– Պարոն Թաթիկյան, Հայաստանի ներքաղաքական կյանքն այնպես է դասավորվում, որ քաղաքականությամբ ստիպված են զբաղվել գրեթե բոլորը: Եվ արվեստագետներն էլ իրենց քաղաքական համակրանքներն աշխատում են չթաքցնել, հատկապես, եթե այդ զգացմունքը տածում են իշխանությունների հանդեպ: Դուք հրապարակային ելույթներ չեք ունենում, եւ, եթե չեմ սխալվում, առանձնացած Ձեր հողամասում, զբաղվում եք հողագործությամբ:
– Թող կոշտ չհնչի, բայց ինձ կոպտորեն դուրս վռնդեցին հայկական մշակույթից:
– Ովքե՞ր։
– Մերձավորագույն ընկերներից` պետական բարձրագույն մակարդակով: Վտարեցին, որովհետեւ… լավ արեցին: Իմ երգը միշտ ավելին է եղել, քան երգը: Թիկունքիս պետք է կանգնած լինեին հայ գրողները, ովքեր պիտի հասկանային, որ այս մարդը հայ գրականության համար նոր տարածք է գտել` կիթառը: Սակայն առաջին քննադատներս դարձան հայ գրողներն ու հայ կոմպոզիտորները, քանի որ հասկացան` բանաստեղծության միջոցով երգի ոլորտն եմ լայնացնում, երգի միջոցով` բանաստեղծության:
– Իսկ դրա անհրաժեշտությունն առհասարակ կա՞:
– Հայ երգը միշտ գաղափարական է եղել եւ խարսխված բարձրակարգ գրականության վրա` սկսած Մաշտոցից, Նարեկացուց` մինչեւ Բաղդասար Դպիր: Մինչ իմ սեփական խոսքերով երգեր գրելը, գրեցի մեծերի խոսքերով: Սակայն ես ինձ համարում եմ արձակագիր: Գտնում եմ, որ արձակն Աստծուց չի տրված. դու պետք է աշխատես, չարչարվես: Երգն Աստծուց է: Ես երգի վրա չեմ չարչարվում. մեղեդին գալիս է: Երբ ասում են`ինչո՞ւ փողով համերգ չես կազմակերպում, ասում եմ` Աստծուց եմ ստացել: Բայց ես արձակ ոչ մի գործ չեմ գրի, գորգերով չեմ զբաղվի, եթե չվարձատրվեմ, քանի որ անսահման աշխատանք եմ թափում:
– Ի դեպ, Դուք մի բանաստեղծություն ունեք, ուր նշում եք, թե՝ «Բախ թող լսեն քաղքենիները»: Իրո՞ք կարծում եք, որ Բախի, ասենք, «Չարչարանքներ` ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը քաղքենիների ականջի համար է:
– 1965 թվականին, ամեն կիրակի գնում էինք Բախ լսելու: Այն ժամանակ Բախ լսելու էր գնում էլիտար, բարձր խավը: Պետք էր տեսնել` ի՜նչ օծանելիք էին օգտագործում, ինչպե՜ս էին հագնվում, ի՜նչ գեղեցիկ մարդիկ էին: Այսօր Երեւանը գյուղ էլ չէ: Այսօր ես անգամ համերգ չեմ կարողանում գնալ, որովհետեւ ոչ կուլտուրական զանգված է` հեռախոսներով, վատ հոտ է գալիս, չլվացված, նորմալ չհագնված: Պենդերեցկու երկու համերգին գնացի, երրորդին չկարողացա. էնպիսի՜ հասարակություն էր: Զզվելի էր: 1965-66թթ. Երեւանը դառնում էր քաղաք: Եվ, ահա, այդ համերգին տեսնում եմ, որ մի համեստ աղջիկ օգնում է Վահագն Ստամբոլցյանին, նոտայի էջերն է շրջում: Եվ այդ հակադրությունը ստիպեց ինձ գրել այդ բանաստեղծությունը: Սա՛ է պատմությունը: Թե չէ` շատ կցանկանայի, որ քաղքենիները Բախ լսեն: Իսկ քաղքենիները, գիտենք, ինչ են լսում:
– Ի՞նչ են լսում:
– Սիրուշո: Շուշա՜ն… ըըը… Պետրոսյան, եւ նման բաներ:
– Հեղինակային երգը Հայաստանում, այնուամենայնիվ, չունեցավ այն որակն ու ազդեցությունը, որ ունեցավ, դիցուք, Ռուսաստանում: Վիսոցկին, Օկուջավան, մյուսները կարողացան ազդել հասարակության մտածողության, ճաշակի վրա…
– Ես երբեւիցե չեմ սիրել այդ երգերը:
– Վիսոցկու երգերը չե՞ք սիրել:
– Իհա՛րկե ոչ: Ես նրան ընդունում եմ որպես մեծագույն արտիստ, ազատ, անկախ մարդ: Բայց ինքն ի՞նչ երգիչ է: Առավել եւս`երգահան: Նա պարզապես Վիսոցկի է:
– Վիսոցկին Ռուսաստանում էր: Հայաստանում այդ դաշտը զբաղեցրել էիք Դուք, Արթուր Մեսչյանը, Ռուբեն Հախվերդյանը…
– Չգիտեմ, անձամբ Արթուրն` ինչպես (նա ռուսական կրթություն ուներ, եւ մենք հաճախ խնդիրներ էինք ունենում), բայց Ռուբենն ու ես ունեինք նպատակ` երիտասարդությունը երգում էր Օկուջավա, Վիսոցկի, եւ մենք խնդիր ունեինք, որ մեր երիտասարդները երգեն ավելի բարձր երգեր: Մենք եկանք ֆրանսիական շանսոնից: Դա մի շանսոն է, ուր հայերն ունեն իրենց ներկայությունը` հանձին Ազնավուրի: Նա 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից է: Նրա կողքին կարող է լինել միայն «Բիթըլզը»: Թեեւ ինձ համար Ժակ Բրելն էր ամենա-ն: Մեր կոմպոզիտորներն այնքա՜ն գեղեցիկ բանաստեղծություններ չեն նկատել, դրանք երգեր չեն դարձրել, որովհետեւ նրանք հայկական պոեզիա չգիտեն: Կոնսերվատորիան, Բժշկական ինստիտուտը միմյանցից չեն տարբերվում: Ռուսականացման օջախներ են: Մեր նպատակն էր` կտրվել ռուսական խորթ մոտիվներից:
– Հաջողվե՞ց:
– Հաջողվեց: Ռուբիկի, Արթուրի, իմ երգերը կասեցրեցին ռուսական մշակույթի հաղթարշավը:
– Արդյոք մի փոքր չե՞ք շտապում` համարելով, որ այդ խնդիրը լուծել եք: Բավական ժամանակ է` նոր երգեր չեն ստեղծվել: Իսկ Արեւմուտքից, Եվրոպայից մշակույթի, երգարվեստի էքսպանսիան կասեցնել հնարավոր չէ եւ գուցե անհրաժե՞շտ էլ չէ: Կարո՞ղ է այսօր հայկական մշակույթը կասեցնել օտար մշակույթների էքսպանսիան:
– Ո՛չ: Ես դառնորեն մտածում եմ` լա՛վ, թող իմ երգերը չհնչեն, բայց թող որեւէ մեկը ասի, որ այսօր կա մի սրճարան, ուր միացնում են Ռուբիկի կամ Արթուր Մեսչյանի երգերը:
– Նրանց երգերը սրճարաններում չեն միացնում: Սակայն, համաձայն չե՞ք, որ դժվար է ագրեսիվ էքսպանսիա համարել «Բիթըլզի», «Դիփ փարփլի», «Քուինի», արդեն դասական համարվող այլ ռոք խմբերի երգերը: Դրանք լսվում են ոչ այն պատճառով, որ չկա դրանց հայկական էկվիվալենտը, այլ՝ որովհետեւ խնդիրը երգիչների անհատականությունն է, պրոֆեսիոնալիզմը: Ի դեպ, այսօր նույնքան հաճույքով լսվում են Վիսոցկու երգերը:
– Կարող եմ ասել, որ այն բոլոր երգերը, որոնք հնչում են ժամանակակից հայկական փոփ մշակույթում, թխած, մահացած, պրիմիտիվ երգեր են:
– Զրույցի սկզբում Ձեզ հարց ուղղեցի Հայաստանի ներքաղաքական կյանքում արվեստագետների ներկայության մասին, սակայն զրույցն անցավ երաժշտության քննարկման դաշտ: Անորակ երգարվեստից առավել, ենթադրում եմ, Ձեզ հուզում է ներքաղաքական ճգնաժամը, որն առաջացել է հատկապես մարտի մեկից հետո:
– Ես մի բաց նամակ եմ գրել Լեւոն Տեր-Պետրոսյանին` «Առավոտում»: Դիմեցի նրան` որպես իմ հայրենակցի, որպես գիտնականի` ասելով` ինձ համար կարեւոր ինստիտուտ է նախագահի ինստիտուտը, եւ երբ նրան դիմում են ոչ թե՝ «պարոն նախագահ», այլ՝«Լեւոն», արդեն այն չէ: Միեւնույն է, նա չէր դառնալու նախագահ, եթե ազգը հիշողություն, ինտելեկտ ունի: Նա այն թեկնածուն չէր: 1998-ին իրեն չեն հանել, ինքը հրաժարական է տվել: Առանց պայքարի: Ես մարդու պայքարող տեսակն եմ ընդունում:
– Ժամանակավոր կամ հարկադրված նահանջը Դուք համարում եք պայքարի մերժելի՞ ձեւ: Ժամանակը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականը նոր հարձակման սկիզբ էր:
– Ոչ, դա նահանջ էր` առանց երգի: Դա նահանջ չէր, դա մութ պատմություն էր: Անձամբ ճանաչում եմ մեր բոլոր նախագահներին: Զվարճալի է, երբ որեւէ քաղաքական ուժ հավակնում է գալ իշխանության եւ բարեփոխել իրավիճակը: Դա չի կարող լինել: Շատ ծանր է մեր երկրի վիճակը: Հայ ժողովուրդը կորցրել է իր աստեղային ժամանակը` 1988-1992-ը: Եթե այն ժամանակ մեր լիդերների էյֆորիան չափավոր լիներ, մեր ժողովուրդը կարող էր մաքրվել սովետական շրջանի տիղմից, այնպե՜ս համախմբվել: Ղարաբաղյան շարժումը հաղթեց, քանի որ թելադրողը, պարտադրողը ժողովուրդն էր: Այսօր խնդիրն այն է, որ ժողովրդին հանգիստ թողնեն: Էսօրվա ժողովուրդը վտանգավոր է, որովհետեւ սպառված է, սոված է: Այսօր նա ժողովուրդ չէ, ամբոխ է, որովհետեւ ժողովուրդը պետք է ունենա հստակ ընդգծված բանվորություն, գյուղացիություն, մտավորականություն: Այս խավերի հարաբերությունն է ստեղծում ժողովուրդ: Եթե քաղաքական գործունեություն ես իրականացնում, պետք է հենվես դասակարգի վրա: Իսկ ամբոխին փողոց հանելը վտանգավոր է:
– Մարդիկ փողոց են դուրս գալիս հիմնականում իրենց սեփական նախաձեռնությամբ, քանի որ հոգնել են ընտրությունների ընթացքում տեղի ունեցող զանգվածային նվաստացումից, կոռումպացված իշխանություններից, կաշառակեր դատավորներից: Դուք հետեւո՞ւմ եք մարտի մեկից հետո տեղի ունեցող դատավարություններին:
– Դատավորներին չեմ սիրում: Ովքե՞ր են այսօր դատական պրոցեսներ իրականացնող դատավորները: Կաշառակերնե՛ր: Ո՞ւմ կողմից են այսօր աշխատում դատավորները` իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության: Եթե որեւէ մեկը այսօր այդ հարցը տա՜ր ինձ…
– Մինչ այս պահն այդ հարցի պատասխանն ինձ համար գոնե պարզ էր, սակայն Ձեր ձայնի երանգը շատ խորհրդավոր է, հետեւաբար՝ թույլ տվեք հետաքրքրվել` ո՞ւմ կողմից են դատավորները:
– Նրանք արմատական ընդդիմության կադրերն են: Այդ մարդիկ երե՞կ են ստացել կրթությունը:
– Ո՛չ, խորհրդային տարիներին:
– Ժակ Բրելին նվիրված իմ համերգից առաջ իր խոսքում Ալեքսանդր Թոփչյանն ասաց հետեւյալ միտքը` անկախ դասակարգերի, իշխանությունների փոփոխությունից` կա երեք ծառայություն, որ միշտ պահանջարկ ունեն` անվտանգության ծառայությունները, դահիճները եւ պալատական երգիչները:
– Որպես կատարվող ապօրինությունների արդարացում` բերվում են օրինակներ անցյալից: Սակայն վատ անցյալը վատ ներկայի արդարացո՞ւմ է:
– Ներկան վատ չէ: Առաջին անգամ Հայաստանը մեր նորագույն շրջանում կարողացավ ընդարձակվել: Այսօր Հայաստանը 30.000 քկմ չէ: Երեւանից գնում ես, հա գնում, սպիդոմետրը ցույց է տալիս 500 կմ: Եվ դա մի տարածք է, որը չի հանձնվելու: Թող հեքիաթներ չպատմեն: Ազատագրված տարածքները երբեք չեն հանձնվելու: Դա չի հանձնվելու, որովհետեւ դա մենք չենք արել, դա արել է պատմությունը: Դա Աստծո եւ պատմության վճիռն է:
– Ազատագրված տարածքների գաղափարը հաճախ է սփոփում, բայց ոչ միշտ: Առօրյայում տարածքների մասին հիշողությունները ստորադասվում են թանկացումներին, արդեն նշեցինք` կոռումպացված չինովնիկության հետ գործ ունենալուն, գիտակցությանը, որ քո ընտրությունից ոչինչ կախված չէ:
– Ընտրություններ բոլորն են կեղծել, ընտրակաշառք բոլորն են առաջարկել: Առաջին կեղծված ընտրությունները եղել են «Ղարաբաղ» կոմիտեի ընտրությունները: 1988թ. փետրվարի 22-ին ես ականատես եմ եղել, թե ինչպես ԿԳԲ-ի մի գնդապետ կազմեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ցուցակը: ԳԽ ընտրություններն էլ ազնիվ չեն եղել: Ցուցակները կազմել է Աշոտ Մանուչարյանը: Ես ներկա եմ եղել:
– Դա նշանակում է, որ այսօր եւ՞ս պետք է գնանք այդ ճանապարհով:
– Գիտեք, իմ կարծիքով, Լեւոնն ընդդիմություն չէ:
– Ո՞վ է ընդդիմություն Ձեզ համար:
– ՀՅԴ-ն: Բայց նա ունի ներկայություն կառավարությունում: Քոչարյանի ժամանակ լեգալիզացվեց, ադապտացվեց: Չեմ խոսում ՕԵԿ-ի մասին: Չեմ հասկանում` դա ի՜նչ կուսակցություն է, ինչո՞ւ պետք է նախարարական պորտֆելներ ունենար: Հաղթել է ՀՀԿ-ն: Հարցնում եք` ինչպե՞ս: Ասեմ` ինչպես բոլորը: Եվ հետո, լրագրողների դերը չմոռանանք: Նրանք ընտրեցին բավական սահմանափակ, երրորդական քաղաքական գործիչների խումբ, որոնց կարծիքը պարտադիր պետք է մատուցել հասարակությանը: Ի՞նչ է մտածում այսինչը, մյուսը: Մտավորականությունը եւ հատկապես տեխնիկական մտավորականությունը, որն ուներ ասելիք եւ մեծ բագաժ, անտեսվեց: Ծերացավ մի սերունդ, որը ստեղծել էր Հայաստանի անկախության նախադրյալները եւ որն այդպես էլ չունեցավ պետականորեն դրսեւորվելու հնարավորություն: Բոլոր սոցերկրների առաջին նախագահներ դարձան դեմքեր, ովքեր անկախության գաղափարի դավանողներն են եղել ի սկզբանե` Հավելը, Ելցինը: Իսկ մեզ մո՞տ: Առաջին դեմքեր դարձան նրանք, ովքեր կապ չեն ունեցել անկախության հետ: Ի՞նչ պաշտոն զբաղեցրեց Աշոտ Նավասարդյանի նման պայծառ մարդը: Պարույր Հայրիկյանը: Միակ երկիրը, ուր անկախության գաղափարը դավանողները մասնակցություն չունեցան պետականության ստեղծմանը, Հայաստանն էր: