«Թոզ փչելու» վերջին արարը

15/06/2008

Երկուշաբթի օրը Հայաստան են ժամանելու ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն, որոնք հանդիպումներ են ունենալու եւ՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, եւ՛ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների, այդ թվում` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այցի նպատակն է ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարման ընթացքին ծանոթանալը: Նրանց եզրակացությունից է կախված լինելու այն, թե ինչ ընթացակարգով ԵԽ ԽՎ հունիսի 23-ին մեկնարկող նիստում կքննարկվի Հայաստանի հարցը: «Կա առաջարկ՝ հրատապ քննարկում կազմակերպել ՀՀ-ում ժողովրդավարական հաստատությունների գործողության շուրջ, բայց միայն այն դեպքում, եթե վեհաժողովի համազեկուցողները հունիսի 16-17-ին Հայաստան այցելելուց հետո եզրակացնեն, որ ՀՀ իշխանությունները բավարար առաջընթաց չեն ապահովել վեհաժողովի պահանջները կատարելու գործում»,- նշված է ԵԽ ԽՎ-ի երեկ տարածած հաղորդագրության մեջ: Հակառակ դեպքում Հայաստանի հարցը կքննարկվի հունիսի 25-ին: Ի դեպ, երեկ ԵԽ Վենետիկի հանձնաժողովում սկսվել է ՀՀ-ում արտակարգ դրության ժամանակ՝ մարտի 17-ին, «Հավաքների, երթերի, ցույցերի եւ հանրահավաքների մասին» օրենքում կատարված փոփոխությունների քննարկումը, որը տեւելու է երկու օր: «Հետաքրքիր» զուգադիպությամբ` դրանից ընդամենը մեկ օր առաջ Երեւանի քաղաքապետարանը մերժել է ընդդիմության` հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկումը: