Երեկ լրացավ «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ազատազրկման երկրորդ տարին, ինչի կապակցությամբ նրա համախոհները, մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջեւ: Նրանք պահանջում էին ազատ արձակել Ա.Բաբաջանյանին:
Հիշեցնենք, որ Ա.Բաբաջանյանը ձերբակալվել է 2006թ. հունիսի 26-ին փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար: Հայաստանի օրենսդրության համաձայն, եթե բանակից խուսափողի 27 տարին լրացել է, նա կարող է անցած տարիների յուրաքանչյուր զորակոչի համար վճարել օրենքով սահմանված տուգանք եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: Թեեւ Ա.Բաբաջանյանը 2006թ. այդ գումարը վճարել է, այնուամենայնիվ, դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման: Անցած տարի մայիսին լրացել է Ա.Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար անհրաժեշտ ժամկետը` 1/3-ը, իսկ այս տարի` 2/3-ը, սակայն նրան դեռեւս չեն ցանկանում ազատ արձակել: Օրենքով սահմանված վաղաժամկետ ազատվելու իրավունքով Ա.Բաբաջանյանը մի քանի անգամ դիմել է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովին, սակայն նրա բոլոր դիմումները մերժվել են: Այս հանգամանքները հաշվի առնելով` 2006թ. ԱՄՆ Պետքարտուղարության եւ 2007թ. ԵԽ ԽՎ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում Ա.Բաբաջանյանը բնութագրվել է որպես քաղաքական բանտարկյալ: Ինչեւէ, երեկվա ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցները կառավարության շենքից երթով գնացին դեպի նախագահի նստավայր: Իսկ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի մասնակիցներին միացել էր նաեւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը, ով ընդամենը 1 շաբաթ առաջ է ազատ արձակվել բանտից: «Միացել եմ մեր ժողովրդին, ովքեր պայքարում են ապօրինի ձեւով բանտարկված հայ մարդկանց ազատության համար: Անշուշտ, Ա.Բաբաջանյանը քաղբանտարկյալ է, 100 տոկոս քաղաքական հալածանք է, ավելի մանրամասներ գիտեմ, բայց առայժմ կարիք չկա դրա մասին խոսել»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Ժ. Սէֆիլյանը: Նա հայտարարեց նաեւ Համաժողովրդական շարժմանը մասնակցելու իր պատրաստակամության եւ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մասին: «Այսօրվա խնդիրը մեր պետականության վերականգնումն է, ինչը, ես գտնում եմ, որ կորցրել ենք: 1988-ին, եթե շարժման գլխավոր նպատակը Արցախի միացումն էր, այսօր՝ մեր պետականության վերականգնումն է: Եթե պետությունը չվերստեղծենք, մենք ո՛չ կկարողանանք Արցախն ու ազատագրված տարածքները պաշտպանել, ո՛չ էլ մեր երեխաների ապագան կերտել: Այսօր ինչ որ տեսնում ենք, պետություն չէ, պետության իմիտացիա է»,- ասաց Ժ.Սէֆիլյանն ու ավելացրեց, թե անպայման մասնակցելու է ընդդիմության` հունիսի 20-ի հանրահավաքին: Նա նշեց նաեւ, թե իշխանություններն անվերջ չեն կարող մերժել հանրահավաքներ անցկացնելու դիմումները: «Կա մերժելու ինչ-որ սահմանափակ ժամանակ, եւ ես կարծում եմ, որ այդ ժամանակն արդեն հասունացել է: Թող կարդան իրենց գրած Սահմանադրությունը եւ իմանան, որ խաղաղ հավաքներ կազմակերպելը մեր իրավունքն է: Ինչքան ուշ են լուծում այդ հարցը, այդքան վատ է իրենց համար: Ով էլ լսում է մերժման մասին` զայրանում է»,- համոզված է պարոն Սէֆիլյանը: Նա նաեւ ասաց, թե Հայաստանում դրական փոփոխություններ լինելու առումով ինքը հույսը չի կապում միջազգային կառույցների հետ: Ժ. Սէֆիլյանն առաջին հերթին հավատում է մեր ժողովրդի ակտիվությանը: «Եթե մենք շարունակենք այս վճռականությամբ, եվրոպաները, ռուսաստաններն ու ամերիկաները վերջիվերջո մեր կամքն են հաշվի առնելու: Եթե մենք պասիվ լինենք, իրենք կարող է ինչ-ինչ խաղերով շարունակեն հարաբերվել այս մաֆիայի հետ: Բայց եթե մեր ժողովուրդը մերժում է այս ռեժիմը, հնարավոր չէ, որ իրենք կարողանան երկար համագործակցել այս ռեժիմի հետ: Վճռորոշը ժողովուրդն է»,- ասում է Ժ.Սէֆիլյանը: Սէֆիլյանի կարծիքով, միջազգային դիտորդական առաքելությունները նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը համագործակցել են Հայաստանի իշխանությունների հետ: «Բայց ընտրություններից հետո այդ տասնօրյա հավաքների ընթացքում նրանք արդեն սկսեցին կասկածել իրենց քայլի ճշմարտացիության վրա, իսկ մարտի 1-ից հետո որոշում են ընդունել վերանայել նախկին որոշումը: Այսօր այդ խմորումներն են գնում: Այսօր նույնպես շատ կարեւոր է մեր ժողովրդի ակտիվությունը, որ ամբողջ աշխարհը հասկանա, թե մեր երկրի տերը ժողովուրդն է»,- ասում է Ժ.Սէֆիլյանն ու ավելացնում, թե այս օրերին իշխանությունների կողմից բանտարկյալներին ազատելու միտում կա: «Բայց չգիտես ինչու` իրենք բռնել են այն ձեւը, որ անպայման ուզում են համոզել, թե ձերբակալվածները հանցագործներ են, ու իրենք բարի կամք են դրսեւորում ու կալանավորվածներին պայմանականներով ազատում են: Այս իշխանությունների կողմից բարի կամք հասկացողությունը զավեշտի պես է հնչում: Մարդ պետք է բթամիտ լինի, որ այդպես ընկալի: Իշխանություններն այս ամենն անում են օտարի աչքին շղարշ գցելու համար»,- ասում է Ժ.Սէֆիլյանը: