Երեկ Երեւանի քաղաքապետարանը երկրորդ անգամ մերժեց հունիսի 20-ին հանրահավաք անցկացնելու մասին Համաժողովրդական շարժման դիմումը:
Առաջին անգամ մերժել էր հունիսի 12-ին` պատճառաբանելով, թե այդ նույն օրը քաղաքապետարանն Ազատության հրապարակում անցկացնելու է «Փոքրիկ Երեւան» միջոցառումը: Իսկ երեկ մերժեց` պատճառաբանելով, թե ՀՀ Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ ունի, որ հանրահավաքի ժամանակ մի խումբ մարդիկ ուզում են զանգվածային անկարգություն հրահրել: Եթե առաջին դիմումի դեպքում Համաժողովրդական շարժման կենտրոնն իրազեկում էր հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում, ապա երկրորդի դեպքում` նշել էր Մատենադարանին հարող տարածքը: Ընդ որում, Ոստիկանությունը զարմանալի զուգադիպությամբ «օպերատիվ տեղեկություններ» է ստացել, որ այդ երկու վայրերում էլ ինչ-որ մարդիկ անկարգություններ են հրահրելու:
Երեկ նաեւ ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ Համաժողովրդական շարժման կենտրոնի կողմից Երեւանի քաղաքապետարանի հունիսի 12-ի որոշումը վիճարկելու դատական նիստը: «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դատարանը պարտավոր է այդ հայցի որոշումը կայացնել 24 ժամվա ընթացքում: Շարժման կենտրոնը դատարան հայց ներկայացրել էր երեկ առավոտյան ժամը 11:25-ին: Հայցը քննելուց հետո դատավոր Ռուզան Հակոբյանը որոշեց դատարանի վճիռը հրապարակել ոչ թե նիստից հետո, այլ՝ այսօր ժամը 10-ին: Եթե դատավորն այսօր որոշի մերժել քաղաքապետարանի կողմից հանրահավաքն արգելելու որոշումը չեղյալ հայտարարելու պահանջը, ապա ընդդիմության ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, որոշել են հունիսի 20-ին Ազատության հրապարակում անցկացնել արդեն երկար ժամանակ հայտարարած հանրահավաքը: Լ.Զուրաբյանը կարծում է, որ դատարանն իրենց հայցը մերժելու հիմքեր չունի։ «Եթե դատավորը խիղճ ունի, արդարամտություն ունի, ուրեմն ամեն ինչ պարզ է, ուրեմն պետք է բավարարի քաղաքապետարանի որոշումը անվավեր ճանաչելու մասին մեր հայցը: Իսկ եթե չբավարարի, ավելի ճիշտ` ես չեմ ուզում իմ գնահատականներով հիմա ճնշում գործադրել դատավորի վճռի վրա: Ես մեկնաբանություններ կտամ վճռից հետո»,- ասաց պրն Զուրաբյանը: Իսկ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Գագիկ Ազարյանը երեկվա նիստի ժամանակ դատարանին խնդրեց մերժել հայցը, որովհետեւ հունիսի 5-ին քաղաքապետը կարգադրել է անցկացնել «Փոքրիկ Երեւան» միջոցառումը: Լ.Տեր-Պետրոսյանի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Սանոյանը հղում անելով «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին` ասաց, թե քաղաքապետարանն իրավունք չուներ մերժել իրենց դիմումը, որովհետեւ հունիսի 20-ին պլանավորած մանկական միջոցառումն իրազեկված չի եղել: Իսկ որ քաղաքապետարանի միջոցառումն իրազեկված չի եղել, երեկ հաստատեց նաեւ Գ. Ազարյանը: Վերջինս ասաց, թե քաղաքապետարանն ինքն իրեն չի կարող իրազեկել, եւ դատարանին ներկայացրեց ՀՀ ոստիկանապետի այն գրությունը, թե Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ ունի, որ այդ օրն Ազատության հրապարակում ինչ-որ մարդիկ պետք է անկարգություններ հրահրեն: Ռ. Սանոյանը ստիպված եղավ մի քանի անգամ հղում անել «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին: «Օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների հիմք չի տալիս»,- հայտարարեց պարոն Սանոյանը: Իսկ օրենքը հստակ ասում է, որ հանրահավաք անցկացնելը կարելի է մերժել, եթե այդ օրվա միջոցառման մասին նախապես իրազեկում է եղել, անկախ նրանից, թե այդ միջոցառման մասին որոշումը երբ է կայացվել: Եվ այնպես է ստացվել, որ «Փոքրիկ Երեւան» խորագրով միջոցառում անցկացնելու մասին քաղաքապետարանի հունիսի 5-ի կարգադրությունը ՀՀ օրենքից ավելի մեծ ուժ ունի, եւ քաղաքապետարանը կարող է օրենքը շրջանցելով կամ խախտելով որոշումներ կայացնել: Չի բացառվում, որ Ազատության հրապարակում մանկական միջոցառում անցկացնելու մասին որոշումը քաղաքապետարանը նախապատրաստել է ետին թվով: Իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանն այսօր որոշի մերժե՞լ քաղաքապետարանի որոշումը վիճարկող հայցը. «Եթե մերժի, հանրահավաքը ամեն դեպքում կայանալու է»,- մեր այս հարցին պատասխանեց Լ. Զուրաբյանը:
Այս հարցում վճռական են նաեւ ընդդիմության մյուս ներկայացուցիչները: «Նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են խոստովանում, որ մեր անկախությունը ծնվել է Ազատության հրապարակում: Երեխաների անվան տակ իշխանությունները փորձում են պատսպարվել իրենց քաղաքացիներից, ինչն անբարոյականություն է: Եվ արդեն տխուր օրինաչափություն է դարձել, որ, երբ ընդդիմությունը որոշում է հանրահավաքներ անել, իշխանությունը հետադարձ թվով փորձում է ինչ-որ միջոցառում կազմակերպել այդ հրապարակում: Եթե Մատենադարանի հարակից տարածքն էլ է մերժվում, դա նշանակում է՝ իշխանությունը որեւէ ցանկություն չունի քաղաքակիրթ մեթոդներով բանակցելով՝ ստեղծված վիճակի լուծումը գտնել: Այդ դեպքում մենք հավանաբար հանրահավաքը կանցկացնենք հենց Ազատության հրապարակում»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: