Կանադահայ ռեժիսոր-վավերագրող Արազ Արթինյանի անունը հայտնի դարձավ Հայաստանում 2006 թվականին, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին ցուցադրվեց նրա՝ «Ցեղասպանությունն իմ մեջ» ֆիլմը։ Այդ ֆիլմը 5 տարվա աշխատանք է պահանջել: Արազը, շրջելով Թուրքիայի, ԱՄՆ-ի, Կանադայի քաղաքներում, հանդիպել ու զրուցել է Ցեղասպանությունը վերապրած մարդկանց հետ, եւ այդ բոլոր հարցազրույցները կարծես «իր միջով» է անցկացրել։ Օտարության մեջ գտնվող հայերի չորրորդ սերնդի ներկայացուցիչ լինելով՝ Արազն ակնարկում է, որ բոլորս էլ այս կամ այն կերպ մեր մեջ կրում ենք Եղեռնը։ Նա կարծես իր ֆիլմում չի էլ ցանկացել օբյեկտիվ լինել, այլ՝ ընդհակառակը՝ ամեն դրվագում ընդգծել է, որ Ցեղասպանության հետեւանքներն ազդել են նաեւ իր անձնական կյանքի ու աշխարհընկալման վրա։ «Ցեղասպանությունը ձեւավորեց իմ ամբողջ կյանքը։ Ծնված օրվանից ես լսել ու ապրել եմ Ցեղասպանության հուշերով։ Իմ ֆիլմում խոսվում է օտարների հետ ամուսնությունների մասին, եւ հիմա սփյուռքահայերի իմ սերունդը չի կարող խուսափել այդ թեմայից։ Մեր ընտանիքում, օրինակ, մենք հայրիկիս հետ բազմիցս խոսել ենք այդ մասին։ Շատ հեշտ է օտարներին սիրահարվել ու ամուսնանալ նրանց հետ, եւ եթե նախկինում ծնողները կարող էին պարտադրել, որ իրենց հայ զավակները միայն հայերի հետ ամուսնանան, ապա հիմա շատ ծնողներ դա հանգիստ են ընդունում։ Այստեղ ապրելով` դուք չեք զգում, թե ինչպիսի մեծ հարց է մեզ համար օտարի հետ ամուսնանալը»,- ասում է նա։ Խտացված անձնական մոտեցումն այն նուրբ ու զգայուն շերտն է ստեղծել, որի շնորհիվ հասկանալի է դառնում՝ Ցեղասպանությունն իրենց մեջ կրելու են նաեւ մեր զավակները։ Իսկ հայերն ու թուրքերը դեռ երկար չեն կարողանալու միմյանց հետ զրուցել առանց ենթատեքստերի։ Այդ ֆիլմը ցուցադրվել է աշխարհի 60 քաղաքներում:
Արազ Արթինյանը 1998թ. ֆիլմ է նկարահանել երկրաշարժ տեսած հայաստանցիների մասին, որոնք արդեն 10 տարի է՝ շարունակում էին ապրել այդ ավերիչ աղետի հուշերով։ Արազն այժմ նախապատրաստվում է շարունակել այդ նախագիծը ու պատմել այդ նույն մարդկանց մասին, որոնք աղետը սրտում ապրում են արդեն ոչ թե մեկ, այլ՝ երկու տասնամյակ։ «Ուզում եմ տեսնել, թե այդ մարդիկ ինչի՞ են կարողացել հասնել»,- ասում է նա։ Արդեն երկու տարի է, ինչ Արազ Արթինյանն ապրում է Հայաստանում եւ ակտիվորեն նոր գաղափարներ է փորձում իրականացնել։ Նա շատ պայծառ ու լավատես մարդ է եւ խոստովանում է, որ Հայաստանում իրեն շատ լավ է զգում ու բազմաթիվ ընկերներ ունի։
