Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել համակարգի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, հանրապետության նախագահն անդրադարձել է Ոստիկանության առջեւ ծառացած խնդիրներին, մեր երկրում Ոստիկանության դերին, նշանակությանն ու անելիքներին:
«Այսօր հրավիրել եմ այս խորհրդակցությունը մի շարք կարեւոր հիմնախնդիրների անդրադառնալու համար, որոնք անմիջականորեն առնչվում են ձեր գործունեությանը, վերաբերում են մեր երկրում Ոստիկանության դերին, նշանակությանն ու անելիքներին: Այս հարցերը հիմա առավել քան արդիական են: Կարծում եմ, սրանում որեւէ մեկը չի կասկածում»,- ասել է նա` անդրադառնալով Ոստիկանության առջեւ դրված խնդիրներին: «Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող, շարքայինից մինչեւ ոստիկանապետ, առնվազն երեք խնդիր է լուծում. հանցագործությունների պրոֆիլակտիկա, հասարակական կարգի պաhպանություն, պայքար հանցավորության դեմ: Այս երեք խնդիրները Ոստիկանությունը չի կարող միայնակ լուծել: Դրա համար պետք է հասարակության վստահությունն ու աջակցությունը: Հանրահայտ է, որ Ոստիկանությունն այն իրավապահ մարմինն է, որն, ի տարբերություն համակարգի մյուս կառույցների, քաղաքացիների հետ ունենում է ամենօրյա շփում: Ոստիկանի հետ շփման արդյունքում է հիմնականում ձեւավորվում Հայաստանի քաղաքացու վստահությունն իրավապահ համակարգի ու նաեւ պետության նկատմամբ: Եթե հասարակությունը վստահում է իրավապահին, ապա, մեծ հաշվով, վստահում է եւ պետությանը: Ինչո՞ւ եմ ես առանձնակի կարեւորություն տալիս այս հանգամանքին: Այն պարզ պատճառով, որ այս հանդիպման ընթացքում անդրադառնալու եմ ձեր աշխատանքի նկատմամբ հասարակական մտահոգություններին… Ձեզանից շատ-շատերը կարող են բերել բազմաթիվ օրինակներ, երբ ոստիկանի ամենաօրինապահ գործողությունները դառնում են շահարկումների առարկա, քաղաքականացվում են: Ինչո՞ւ: Խնդրում եմ, որ այս հարցը նաեւ ինքներդ ձեզ տաք ու պատասխանեք մտքում: Հասարակության վստահությունը շահելը հեշտ գործ չէ: Դա պահանջում է հետեւողական աշխատանք: Հասարակությունը պետք է տեսնի, որ Ոստիկանությունն աշխատում է իր անվտանգությունն ապահովելու համար, որ ոստիկանը հարգում է մարդու արժանապատվությունն ու իրավունքները: Արդյո՞ք պատկերն այդպիսին է: Հարցրեք հասարակությանը… Ցավոք, ո՛չ: Մեր երկրի քաղաքացիները ձեզանից արդյունքների են սպասում: Այս գիտակցումը պետք է սերմանեք նաեւ մեր ենթակաների մեջ»,- Ոստիկանության ղեկավար անձնակազմին ասել է Ս. Սարգսյանը` Ոստիկանության աշխատանքում առանձնացնելով խնդիրների երեք խումբ: «Ցանկանում եմ անդրադառնալ խնդիրների երեք խմբի. ձեր աշխատանքում հասարակությանը հուզող հիմնախնդիրներին, մասնագիտական գործառույթների պատշաճ իրականացմանը, ոստիկանների սոցիալական խնդիրներին: Այսօր հասարակությանը հուզող հիմնական խնդիրներից մեկը հասարակական կարգի պահպանությունն է: Հետընտրական զարգացումները ցույց տվեցին, որ այս ոլորտում լուրջ անելիք կա: Ավելին, մարտի 1-ի դեպքերից հետո հասարակությունը շատ ավելի զգայուն դարձավ ձեր յուրաքանչյուր գործողության նկատմամբ: Սա ձեզ, ինչպես նաեւ՝ ընդհանրապես բոլորիս համար, զգոնության ազդակ պետք է հանդիսանա: Բազմիցս նշել եմ, որ մարտի մեկի իրադարձություններում իրենց մեղքի բաժինն ունեն բոլորը. թե՛ ցույցերի կազմակերպիչները, թե՛ պետությունը, եւ, անշուշտ, իր բաժինն ունի Ոստիկանությունը: Մարտի մեկի իրադարձությունները մեր Ոստիկանության համար լուրջ փորձություն էին: Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Ոստիկանությունը գործ ուներ զանգվածային անկարգությունների հատուկ կազմակերպված ծրագրի հետ: Հասկանալի է, որ նախադեպը չունեցող իրավիճակը հղի էր վտանգներով: Արդյունքում, իրադարձությունները զարգացան վատթարագույն սցենարով: Սակայն, համոզված եմ, եթե մեր ոստիկանների գործողությունները լինեին ավելի արհեստավարժ, եթե մեր Ոստիկանության պատրաստվածության ու հագեցվածության մակարդակն ավելի բարձր լիներ, գուցե հնարավոր լիներ խուսափել այն մեծ ողբերգությունից, որը 2 ոստիկանի, 8 քաղաքացու կյանք խլեց»,- ասել է նա` այդ համատեքստում անդրադառնալով ժողովրդավարությանը: «Մենք կառուցում ենք ժողովրդավարական պետություն, իսկ ժողովրդավարական պետություններում տեղ ունեն թե՛ հանրահավաքները, թե՛ բողոքի գործողությունները, թե՛ զանգվածային միջոցառումները: Ես հայտարարել եմ, ու եւս մեկ անգամ ասում եմ, որ պաշտպանելու եմ մեր քաղաքացիների բողոքի իրավունքը, սակայն դա չի ենթադրում ամենաթողության իրավունք: Մեր երկրում հանրահավաքներ եղել են, ու համոզված եմ, լինելու են: Դա ժողովրդավարության բաղկացուցիչ մասն է: Ցանկացած երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանց մասնակցում են հարյուրավոր, հազարավոր, տասնյակ-հազարավոր մարդիկ: Ոստիկանության խնդիրն այդ միջոցառումներում հասարակական կարգի պահպանությունն է: Այսինքն, դուք պիտի անեք այնպես, որ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում… Հասարակական կարգի ցանկացած խախտում պետք է խիստ ու միանշանակ արձագանք ստանա: Սակայն «խիստ» բառը «կոպիտ» բառի հոմանիշը չէ: Ձեր գործողությունները պետք է լինեն արհեստավարժ, համարժեք, իրավական առումով անխոցելի: Դուք պաշտպանում եք օրենքը: Ձեր բոլոր գործողությունները պետք է լինեն օրենքով: Օրենքին պետք է տիրապետեք կատարյալ: Անհնար է անօրինական գործողություններով օրինականություն սահմանել»,- հայտարարել է նախագահը` նշելով, որ հասարակության կողմից Ոստիկանության հանդեպ վերաբերմունքը մեծապես պայմանավորված է նաեւ Ճանապարհային ոստիկանության աշխատանքով: «Երկու ամիս առաջ ինձ հարցրին, թե ինչ եմ մտադիր անել այն պաշտոնյաների երեխաների ու իրենց արտոնյալ համարող մարդկանց հետ, ովքեր խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները: Ես պատասխանեցի. «Կանեմ՝ կտեսնեք»: Քանի որ այս հանդիպումն աշխատանքային է, ուզում եմ մի սովորական օրինակ բերել: Փողոցով, բառացիորեն ճանապարհային ոստիկանի աչքի առաջ անցնում է թանկ ու, այսպես կոչված, «լավ համարներով» մեքենաների շարասյուն, եւ ճանապարհային ոստիկանն ուրիշ բան չի գտնում անելու, քան՝ շրջվելն ու չտեսնելու տալը: Ավելին, այդ ընթացքում նա գտնում է խեղճ ու կրակ մի վարորդի եւ փորձում տուգանել: Այսինքն, պատրանք է ստեղծում, թե աշխատում է: Սա անթույլատրելի է»,- ասել է նա: «Ես պահանջում եմ, որ այս երեւույթն արմատախիլ արվի: Մեր ճանապարհներին լկտիությունն ու անդաստիարակությունը տեղ չունեն: Եթե որեւէ մեկն, օրինակ, չկանգնի կարմիր լույսի տակ, իրեն օրենքից վեր համարի մեքենայի մակնիշով, համարանիշով իր կամ ծնողի զբաղեցրած պաշտոնով կամ փողի չափով` անպատիժ չպետք է մնա ու չի մնալու,- ասել է Ս. Սարգսյանը` ավելացնելով,- Ասվածն ընդունեք իբրեւ կոնկրետ հանձնարարություն: Ձեզանից պահանջվում են կոնկրետ ու հետեւողական քայլեր, ու ինձ համար ձեր գործողությունների գնահատականը լինելու են ոչ թե ոստիկանական ամփոփագրերը, այլ մեր հասարակության կարծիքը»: Նախագահն անդրադարձել է նաեւ տարբեր, այսօր լայն տարածում ստացած` թիկնազորներ ունենալու երեւույթին: «Մեր երկրում օրինականությունն ու ապահովությունը պաշտպանող հիմնական մարմինը Ոստիկանությունն է: Ոչ թե թիկնազորն, այլ Ոստիկանությունը պետք է պատկառանք ներշնչի հասարակությանը: Բայց, ցավոք սրտի, պատկերը բոլորովին այլ է: Այս հարցին, սակայն, անդրադառնալու եմ այլ առիթով»: Նա խոսել է նաեւ Ոստիկանության մասնագիտական գործառույթների մասին` ընդգծելով, որ պետք է վերացնել Ոստիկանության կողմից կամայական գործողությունների իրականացումը, մարդու իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարող ցանկացած քայլ: «Յուրաքանչյուր ոստիկան պետք է հասկանա, որ անընդունելի է ապացույցների ձեռքբերումը հակաօրինական միջոցներով, անընդունելի է մարդու արժանապատվությունը նվաստացնող միջոցների կիրառումը…,- ասել է նա` ավելացնելով,- Հավատացեք, ձեզ կհարգեն այն ժամանակ, եթե տեսնեն, որ ոստիկանն ինքն է հարգում իր համազգեստի պատիվը, կհարգեն ու կվստահեն, երբ համոզվեն, որ ոստիկանն անկաշառ է ու ազնիվ, որ նրա հետ հնարավոր չէ անօրինական գործարքի գնալ: Միայն այդ միջոցով է հնարավոր ամրապնդել վստահությունն ու հավատը ոստիկանի նկատմամբ: Իսկական ոստիկանը նա է, ով իր պատիվը շատ ավելի բարձր է դասում, քանի ուրիշի հետ գործարքի գնալը»: Ս. Սարգսյանն անդրադարձել է նաեւ Ոստիկանության աշխատակիցների սոցիալական խնդիրներին` նշելով, որ բացի դրանց իրավիճակային լուծումներից՝ հեռանկարում մշակվելու է ոստիկանների սոցիալական երաշխիքների ապահովման ավելի լայն փաթեթ: «Ոստիկանը ստանալու է արժանապատիվ վարձատրություն, բայց մենք ձեր աշխատանքի որակի նկատմամբ լինելու ենք ավելի պահանջկոտ»,- ասել է նախագահը: Վերջում Ս. Սարգսյանը` նշելով, որ այսուհետ նման հանդիպումներ կազմակերպվելու են տարին մի քանի անգամ, Ոստիկանության ղեկավար աշխատողների առջեւ կոնկրետ խնդիրներ է դրել: «Այսօր ես ձեր առջեւ դնում եմ երեք հիմնական խնդիր` հասարակական կարգի պահպանություն, մեր ճանապարհներին լկտիության վերացում, մասնագիտական գործառույթների պատշաճ իրականացում»: