Խուլիգանություն՝ օդում

15/06/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Միխայիլ Ղարիբյանը կապույտ աչքեր ունի, անհոգ թվացող պահվածք, հինգ ու վեց տարեկան երկու երեխա եւ ավելի խիստ պատիժ ստանալու տխուր հեռանկար: Ավելի խիստ՝ քան արդեն իսկ ստացել էր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 2008թ. ապրիլին:

Ղարիբյանը քյավառցի է, չնայած՝ ծնվել է Ղազախստանում: Քյավառցի լինելով հանդերձ՝ նա, իր հավաստմամբ, ընդհանրապես խմող չէ, չնայած՝ հանցանք է գործել հենց խմած վիճակում: Ընդ որում՝ հանցանքի պահին գտնվել է ո՛չ ցամաքում, ո՛չ էլ նույնիսկ՝ Սեւանի ափին, այլ՝ օդում: Ավելի ստույգ՝ ինքնաթիռի մեջ: Նա ամպերում սավառնող եզակի քյավառցիներից է երեւի, որ հարբած վիճակում, թռիչքի պահին խախտել է օրենքը ու հիմա պետք է ենթարկվի պատասխանատվության՝ ըստ օրենքի պահանջի ու կատարածի ծանրության: Եվ պարզվում է, որ նրա արարքը դեռ մի բան էլ ավելի ծանր է, քան ի սկզբանե նրան մեղադրել էր նախաքննական մարմինը, ու դատապարտել ընդհանուր իրավասության դատարանը: Նույնիսկ այդ հարցում Միխայիլի բախտը չի բերում, ինչպես որ չէր բերել կյանքում առաջին անգամ վիսկի համտեսելու պահի ընտրության հարցում: Մանուկ հասակում Միխայիլը, երեւի, երազել էր «լյոտչիկ» դառնալու մասին՝ տարեկից շատ կապուտաչյա տղաների նման: Չէր դարձել: Ավելին, հիմա արդեն կնախընտրեր, որ ինքնաթիռի ուղեւոր էլ չդառնար: Որովհետեւ հերթական թռիչքից հետո նրան օդից իջեցրել ու հանձնել էին ուղիղ ոստիկանների ձեռքը: Վատ վարքի համար:

Չվերթը՝ Մոսկվա-Երեւան

2008թ. փետրվարի 14-ն էր: Միխայիլ Ղարիբյանը Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան էր գալիս: Թռիչքի ընթացքում, իր իսկ խոսքերով՝ երկու փոքրիկ բաժակ վիսկի հյուրասիրեցին: Նա քաղաքավարությանն ու հետաքրքրասիրությանը զոհ գնաց, հյուրասիրությունն ընդունեց, ինչից անմիջապես հետո էլ ընկավ խմիչքի ազդեցության տակ ու կորցրեց ինքնատիրապետումը: Սկսեց աղմկել, հայհոյել ու խանգարել մյուս ուղեւորների հանգիստ թռիչքը:

Հիմա, դեպքից ամիսներ անց, դատարանի ապահով դահլիճում Ղարիբյանի արարքը ներկաների ժպիտն էր հարուցում: Բայց կարելի է պատկերացնել, որ փետրվարի 14-ին, մոտ 10 հազար կիլոմետր բարձրության վրա նա իր աղմուկ-աղաղակով, խուլիգանական գործողություններով ինչ տագնապ էր առաջացրել ուղեւորների շրջանում, ինչ լարված իրադրություն ստեղծել ահաբեկիչների ու ինքնաթիռային պատահարների պատմություններից քաջատեղյակ մարդկանց համար: Թե ինչ էր պահանջում ինքնաթիռում՝ հիմա արդեն Միխայիլը բոլորովին չի հիշում: Բայց փաստն այն է, որ միայն գոռգոռոցներով ու հայհոյանքներով չբավարարվեց: Բռունցքով հարվածեց ուղեկցորդի քթին ու միջին աստիճանի վնաս պատճառեց նրա առողջությանը: Դեռ լավ է, որ նման ծանրության հարվածն ուղեկցորդուհուն բաժին չհասավ: Ղարիբյանը չսահմանափակվեց սիրողական «բռնցքամարտի» այս ցուցադրական «ելույթով»: Նրա հաջորդ հարվածից ջարդուփշուր եղավ զուգարանի հայելին՝ «Արմավիային» պատճառելով մոտ 1940 դոլարին համարժեք դրամի նյութական վնաս: Այո, քրեական գործում զուգարանի ջարդված հայելու արժեքը՝ մի բավական կլորիկ գումար, իրավամբ տեղ է գտել: Դա գույք է, որն իր գործողություններով ոչնչացրել է Ղարիբյանը: Իսկ մարդկային ջարդված քթի «արժեքը» չկա, որովհետեւ տուժող ուղեկցորդը ներողամտություն է հանդես բերել: Ավելացնենք, որ զուգարանի թանկարժեք հայելին էլ եղավ այս գործով կայացված դատավճիռը բեկանելու եւ Միխայիլ Ղարիբյանի վիճակը ապագայում, հնարավոր է, ավելի ծանրացնելու պատճառ:

Միայն՝ տուգանք

Նախաքննական մարմինը Միխայիլ Ղարիբյանին մեղադրանք առաջադրեց խուլիգանություն կատարելու համար: Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր ճանաչեց, զղջաց ու խնդրեց, որ իր գործը քննվի արագացված ընթացակարգով: Մեղադրանքը պաշտպանող դատախազը չառարկեց: Նա միջնորդեց, որ Ղարիբյանի նկատմամբ սահմանվի ազատազրկման հետ չկապված պատիժ, այն է՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հենց այդ պատիժն էլ սահմանեց. 200.000 դրամ տուգանք: «Արմավիային» հնարավորություն տրվեց հետագայում քաղհայցով դիմել դատարան՝ պատճառված վնասը վերականգնելու համար:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք բերեց հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը: Նրա կարծիքով՝ Ղարիբյանի արարքը թերի էր որակվել, ինչի արդյունքում էլ սահմանվել էր ակնհայտ մեղմ պատիժ: Հետեւաբար, բողոքաբերը պնդում էր, թե դատավճիռը պետք է բեկանել, գործն ուղարկել նույն ընդհանուր իրավասության դատարանը՝ նոր քննության: Ազատության մեջ գտնվող Միխայիլն իր ոտքով ներկայացավ Վերաքննիչ քրեական դատարանի նիստին: Տպավորությունն այնպիսին էր, թե Վերաքննիչ դատարանում նա իրեն զգում է անհաստատ ու անվստահ: Որոշ մարդիկ նման զգացողություն են ունենում ինքնաթիռով թռչելու ժամանակ:

Հիմնավորում՝ նախադեպային որոշմամբ

Վերաքննիչ բողոքի հեղինակը, իր տեսակետը հայտնելով՝ հենվել էր Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման վրա: Մեղադրանքը պաշտպանող դատախազն այդ որոշումը ներկայացրեց Վերաքննիչ դատարանին: Ըստ դատական վերին ատյանի՝ եթե գույքի դիտավորյալ ոչնչացումը կատարվել է այլ հանցավոր արարքին զուգընթաց եւ պատճառվել նյութական զգալի չափով վնաս, ապա գույքի ոչնչացման համար առանձին հոդվածով մեղադրանք առաջադրելու կարիք չկա, այն կներառվի հիմնական հանցագործության հանցակազմում: Իսկ եթե ոչնչացված գույքի արժեքը խոշոր չափերի է, կամ ոչնչացումը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում եւ այլն, ապա նման դեպքերում առաջադրվում է նաեւ մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի համապատասխան՝ 185-րդ հոդվածով: Մարդը դատապարտվում է հանցագործությունների համակցությամբ: Տվյալ դեպքում՝ Միխայիլի ոչնչացրած գույքը՝ ինքնաթիռի զուգարանի հայելին, իր արժեքով խոշոր չափի էր, հետեւաբար, մեղադրանք պետք է առաջադրվեր ոչ միայն խուլիգանության, այլեւ՝ գույքի դիտավորյալ ոչնչացման համար: Արարքի որակման հարցում դրսեւորված թերությունն առաջացրել էր նյութական իրավունքի խախտում՝ ըստ բողոքաբերի:

Քանի որ օրենքի առաջ բոլորի հավասարությունը պարտադիր պահանջ է, հետեւաբար, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման պայմաններում Միխայիլի վիճակն արհեստականորեն բարելավվել էր. եւ՛ արարքն ամբողջությամբ չէր որակվել, եւ՛ դրա արդյունքում սահմանվել էր ակնհայտ մեղմ պատիժ:

«Հարբած էի, չեմ հիշում»

Որպես իրեն արդարացնող փաստարկ՝ Միխայիլը Վերաքննիչ քրեական դատարանում հայտնեց, թե հայելին ջարդելու դիտավորություն չի ունեցել: Այդպես ստացվել է: Արարքի պատճառը եղել է հարբածությունը: Խմել է քիչ, բայց հարբել՝ միանգամից, ու ոչինչ չի հիշում: Ջարդե՞լ է հայելին, չի՞ ջարդել՝ ինքը հաստատապես ասել չի կարող: Եթե մյուսները պնդում են, երեւի՝ ջարդել է: Բայց դա արել է այն պահին, երբ «աչքերի առաջը հարբածությունից սեւացած էր»: Այլապես հայելու մեջ գոնե կտեսներ սեփական արտացոլումը ու կհասկանար, թե ինչ անթույլատրելի աստիճանի է հարբել ու կորցրել ինքզինքը: Սեփական շահերը միայնակ՝ առանց փաստաբանի պաշտպանող Ղարիբյանը իրավաբանական նրբությունները չէր հասկանում ու մոռանում էր նաեւ, որ հանցանքը հարբած վիճակում կատարելը ոչ թե արդարացնող, այլ օրենքով մեղքը ծանրացնող հանգամանք է:

Նախաքննական թերությունն ու դատական նոր պտույտը

Այնուամենայնիվ, նախաքննական մարմինն էր թերի որակում կատարել, ապա եւ դատախազն էր թերի մեղադրանքը պաշտպանել դատարանում: Դատախազն էր միջնորդել, որ պատիժը սահմանվի տուգանքի ձեւով՝ 200.000 դրամի չափով: Դատարանը նույն պատիժն էլ սահմանել էր:

Այնպես որ, ստացվում է, նախաքննական թերության պատճառով Ղարիբյանի վիճակի ծանրացում է հնարավոր դատական երկրորդ շրջապտույտի ժամանակ: Որքանո՞վ արդարացի կլինի դա, որքանո՞վ ճիշտ կլինի նրա իրավունքների պաշտպանության տեսակետից՝ կորոշի դարձյալ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը: Որովհետեւ Վերաքննիչ քրեական դատարանն այս գործով բերված բողոքը 2008թ. հունիսի

5-ին բավարարեց, բեկանեց Միխայիլ Ղարիբյանի նկատմամբ կայացված դատավճիռը ու գործն ուղարկեց ընդհանուր իրավասության նույն դատարան՝ նոր դատաքննության: