Կուրորտային «արդարադատություն»

20/06/2008

Հունիսի 13-ին Սեւանում տեղի է ունեցել ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի արտագնա նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել 14 հարց: Ինչպես հայտնում են Վճռաբեկ դատարանից, նիստի ընթացքում քննարկվել եւ ձայների մեծամասնությամբ ընդունվել են որոշումներ` կապված Հայաստանի Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի («Ամուսնալուծությունը դատական կարգով»), ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ («Մեղադրյալի իրավունքները եւ պարտականությունները»), 390-րդ («Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգը») հոդվածների կիրառման պրակտիկայի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» որոշման, «Դատական գործերի էջերի վավերացման կարգը հաստատելու մասին», «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքների քանակը հաստատելու մասին», «Դատական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին», ինչպես նաեւ՝ «ՀՀ դատարանների գործավարության կանոնները հաստատելու մասին» եւ «ՀՀ դատարանների կողմից վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի եւ դրա փաստաթղթավորման օրինակելի կարգը հաստատելու մասին» որոշումներում: Դատարանների նախագահների խորհուրդը որոշում է կայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Միշա Ասատրյանին Խորհրդի պատվոգրով եւ հուշանվերով պարգեւատրելու մասին: Խորհրդի նիստի ընթացքում ընդունվել է նաեւ խորհրդատվական բնույթի որոշում` ՀՀ առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի կառուցվածքը հաստատելու մասին։