ 9 երկրում: Այսօր Դենգեի տենդի դեպքեր են գրանցվել շուրջ 100 երկրում:

Էբոլի տենդն ու դեղին տենդը եւս կապիկից է անցել մարդուն: Էբոլի հարուցիչը փոխանցվում է կենդանու արյան հետ անմիջական շփումից: Այս հիվանդության դեպքերի 90 տոկոսը մահացու են: Իսկ դեղին տենդը տարածողները մոծակներն են:

Արեւմտանեղոսյան տենդն այս տենդերից ամենավտանգավորն է, որը հիմնականում մահացու է: Այն առաջացել է թռչուններից, բայց տարածողը նորից մոծակներն են: Այս հիվանդությունը հանդիպում է Եվրոպայում, Ասիայում եւ Հյուսիսային Ամերիկայում: Մալարիա հիվանդությամբ ամեն տարի հիվանդանում է մոտ 3 մլն մարդ, որից 1 մլն-ը մահանում է: Այն տարածողը մալարիայի մոծակն է:

Լայմա հիվանդությունը մարդուն է անցել եղջերուներից ու մկներից: Այս հիվանդության ախտանիշերը նման են գրիպին, բայց այն ավելի ծանր է ընթանում, եւ կարող է դրա հետեւանքով առաջանալ արտրիտ: Այս հիվանդությունը կոչվել է Ամերիկայի քաղաքներից մեկի անունով, որտեղ էլ առաջին անգամ գրանցվել էին հիվանդության դեպքեր:

Ծաղիկ հիվանդությամբ մարդը վարակվել է ուղտից: Այս հիվանդությունը մարդկությանը հայտնի էր դեռեւս 3000 տարի առաջ եւ երկար ժամանակ հանդիսանում էր երեխաների մահվան պատճառ: Այս հիվանդությանը զոհ են դարձել շատ հայտնի մարդիկ, օրինակ՝ Պետրոս Մեծը, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդը: Այս հիվանդության վերջին դեպքը գրանցվել է 1977թվին: Կապիկների ծաղիկ հիվանդությունով մարդը վարակվել է դաշտային մկներից, եւ այն ունի թեթեւ ընթացք: Խոլերան տարածվել է առնետների ու այլ կրծողների միջոցով: Էնցեֆալիտի հարուցիչները եւս առաջացել են կրծողներից ու թռչուններից, իսկ տարածվում են մոծակների ու տիզերի միջոցով:

Ի դեպ, չինացիները սկսել են կերակրի մեջ քիչ օգտագործել վայրի կենդանու միս` ատիպիկ թոքաբորբից խուսափելու համար: Գիտնականները մինչ այժմ չեն պարզել, թե հատկապես որ կենդանիներն են այս հիվանդության պատճառը: Շատերը վստահ են, որ դա «Վիվեր» կոչվող վայրի կատվի տեսակն է, որի միսը Չինաստանի հարավում համարում են դելիկատես: Բայց հոնկոնգյան բժիշկների հետազոտությունները ցույց են տվել, որ այդ կենդանին կարող է լինել նաեւ չղջիկը: Ատիպիկ թոքաբորբի բռնկում եղավ 2003թ.՝ խլելով 774 մարդու կյանք, որոնցից միայն 349-ը` Չինաստանում:

Մակաբույծ որդերից ազատվելու մի քանի խորհուրդ

Այս հիվանդության նախանշաններն են` գունատ մաշկ, կապտություն աչքերի տակ, հոգնած հայացք, երբեմն թեթեւ հազ, սպիտակ լեզու, անկանոն կղանք, ախորժակի բարձրացում, գլխապտույտ, առատ թքարտադրություն, զկրտոց, գլխացավ եւ փորացավ: Հատկապես որդերի 3 տեսակները` խոզի երիզորդը, եզան երիզորդը եւ լայնեզր ժապավենը չեն կարող զարգանալ մեկ օրգանիզմում, նրանց անհրաժեշտ է միջանկյալ օրգանիզմ: Ահա թե ինչու է այդքան վտանգավոր ուտել կիսաեփ, վատ տապակած սնունդ: Կիսաեփ միս ուտելով՝ մարդը կարող է ձեռք բերել հատկապես երիզորդներ:

Օրգանիզմում տարբեր տեսակի որդերի ոչնչացման նպատակով, որպես բուժամիջոց, օգտագործվում է մեղրով դդմակորիզի շիլա: Դրա պատրաստման եղանակը հետեւյալն է. դդմի չորացած սերմերը կճեպահանել` աշխատելով չվնասել բարակ կանաչ սերմնաթաղանթը: Հավանգի մեջ կորիզները ծեծել` փոքր չափաբաժիններով` վրան կաթիլ-կաթիլ ջուր ավելացնելով: Ստացված զանգվածը խառնել մեղրի հետ:

Սխտորի թարմ հյութը մաքրում է օրգանիզմը ճիճուներից: Խմել 10-15 օր, եռացրած-գոլացրած կաթով` օրը 2-3 անգամ` քաղցած վիճակում:

Շատ լավ օգնում է նաեւ, եթե 5 ճաշի գդալ ընկույզի մանրացրած կանաչ կեղեւի վրա լցնեք 2 բաժակ մեղր, եփեք կափարիչը փակ ամանի մեջ` ջրային գոլորշու վրա, 30 րոպե: Ընդունեք մեկական թեյի գդալ` օրը 3 անգամ: Կարելի է խմել թեյով:

Աղիքային որդերի դեմ հրաշալի միջոց է ուռենու կեղեւաթուրմը. չորացրած, մանրացրած ուռենու կեղեւի 1 ճաշի գդալ փոշու վրա լցնել 1 բաժակ եռջուր: Ամանը փաթաթել տաք շորով եւ թրմել

2-3 ժամ, ապա քամել: Ընդունել օրը 4-5 անգամ` մեկական ճաշի գդալ: