Խորհրդարանական «հոգեխանգարմունք»

22/06/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը երեկ բոյկոտեց մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քվեարկությունը` պատճառաբանությամբ, որ շաբաթ օրն ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում չեն ընդունվել իրենց կողմից ներկայացված առաջարկությունների ամենակարեւոր դրույթները:

Այսպիսով` այդ հանձնաժողովն, ամենայն հավանականությամբ, կգործի առանց ընդդիմության, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում հայտարարեց «Ժառանգության» քարտուղար Ստեփան Սաֆարյանը` անիմաստ է մասնակցություն ունենալ մի հանձնաժողովում, որի ստեղծման վերաբերյալ իրենց առաջարկներից եւ ոչ մեկն, ըստ էության, չի ընդունվել: Սակայն «Ժառանգությունը», ըստ խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի` դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: Սակայն «մեծ է հավանականությունը», որ իրենք այնտեղ չեն լինի: Երեկ այս նորաստեղծ հանձնաժողովն արդեն հասցրեց գումարել իր առաջին նիստն ու այդ հանձնաժողովի նախագահ ընտրել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանին: Վերջինիս ասելով, իրենք դեռեւս թափուր են թողել հանձնաժողովի տեղակալի աթոռը` հույս ունենալով, որ, այնուամենայնիվ, «Ժառանգությունը» կմասնակցի այդ աշխատանքներին, ու հենց նրանց էլ կտրվի այդ տեղը:

Ընդդիմադիր պատգամավոր Ա. Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց առաջարկները մերժվել են առանց կոնկրետ հիմնավորումների: «Հիմնականում հիմնավորումներ չեն բերվել»,- ասաց նա: Օրինակ, «Ժառանգությունն» առաջարկել էր որոշման նախագծում ավելացնել նաեւ դրույթ, ըստ որի` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել համապատասխան գրությունների եւ փաստաթղթերի կրկնօրինակներ, մասնավորապես` ՀՀ ԿԱ առընթեր Ոստիկանության եւ նրա ստորաբաժանումների, ԱԱԾ-ի` տվյալ իրադարձություններին վերաբերող ծառայողական գրագրությունների, հրամանների, հրահանգների, օպերատիվ գործողություններ իրականացնելու մասին որոշումների կրկնօրինակները, տեսաձայնագրությունների չմոնտաժված կրկնօրինակները: Այդ առաջարկը սակայն մերժվել էր, թեեւ «Ժառանգությունը» նշել էր, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության քննարկումը պետք է իրականացնել դռնփակ նիստում: Մերժվել են նաեւ «Ժառանգության» այն առաջարկները, ըստ որոնց՝ անհրաժեշտության դեպքում ՀՀ Գլխավոր դատախազությունից, դատարաններից պետք է պահանջել քրեական գործերի նյութերի, որոշումների ու դատավճիռների կրկնօրինակումները, նաեւ` անհրաժեշտության դեպքում` կոնկրետ հարցերի ուսումնասիրության ու փորձագիտության նպատակով դիմել պետական եւ մասնավոր կամ միջազգային կազմակերպությունների ու փորձագետների: «Մերժել են նաեւ մեր այն առաջարկը, որտեղ ասվում է, որ պետք է հրավիրել եւ պարզաբանումներ ստանալ ՀՀ այն քաղաքացիներից` այդ թվում պաշտոնատար անձանցից, որոնք ուղղակի կամ միջնորդավորված կերպով կարող են կապ ունենալ մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններին: Եթե մենք մասնակցենք այդ աշխատանքներին, որպեսզի վաղը-մյուս օրը չմերժեն մեզ տրամադրել այդ ամենը, մենք որոշեցինք միանգամից առաջարկել, որովհետեւ տառապանքներս փորձ ունի»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ասելով, ինքը շաբաթ օրը տեղի ունեցած նիստի ժամանակ պնդել է, որ հանձնաժողովի աշխատանքներին անհրաժեշտության դեպքում պետք է մասնակցեն նաեւ նախկին պաշտոնյաները, սակայն իր առաջարկը մերժվել է` պատճառաբանությամբ, որ գոյություն չունի իրավական ռեժիմ, որով պատգամավորները կարող են նախկին պաշտոնյաներին պարտադրել ներկա գտնվել խորհրդարանական հանձնաժողովի նիստերին ու բացատրություններ տալ: «ԱԺ-ն նրանց պարտադրելու լիազորություն չունի, եւ նրանց ներկա գտնվելու հարցը միմիայն նրանց որոշելիքն է: Բայց չգալու դեպքում կարող ենք ասել, որ նրանք ինչ-որ թաքցնելու բան ունեն»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Երեկ ԱԺ-ում լուրջ աժիոտաժ էր նաեւ՝ կապված այն հարցի հետ, թե որ խմբակցությունից ով է կցվելու այս հանձնաժողովին: Չնայած խմբակցությունները նախապես հայտնել էին, թե ովքեր են լինելու այդ հանձնաժողովի կազմում, սակայն հանձնաժողովի ստեղծումից հետո շատերը տարակուսում էին` արժե՞ մասնակիցը դառնալ այդ «խայտառակության», թե՞ ոչ: Անգամ նախաձեռնության հեղինակ, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հրաժարվել է ընդգրկվել այնտեղ` իրենց գցելով, ինչպես պատգամավորներն էին ասում` «այդ կեղտի» մեջ: Երբ Վ. Դալլաքյանի փոխարեն այդ հանձնաժողովում որպես անկախ պատգամավոր ընտրվեց Լյովա Խաչատրյանը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը լրագրողներին ասաց, թե ՕԵԿ-ից ոչ թե ինքն է «ուսումնասիրելու» մարտի 1-2-ի դեպքերը, այլ` Իշխան Հարությունյանը: ԲՀԿ-ական պատգամավորները նույնպես որոշել էին ձեռնպահ մնալ, սակայն կեսօրին արդեն որոշվեց, որ ՕԵԿ-ից պետք է մասնակցեն Հ. Մարգարյանն ու Արտաշես Ավոյանը, իսկ ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Սաֆարյանը: ՀՅԴ-ից այդ հանձնաժողովին կցվեցին Արտյուշա Շահբազյանն ու Արծվիկ Մինասյանը: ԲՀԿ-ական Ն. Զոհրաբյանն, օրինակ, չի քվեարկել անկախ պատգամավոր Լ. Խաչատրյանի թեկնածությանը, որովհետեւ կարծում է, որ այդ աշխատանքներին պետք է անպայման մասնակցեր Վ. Դալլաքյանը` որպես հանձնաժողովի ստեղծման հիմնական հեղինակներից մեկը: «Ես կարծում եմ, որ Վ. Դալլաքյանը ճիշտ չի արել, որ հրաժարվել է ներգրավվել ժամանակավոր հանձնաժողովում: Որպես նախագծի հիմնական հեղինակ, որին իր առաջարկներով միացել է նաեւ կոալիցիան, տրամաբանական կլիներ, եւ նաեւ պատասխանատու քայլ կլիներ, որ հենց ինքը անկախ պատգամավորների կողմից ներկայացված լիներ այնտեղ: Կոնկրետ մեզ համար իսկապես անակնկալ էր, եւ Նիստերի դահլիճում մենք իմացանք, որ առաջադրվում է մեկ այլ թեկնածու»,- ասաց Ն. Զոհրաբյանը: Ի տարբերություն ԲՀԿ-ական պատգամավորի, Վ. Դալլաքյանի համար ամենեւին էլ անսպասելի չէր Լ. Խաչատրյանի առաջադրումը: «Դեռեւս հունիսի 11-ին ես հայտարարել եմ, որ հանձնաժողովի նախագահ կամ անդամ չեմ ցանկանում լինել»,- հայտարարեց նա: Մեր հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ չի ցանկանում ընդգրկվել իր նախաձեռնած հանձնաժողովի կազմում, Վ. Դալլաքյանն ասաց, որ ԱԺ-ում այդ հարցի քննարկման ժամանակ` պատասխանելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, ինքն ասել էր, թե չի մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին: «Զ. Փոստանջյանի հարցադրմանը, որ՝ եթե ձեզ առաջարկեն այդ հանձնաժողովի նախագահ կամ անդամ՝ դուք կհամաձայնե՞ք, ես պատասխանեցի, որ նման հավակնություններ չունեմ»: «Ես կարծում եմ` ճիշտ չի լինի, որ այն անձը, ով հանդես է եկել այդ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ, ինքը լինի այդ հանձնաժողովի նախագահ կամ անդամ, որովհետեւ կարող է տարբեր մեկնաբանություններ լինեն այդ նախաձեռնության իրականացման վերաբերյալ»,- ասաց նա: Դիտարկմանը, թե արդեն կան մեկնաբանություններ, որ իր այդ քայլը նշանակում է՝ խուսափել պատասխանատվությունից, Վ. Դալլաքյանն այսպես արձագանքեց. «Ես պարտավոր չեմ սակավամիտների մեկնաբանություններին մեկնաբանություններ տալ: Ի՞նչ պատասխանատվությունից խուսափելու մասին է հարցը, երբ ԱԺ պատգամավորները կարող են մասնակցել ու հարցեր տալ այդ հանձնաժողովի նիստերին»:

Այսպիսով, «ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջների կատարում» օպերացիայի շրջանակներում ստեղծվեց հերթական ժամանակավոր հանձնաժողովը, որի աշխատանքներին, ամենայն հավանականությամբ, որեւէ ընդդիմադիր գործիչ չի մասնակցելու: Այնպես որ` դժվար չէ կանխատեսել` այս հանձնաժողովը վերջում ընդունելու է մի այնպիսի եզրակացություն, որ բոլորը «երանի են տալու» Գլխավոր դատախազության եւ մյուս «պատասխանատու» մարմինների` մինչ օրս տված գնահատականներին ու եզրակացություններին: Մնում է իսկապես «հոգեխանգարմունքի» մեջ չընկնել: