Հայ-եգիպտական դեղագործական ընկերության ստեղծումն ավարտական փուլում է

22/05/2005

Ըստ ԱԳՆ հաղորդագրության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության
առողջապահության եւ բնակչության հարցերի նախարարի հրավերով մայիսի 9-ին
Եգիպտոս էր ժամանել ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը: Երկու
երկրների միջեւ առողջապահության եւ դեղագործության ոլորտներում
համագործակցության զարգացման ուղիները եւ հեռանկարները քննարկելուց զատ,
նախարարներն անդրադարձել են ՀՀ եւ Եգիպտոսի կենսաբանական արտադրանքի եւ
վակցինաների հոլդինգային «Vacsera» ընկերության միջեւ համատեղ ընկերության
ձեւավորման գործընթացն ավարտին հասցնելու անհրաժեշտությանը: Նորայր
Դավիդյանի՝ «Vacsera» ընկերության այցելության արդյունքում «ձեռք բերվեցին
հստակ պայմանավորվածություններ համատեղ ընկերության ստեղծման հետագա
քայլերի, կողմերի մասնակցության եւ պարտավորությունների վերաբերյալ»,-
ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Vacsera»-ն հայտնի է որպես կենսաբանական հեղուկներ,
պատվաստանյութեր, սննդային հավելումներ, նաեւ՝ ինսուլին արտադրող
ընկերություն: Անցյալ տարի Պետական գնումների գործակալության հայտարարած
ինսուլինի գնման մրցույթին «Vacsera»-ն մասնակցել էր եւ պարտվել: Նշենք,
որ եգիպտական ինսուլինը շուկա հանելուն դեմ էին արտահայտվում
էնդոկրինոլոգներից մի քանիսը, պատճառաբանելով, որ իրենց այդ ինսուլինը
ծանոթ չէ եւ երբեւէ չեն օգտագործել այն: Մինչդեռ, որոշ աղբյուրների
պնդմամբ, եգիպտական ինսուլինի ետեւում կանգնած են նախարարության
պաշտոնյաները: Ուստի համատեղ Հայ-եգիպտական դեղագործական ընկերության
ստեղծումն ամենայն հավանականությամբ քայլ առաջ է ոչ այնքան «Vacsera»-ի
վակցինաներին, որքան անհայտ ինսուլինին:

Մ.Վ.