Ծեծում են, քանի որ «ավտարիտետ» է

15/06/2008

Երկարատեւ դադարից հետո երեկ խորհրդարան էր եկել պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Հիշեցնենք, որ 2007թ. սեպտեմբերի 26-ին Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցի խաղատան նախասրահում երկու անձինք հարձակվել էին պատգամավորի վրա, դանակահարել, հետո էլ կրակել էին նրա ուղղությամբ: Նշենք նաեւ, որ դրանից ամիսներ առաջ Տ.Արզաքանցյանը մոսկովյան մեկ այլ խաղատանը նման պատմության մեջ էր ընկել այն պատճառով, որ բավական մեծ գումար էր տանուլ տվել եւ չէր ցանկացել վճարել: Իսկ անցած տարվա միջադեպից հետո Տ. Արզաքանցյանը բուժման նպատակով տեւական ժամանակ Մոսկվայում է եղել: Երեկ նա լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստան է եկել անձնական խնդիրների պատճառով եւ շուտով վերադառնալու է Մոսկվա` բուժումը շարունակելու համար: Պատասխանելով լրագրողների մի քանի հարցերին` նա միայն ասաց, թե իր հետ կատարվածի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Պատգամավորն, իհարկե, որոշակի կասկածներ ունի այն հարցում, թե ում պատվերով են հարձակվել իր վրա, սակայն երեկ նա անուններ չնշեց: «Չեմ ուզում մարդկանց վիրավորել՝ մինչեւ հաստատ չպարզվի»,- ասաց Տ.Արզաքանցյանը: Իսկ արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որոնց համաձայն՝ պատվիրատուները եղել են Հայաստանի ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ի պատասխան այս հարցին՝ Տ.Արզաքանցյանն ասաց, որ հավասարապես կասկածներ ունի այն առումով, որ պատվիրատուները կարող են լինել թե՛ Հայաստանից, թե՛ Ռուսաստանից: Իսկ հարցին, թե ինչո՞ւ է ամեն անգամ ընկնում նման իրավիճակների մեջ, պատգամավորը պատասխանեց. «Որովհետեւ հեղինակություն ունեմ»: