Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Ինչպես տեղեկացրել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի, ինչպես նաեւ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական ու ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ-ում իրականացվելիք բարեփոխումներին առնչվող խնդիրներ: Նախատեսված են նաեւ Հայաստանի Պաշտպանության նախարարի հանդիպումները Ռուսաստանի հայ համայնքի եւ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի զինված ուժերի զինծառայողների հետ: Սեյրան Օհանյանի այցը կավարտվի հունիսի 18-ին: