Ինչպե՞ս է Օսկանյանը «քցել» Հիմնադրամին

22/06/2008

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրեն Վահե Աղաբեկյանցի հրաժարականի մասին` վերջին օրերին մամուլում հրապարակված տեղեկությունները ոչ միայն համապատասխանում են իրականությանը, այլեւ լուրջ նախապատմություն ունեն: Բանն այն է, որ 2007 թվականի ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ իրականում հավաքվել է ոչ թե մոտ 15 մլն դոլար, ինչպես ներկայացվել է պաշտոնապես, այլ՝ 1 մլն դոլարից պակաս գումար: Սա էլ, իր հերթին, պայմանավորված է եղել նրանով, որ հիմնականում սփյուռքահայ մեծահարուստներից կազմված Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին թյուրիմացության մեջ է գցել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի «Գյուղերի զարգացման ծրագիրը», որը վերջինս ներկայացրեց 2007թ. սեպտեմբերին կայացած «Հայաստան-Սփյուռք» համաժողովում: Սկզբում սփյուռքահայերին ոգեւորել է Օսկանյանի ծրագիրը, սակայն որոշ ժամանակ անց նրանք հասկացել են, որ դա ընդամենը նախընտրական պլատֆորմի մի մասն է (հիշեցնենք, որ անցած տարի ակտիվորեն քննարկվում էր Օսկանյանի` նախագահական ընտրություններում առաջադրվելու հավանականությունը), եւ հրաժարվել են իրենց խոստացած գումարներից: Բանն այն է, որ մարաթոնի ժամանակ գումարները հավաքվում են ոչ միայն կանխիկ, այլեւ խոստումների ճանապարհով: Եվ բազմաթիվ բարերարներ մարաթոնի ժամանակ մեծ գումարներ են խոստացել (ինչի հիման վրա պաշտոնապես հայտարարվել է մոտ 15 մլն թիվը), սակայն չեն վերահաստատել իրենց խոստումը (այսինքն` չեն փոխանցել խոստացված խոշոր գումարները Հիմնադրամին): Այս խնդիրները լրջորեն քննարկվել են վերջերս կայացած «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, որին ներկա են եղել սփյուռքահայ մեծահարուստներ: Նիստը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը, մեր տեղեկություններով՝ Վ. Օսկանյանին (որն իր ծրագրի ներկայացման ժամանակ երաշխավորել էր, որ մեծ գումարներ կհավաքվեն) մեղադրել է ծրագրերի տապալման մեջ: Բանն այն է, որ ներկայումս վտանգված են ԼՂ-ում Հիմնադրամի կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր (այդ թվում` Հյուսիս-հարավ մայրուղու 25 կիլոմետրանոց հատվածի, ինչպես նաեւ՝ հիվանդանոցի շինարարությունը):