Արազը «Motherland»՝ «Հայրենիք» անվանմամբ ֆիլմի գաղափար ունի (անվանման մեջ «M» տառը փոխարինելով «X» տառով՝ նա ստացել է «X-otherland» բառը, որը նշանակում է՝ այլ հող)։ Ֆիլմը պիտի պատմեր այն երիտասարդ սփյուռքահայերի մասին, որոնք ուզում են հայրենիք վերադառնալ։ Եվ այն հայաստանյան երիտասարդների մասին, որոնք հայրենիքում ապրելով` ուզում են թողնել Հայաստանն ու հեռանալ։ «Կյանքի տարբեր՝ կոնտրաստային նպատակներն եմ ուզում ցույց տալ։ Կարծում եմ՝ դա շատ հետաքրքիր թեմայով կինո պիտի լիներ, բայց իմ կանադացի պրոդյուսերն ասաց, որ այդ ֆիլմի համար գումար հավաքելը շատ դժվար պիտի լինի»,- ասում է Արազը, ով այժմ ծավալուն լուսանկարչական պրոյեկտ է անում։
Արազ Արթինյանին շատ է աջակցել կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ում «Արարատ» ֆիլմի նկարահանման աշխատանքներին Արազը մասնակցել է որպես զգեստների ու դեկորացիայի հեղինակ, նաեւ՝ սցենարիստ։ Նա հետազոտում էր պատմական նյութերը, եւ այդ փորձն իր համար շատ կարեւոր է համարում։ Հանդիպումն Ատոմ Էգոյանի հետ Արազը բախտորոշ է համարում ու վստահ է, որ այն կայացել է իր անսահման համառության շնորհիվ։
– Երբ համալսարանում էի սովորում ու ուզում էի իմ առաջին ֆիլմը նկարահանել, իմացա, որ Տորոնտոյում պիտի պատվեին Ատոմ Էգոյանին։ Հայրիկս ասաց՝ արի գնանք։ Ու մենք Մոնրեալից Տորոնտո գնացինք։ Եվ այնտեղ Էգոյանի ֆիլմերի պրոդյուսերն ասաց, որ իրենք պատրաստվում են Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել։ Հասկացա, որ ուզում եմ անպայման մասնակցել այդ ֆիլմի նկարահանմանը։ Երկար ժամանակ մտածում էի` ինչպե՞ս մոտենամ Էգոյանին։ Շատ ծիծաղելի պատմություն ստացվեց, քանի որ մինչեւ զրույցը որոշեցի գնալ հայելու մեջ ինձ նայել, որպեսզի տեսնեմ, թե ինչպիսի տեսք ունեմ։ Եվ հենց այդ պահին Էգոյանը դուրս եկավ դահլիճից ու նստեց մեքենան։ Ես էլ արագ վազեցի, բացեցի մեքենայի դուռն ու ասացի՝ Ատոմ, ես պիտի անպայման աշխատեմ այդ ֆիլմում։ Նա պատասխանեց. «Արազ, ավելի լավ է, դու քո կինոն արա, ես էլ՝ իմը կանեմ։ Դու տաղանդավոր ես, շարունակիր այդ ասպարեզում աշխատել»։ Բայց մեկ ամիս հետո ինձ զանգահարեց ու հարցրեց՝ պատրա՞ստ ես ինձ հետ աշխատել։ Ես շատ ուրախացա։ Այդ ժամանակ ես արդեն սկսել էի նյութեր հավաքել իմ` «Ցեղասպանությունն իմ մեջ» ֆիլմի համար։
– Նաեւ ստեղծո՞ւմ էիր «twentyvoices.com» վեբ կայքը։
– Ես այնքան շատ հարցազրույցներ էի արել ցեղասպանությունը վերապրողների հետ, որ մտածեցի՝ ի՞նչ անեմ այդ բոլոր պատմությունները։ Ու սկսեցի «twentyvoices.com» վեբ կայքի ստեղծումը։ Այն շատ մեծ պրոյեկտ էր, որը մեծ բյուջեով էր ստեղծվել ու 9 միջազգային մրցանակ է շահել։ Այդ կայքը բացվեց 2005 թվականի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 90-ամյակի օրը։ Կայքն առաջարկում է ինտերակտիվ ճամփորդություն կատարել Թուրքիայի մարզերով, որտեղ հայեր են ապրել, եկեղեցիներ, դպրոցներ կառուցել, գործարաններ հիմնել։ Կայքում 20 վերապրողների կենսագրություններն են, իրենց ձայները, իրենց պատմությունները։ Մենք գտել ու տեղադրել ենք նրանց մանկական լուսանկարները, որոնք արվել են Թուրքիայում ապրելու ժամանակ։ Մենք ներկայացնում ենք 20 մարդու ամբողջական կյանքը՝ մինչ Ցեղասպանությունը։ Իսկ ֆիլմն արդեն պատմում է նրանց մասին Ցեղասպանությունից հետո, ներկայացնում է Ցեղասպանության հետեւանքները։ Ֆիլմն ու կայքը երկու նախագծեր էին, որոնց վրա ես զուգահեռ աշխատում էի։ Երկուսն էլ միաժամանակ ավարտեցի։
– Իսկ հիմա ի՞նչ նախագծի վրա ես աշխատում։
– Հավատա, ես այնքան էի Ցեղասպանության թեմայի մեջ խորասուզվել, այնքան էի հոգնել, որ կարծես մեռած լինեի։ Ու երբ 2006-ին եկա Հայաստան, այլեւս չէի ուզում ոչ մի տեղ գնալ, օդանավ նստել։ Մտածեցի, որ պետք է ավելի լավատեսական բաների մասին մտածել։ Որոշեցի կենտրոնանալ Հայաստանի ապագայի, արվեստի ու երեխաների վրա։ Եվ արդեն համարյա երկու տարի է, ինչ աշխատում եմ նոր վեբ կայքի պրոյեկտի վրա։ 21 լուսանկարների միջոցով ուզում եմ ստեղծել Հայաստանի պատմության 21 էջերը։ Ամեն էջը մեկ դար պիտի խորհրդանշի։ Ես ճամփորդել եմ Հայաստանի 400 գյուղերով, 400 եկեղեցի եմ լուսանկարել՝ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի հետ։ Ուզում եմ 21 դարերի պատմությունը, մշակույթը լուսանկարների միջոցով ներկայացնել։ Յուրաքանչյուր ֆոտո մի արվեստի մասին է պատմելու, նաեւ՝ այն երեխաների, որոնք այսօր շարունակում են այդ արվեստը։ 2-րդ դարում, օրինակ, հայերը տոնում էին Նավասարդի տոնը, ակրոբատներ, դերասաններ էին ելույթ ունենում։ Ես ընտրել եմ մի աղջիկ, որը կրկեսային արվեստ է սովորում, նրա համար հատուկ զգեստներ ենք կարել։ Ընդհանրապես բոլոր երեխաների համար էլ կոնկրետ դարաշրջանը բնութագրող զգեստներ ենք կարում։ 4-րդ դարում, օրինակ, պատրաստվել է Տրդատ թագավորի թագը, եւ հիմա էլ այդ նույն թագը երեխաները պիտի պատրաստեն։ 7-րդ դարում վերելք ապրեց աստղագիտությունը, եւ հիմա էլ շատ երեխաներ կան, որոնք լուրջ զբաղվում են աստղագիտությամբ, մենք մի տղա ենք ընտրել, ով ամբողջ օրը աստղերին է հետեւում։ Բժիշկ, փիլիսոփա, պոետ Գրիգոր Մագիստրոսի գործը շարունակողներն էլ կան, մի տղա կա, որը քիմիա առարկայից շատ մրցանակներ է շահում։ Չեմ ուզում շատ խոսել այս պրոյեկտի մասին, քանի որ այն դեռ պատրաստ չէ։ Պարզապես ասեմ, որ կայքում պիտի տեղեկություններ լինեն ոչ միայն պատմության մասին, այլեւ՝ հենց այն երեխաների մասին, որոնք մեր կայքի հերոսներն են։ Կպատմենք, թե ինչպես են նրանք դպրոց գնում, ինչ դժվարություններ ունեն նրանց ծնողները։ Եվ յուրաքանչյուր դար ներկայացված կլինի իր շարականով։ Կայքում պիտի հնչեն Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Անանիա Շիրակացու շարականները։
– Հետաքրքիր է, ի՞նչն է լինելու 21-րդ դարի սիմվոլը։
– Դեռ չեմ որոշել, 21-րդ դարը, թերեւս, պիտի կամ կոմպյուտերի, կամ էլ ժամանակակից արվեստի հետ կապեն։ Հիմա մենք զբաղված ենք զգեստների պատրաստմամբ։ Եթե տեսնես, թե ինչպիսի գեղեցիկ զգեստներ են` ուղղակի կհիանաս։ Մենք արդեն ընտրել ենք այն վայրերը, որտեղ պիտի լուսանկարենք այդ երեխաներին։ Կայքը նույնպես ինտերակտիվ է լինելու՝ «twentyvoices»-ի նման, բայց այս անգամ ոչ թե 20 վերապրողների կներկայացնենք, այլ՝ 21 արվեստ։ Ներկայացված կլինեն Հայաստանի գրեթե բոլոր մարզերը, նաեւ՝ Ղարաբաղը։ Շատ բան պիտի մտնի ինֆորմացիայի մեջ, այդ վայրի եկեղեցիները, հյուրանոցները, մի խոսքով՝ ամեն ինչ։ Ես գիտեմ, որ վեբ կայքի պատրաստումը բարդ գործ է ու տարիներ է ինձանից խլելու։ Կայքի նախապատրաստական գործերը դեռ նոր ենք սկսել։
– Ինչպես հասկացա, կայքի նպատակը նաեւ սերունդների շարունակական կապը ցույց տալն է։
– Դրսի մարդիկ գոնե կկարողանան իրենց աչքերը բացել ու տեսնել, թե ինչո՞վ է ապրել ու ինչո՞վ է ապրում Հայաստանը։ Շատ քիչ մարդիկ կան, որոնք նույնիսկ գալով Հայաստան, իրապես հասկանում են Հայաստանի խնդիրները։ Օրինակ, իմ մայրը, երբ առաջին անգամ եկավ Հայաստան, ասաց՝ օ՜, ինչ լավ է։ Այո, բայց նա ոչ մի գյուղ չտեսավ, միայն Երեւանում մի քանի օր ապրեց, ու վերջ։ Նա չտեսավ, թե ինչպես են ձմեռվա ամիսներին երեխաները սառած ձեռքերով խեցեգործության դասերի հաճախում։ Իսկ հիմա ես նրան ամեն տեղ ինձ հետ տանում եմ ու ասում եմ՝ նայիր։
– Շատ սփյուռքահայեր իրենց պատմական հայրենիքին տուրիստի աչքերով են նայում։
– Այո, իրոք այդպես է, շատ սփյուռքահայեր իրականությունը չեն տեսնում։ Այստեղ ապրել է պետք՝ Հայաստանի դժվարություններն ու գեղեցկությունը հասկանալու համար
– Հայաստանում ավելի լա՞վ է, քան Կանադայում։
– Այստեղ շատ լավ է, այստեղ կյանքն իմաստ ունի։ Այստեղ այնքան լավ է, իսկ երեխաներն ինձ այնքան շատ բան են տալիս, որ նույնիսկ նկարագրել չեմ կարող։ Ես էլ, որքան կարող եմ, փորձում եմ ֆինանսական օգնություն ճարել ու օգնել երեխաներին։ Արդեն մի քանի դպրոցների եմ օգնել, վերանորոգել եմ զուգարանները, հանդերձարանները, ջեռուցում եմ անցկացրել, երաժշտական գործիքներ եմ գնել։ Ես գտնում եմ դպրոցներ ու հովանավորներ, հետո կոնկրետ օգնություն եմ տալիս։ Մեծ մասամբ օգնում եմ արվեստի դպրոցներին։ Հիմա ահավոր վիճակում են գտնվում երաժշտական դպրոցները, թառ, քամանչա նվագող երեխաներ չկան, այդ գործիքները շուտով կարող են մեռնել։ Դա շատ ցավով եմ ասում, քանի որ գիտեմ, որ Հայաստանից դուրս դրանք արդեն մահացել են։ Փող ունեցողներ կան, պարզապես պետք է նրանց վստահությունը շահել, ու իրապես օգնություն ցուցաբերել երեխաներին։ Հիմա ես շատ եմ կապվել երեխաների հետ ու նրանցից էներգիա ու հույս եմ ստանում։
– Իսկ քո նոր նախագիծը հետագայում դառնալո՞ւ է ֆիլմ։
– Ոչ, այն ֆոտո-նախագիծ է, ֆիլմ անել չեմ ուզում։ Ճիշտն ասած, ֆիլմ անելու սիրտ չունեմ։ Բայց համոզվեցի, որ եթե ուզեմ ֆիլմ անել, ավելի հեշտ է լինելու, քանի որ Հայաստանում ամեն ինչին լավ ծանոթ եմ։
– Կարծում ես՝ այստեղ ֆիլմ նկարահանելը հե՞շտ է։
– Ամեն տեղ է դժվար։ Եթե պետությունը չօգնի` ֆիլմ չի նկարահանվի։ Եթե կանադական կառավարությունն ինձ չօգներ ու 140 հազար դոլար չտար, ես իմ ֆիլմը չէի նկարահանի։ Հաջող կինո ստեղծելու համար անչափ շատ գումար է հարկավոր։ Ես դա լավ գիտեմ, ու երեւի դրա համար էլ դեռ չեմ մտածում նոր ֆիլմերի մասին։
Point of view documentary, այսինքն՝ շատ անձնական վավերագրական ֆիլմերն, ընդհանրապես, շատ մոդայիկ են աշխարհում։ Մարդկանց անձնական կյանքը ցուցադրվում է հեղինակային, պոետիկ հայացքով, եւ այդպիսի ֆիլմերի համար հեշտ է գումար գտնել։ Ես ընդհանրապես շատ զգայուն մարդ եմ, եւ իմ վավերագրական ֆիլմերում էլ ընդգծում եմ իմ զգացմունքները։ Ատոմ Էգոյանն, օրինակ, իրեն թույլ չի տալիս իր ֆիլմերում՝ զգայուն լինել։ Երբ խոսում էի վերապրողների հետ, շատ էի ազդվում, քանի որ նրանք իրապես վերապրած են բոլոր սարսափները։ Իսկ Ատոմ Էգոյանի ոճն այնպիսին է, որ նա կարծես միշտ հեռու է պահում հանդիսատեսին զգացմունքներից։
– Հայաստանյան երիտասարդներն այդքան էլ ակտիվ կյանքով չեն ապրում, գերադասում են գնալ սրճարաններում նստել, անշտապ զրուցել։ Հայաստանում ոչ ոք կարծես ոչ մի տեղ չի շտապում։ Իսկ դու մրրիկային արագությամբ ես ապրում:
– Շատ բան չեմ կարող ասել հայ երիտասարդների մասին, դու իրենց կյանքն ավելի լավ գիտես։ Աշխատող մարդը ներքին բարձր արագություն պիտի ունենա։ Իսկ ներքին անհոգությունը վատ բան է։ Ես տեսնում եմ, որ հայ աղջիկները միշտ բարձրակրունկ կոշիկներ են հագնում, իսկ դա նշանակում է, որ շտապելու տեղ չունեն ու դանդաղ պիտի քայլեն: Ես, օրինակ, միշտ վազում եմ, քանի որ գիտեմ՝ կյանքս կարճ է, ժամանակ չունեմ։ Երբ նայում ես մարդու կոշիկին, հասկանում ես՝ թե այդ մարդն ինչ է անում իր կյանքի հետ։ Երբ ես դանդաղ քայլող մարդ եմ հանդիպում, սկսում եմ, ընդհակառակը՝ շատ ավելի արագ քայլել, քանի որ տարօրինակ ջղայնություն եմ զգում։ Եթե ուզում ես հաջողել այս կյանքում, շատ պիտի աշխատես։ Իմ բախտը բերել է, ես հիմնականում աշխատասեր մարդկանցով եմ շրջապատված: Ինձ հաճախ թվում է՝ ես ամեն ինչ կարող եմ անել եւ մեկ րոպե անգամ չեմ կարող անգործ մնալ։ Միգուցե այդ պատճառով էլ ես դեռ չեմ հասցրել ամուսնանալ ու զավակ ունենալ։