«Ես դժվարանում եմ գնահատական տալ, թե կատարված քայլերը բավարա՞ր են, որպեսզի հարցը քննարկման առարկա չդառնա: Վստահ եմ, որ երկու համազեկուցողներն էլ ունեն մեծ քաղաքական փորձ, եւ իրենց գնահատականը կլինի անաչառ: Վստահ եմ` եթե անգամ նրանք համարեն, որ լրացուցիչ քննարկում պետք չէ, դա չի նշանակում, որ հարցը կարելի է փակված համարել»,- երեկ հրավիրված ասուլիսում անդրադառնալով ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների՝ երկուշաբթի օրը Հայաստան կատարելիք այցին եւ 1609 բանաձեւի կատարման ընթացքին, հայտարարեց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, թե այդ առումով շատ է կարեւորում ընդդիմության լիազորությունների «ավելացման» նպատակով վերջերս ԱԺ-ի ընդունած օրինագիծը: «Ընդդիմության մասին խոսելիս՝ չի կարելի ասել` այսքան իրավունք ունեն, ու վերջ: ԱԺ-ն զարգացող մարմին է, ու հետագայում այդ իրավունքներն ավելի են զարգանալու: Կարեւորագույն լիազորությունը, որ պետք է ընձեռված լինի ընդդիմությանը, օրենքների սահմանադրականությունը վիճարկելն է»,- ասաց նա: Մարտի 1-ի դեպքերը քննող հանձնաժողովի մասին ընդդիմության հիմնական պահանջը դրա անդամների ներկայացվածության անհավասարաչափությունն է: Դ. Հարությունյանի կարծիքով, սակայն, ԱԺ-ի բոլոր քաղաքական ուժերն այնտեղ ներկայացուցիչ ունեն, ինչը լիարժեք բավարարում է`պատշաճ քննարկումներ անցկացնելու համար: «Դեպքերի մանրամասն ուսումնասիրության մեջ առավել շահագրգռված են իշխանությունները: Եթե հաջողվեց խորը, մանրամասն ուսումնասիրել դեպքերը, վեր հանել պատճառները, այդ դեպքում մեզ կհաջողվի, իհարկե` կորուստներով, զոհերով, բայց պատմության այս էջը թերթել: Հակառակ դեպքում՝ քաղաքական ասպարեզում այդ հարցը մնալու է հարցական դեռ երկար ժամանակ` մթագնելով բուն քաղաքական բանավեճը»,- ասաց նա:
Հունիսի 20-ին ընդդիմության կողմից հանրահավաք կազմակերպելու իրազեկումը Երեւանի քաղաքապետարանը մերժել է` առաջարկելով Ազատության հրապարակի փոխարեն՝ այն անցկացնել «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքում: Արդյո՞ք իշխանությունները վախենում են հանրահավաքից: Այս հարցին ի պատասխան` Դ. Հարությունյանը նշեց, որ իշխանությունները միշտ ունեն լծակներ, որով այդ վախը նվազեցնում են: «Վախը կարող է լինել պրոցեսների նկատմամբ, որոնք դառնում են անվերահսկելի: Ես նույնպես վախ ունեմ, որովհետեւ ինձ համար անթույլատրելի է մարտի մեկի կրկնումը: Հատուկ պատրաստված ուժեր են անհրաժեշտ, որոնք նվազեցնում են վտանգները, երբեմն գործադրում են ուժ, բայց այն համարում են շատ ավելի համարժեք, քան հնարավոր հետեւանքը` ուժը չգործադրվելու դեպքում… Վախ միշտ կա, բայց այն չի կարող համարվել արդարացում, որպեսզի ուղղակիորեն սահմանափակվի մարդու այդ իրավունքը»,- ասաց նա: Ի դեպ, անդրադառնալով Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ-ից աքսորելու հարցին` Դ. Հարությունյանը նշեց, որ դա սխալ է` ավելացնելով, սակայն, որ ինքը հավակնություն չունի այս հարցի վերաբերյալ ներկայացնելու ՀՀԿ-ի հավաքական գնահատականը: Այնուամենայնիվ, նա նշեց, որ ինքը որեւէ քաղաքական հիմք չի տեսնում Ժ. Սէֆիլյանին վտարելու համար: «Իրավական հիմքերին լավ ծանոթ չեմ»,- ասաց նա: