Մինչ օրս Գինեսի գրքում գրանցված ամենաերկար գարեջրի սեղանը պատրաստվել է
Գերմանիայում, որի երկարությունը կազմել է 770 մետր, իսկ Բրազիլիայում
գրանցվել է 650 մետր երկարություն ունեցող ընթրիքի սեղան: Այս տարի
հունիսի 3-ին տեղի կունենա «Բրաբիոնը բարեկամության ծաղիկ» ծաղկի
միջազգային փառատոնը, որի ավարտին կհաջորդի Երեւան քաղաքում պատրաստվող
ամենաերկար՝ 1000 մետր երկարություն ունեցող ընթրիքի սեղանի ակցիան:
Կազմակերպիչները հավաստիացնում են, որ սեղանը կգրանցվի Գինեսի գրքում եւ
դրա շուրջ կլինի ավելի քան 3500 մարդ: Վերջիններս չեն հրապարակում, թե
մասնավորապես քաղաքի որ հատվածում է սեղանը պատրաստվելու՝ հիմնավորելով,
որ քաղաքացիների համար դա պետք է մեծ անակնկալ լինի: Այն անձինք կամ
կազմակերպությունները, որոնք կաջակցեն սեղանը պատրաստելու հարցում՝ իրենց
պատվավոր տեղը կզբաղեցնեն հսկայական սեղանի շուրջ եւ կընդգրկվեն Գինեսի
գրքում: Նշենք, որ սկսած 1993-ից տեղի են ունեցել «Բրաբիոնը խաղաղության
ծաղիկ», «Բրաբիոնը սիրո ծաղիկ», «Բրաբիոնը հուսո ծաղիկ» եւ այլ խորագրերով
փառատոներ, որոնց ժամանակ մասնակցել են տարբեր երկրների մշակութային եւ
քաղաքական դաշտի ներկայացուցիչներ: Հունիսի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան
մարզահամերգային դահլիճում կայանալիք «Բրաբիոնը բարեկամության ծաղիկ»
խորագրով փառատոնին մասնակցելու են տարբեր երկրների խորհրդարանական
պատգամավորներ: Ընդ որում, փառատոնը վարելու է հայտնի հաղորդավար Լեոնիդ
Յակուբովիչը: Տեղի է ունենալու ֆլորիստական մրցույթ, որի ժամանակ տարբեր
երկրների շուրջ տասը պատգամավորներ բեմի վրա պատրաստելու են ծաղկային
կոմպոզիցիաներ: Նշենք, որ ֆլորիստական մրցույթին մասնակցելու են նաեւ
Ազգային ժողովի պատգամավորներից, բայց թե կոնկրետ ովքեր՝ դեռեւս պարզ չէ:
Տոնակատարությանը մասնակցելու են Վալենտին Յուդաշկինի նորաձեւության
թատրոնը, Իոսիֆ Կոբզոնը, Արմեն Ջիգարխանյանը, Լիդիա Շուկշինան, Դիանա
Գուրցկայան, Սոսո Պավլիաշվիլին, «Անշլագի» երգիծաբաններից, պաշտոնական
անձինք եւ բիզնեսմեններ: Փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու նաեւ
«Բրաբիոն» ազգային մրցանակաբաշխություն: 2001թ. մրցանակին արժանացել են
գործարար Հրանտ Վարդանյանը, սպորտսմեն Ալբերտ Ազարյանը եւ դուդուկահար
Ջիվան Գասպարյանը: 2003թ. «Բրաբիոն» ազգային մրցանակակիրներ են հանդիսացել
ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը
(հետմահու) եւ կուտյուրիե Վալենտին Յուդաշկինը: Այս տարի կայանալիք
փառատոնում մրցանակ կտրվի երեք ոլորտների ներկայացուցիչների, որոնք խոշոր
ներդրումներ են կատարել՝ արվեստ-գիտության, ռազմահայրենասիրական եւ
բիզնես-էկոնոմիկա ոլորտներում: Մրցանակակիրների անունները հայտնի կլինեն
փառատոնի ընթացքում մրցանակաբաշխության ժամանակ, իսկ մրցանակը ոսկեձույլ
«Բրաբիոն» ծաղիկ է: Կազմակերպիչները վստահեցնում են, որ փառատոնը
միջազգային հնչեղություն կունենա, կնկարահանվեն ֆիլմեր: