«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային տարբերակն այլընտրանք չունի»,- ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, ավելացնելով, որ պատերազմը չի կարող լուծում լինել: Նա հույս է հայտնել, որ հունիսի 6-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որն, ըստ հայկական կողմի՝ դրական եւ կառուցողական էր, թույլ է տալիս շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Մադրիդում արված առաջարկությունների հիման վրա: Խոսելով բանակցություններում Ստեփանակերտի մասնակցության մասին, Է. Նալբանդյանը նշել է, որ համանախագահները միշտ փորձում են հանդիպումներ ունենալ նաեւ ԼՂՀ ղեկավարության հետ: Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը միշտ խորհրդակցություններ են անցկացնում ղարաբաղյան ղեկավարության հետ` մինչեւ ադրբեջանական կողմի հետ հանդիպումը եւ դրանից հետո, այսինքն՝ Ղարաբաղն անուղղակի կերպով մասնակցում է բանակցային գործընթացին: «Բայց ես մտածում եմ, որ բանակցություններին Ստեփանակերտի ուղղակի մասնակցությունը կարող է արագացնել խնդրի կարգավորումը»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարարը: Անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը, Է. Նալբանդյանն ասել է, որ ավելի լավատեսորեն է տրամադրված, եւ հույս է հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ: «Ցանկացած դեպքում պետք է առավելագույն ջանքեր գործադրվեն, որպեսզի չվերսկսվեն ռազմական գործողությունները: Հայաստանը զերծ է նման մոտեցումից, եւ հույս ունենք, որ Ադրբեջանը եւս գիտակցում է դրա անհրաժեշտությունը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը: Հարցազրույցում Է. Նալբանդյանը խոսել է նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին: «Հայաստանի իշխանությունները վճռական են տրամադրված ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու հարցում»,- ռուսական «Նեզավիսիմայա գազետային» ասել է Է. Նալբանդյանը: Վերջինիս խոսքերով, հետընտրական իրավիճակում, երբ գործընթացները դուրս էին եկել նույնիսկ «դրանք հրահրողների հսկողությունից», իշխանությունները ստիպված եղան գործել Սահմանադրության թելադրանքով: Նախարարը նշել է, որ միայն դրա շնորհիվ հնարավոր եղավ երկրում ապահովել կայունություն, կանխարգելել փոքրամասնության ձգտումը` սեփական ցանկությունը մեծամասնությանը թելադրել եւ երկրում նորմալացնել իրավիճակը:
ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծված է աշխատանքային խումբ` ԵԽ ԽՎ բոլոր դիտարկումներն իրագործելու համար: Կարճ ժամանակահատվածում համապատասխան քայլեր են ձեռնարկվել` հաշվի առնելով միջազգային փորձագետների տեսակետները: «Մենք գիտակցում ենք, որ դեռ անելիք ունենք, բայց մենք վճռական ենք տրամադրված` բարեփոխումները շարունակելու հարցում: Եվ ոչ միայն եվրոպական կառույցների նկատմամբ մեր ունեցած պարտավորությունների համար, որի անդամ ենք մենք հանդիսանում, այլ նրա, որ ժողովրդավարական արժեքները մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն են»,- հայտարարել է Էդուարդ Նալբանդյանը: