«Շողակն» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Գասպարյանը խմբագրություն ուղարկած իր
հերքում նամակում մի պարբերությամբ անդրադառնում է մեր լրագրողի եւ
գործադուլավոր բանվորների զրույցի այն հատվածին, որ ադամանդագործները
բողոքում են, թե ադամանդափոշին թոքերի համար վնասակար է: Տնօրենը գրում է.
«…Եթե ադամանդագործությունը առողջության համար վտանգ ներկայացնող ոլորտ
լիներ, ապա Կառավարության կողմից կմտցվեր համապատասխան
ձեռնարկությունների, ոլորտների ցանկում, կսահմանվեին արտոնություններ»: Եվ
«Շողակնի» տնօրենը մեր լրագրողին խորհուրդ է տալիս ստուգել, համոզվել:
Այժմ տեղեկացնենք սույն տողերի հեղինակ տնօրենին, որ Հայաստանի
Հանրապետության Կառավարության որոշմամբ (25, ապրիլի 1996 թ. թիվ 121)
հաստատվել է «Մասնագիտական հիվանդությունների ցանկը», ըստ որի՝ «Ի
կատարումն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային
ապահովության մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի, ՀՀ Կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մասնագիտական հիվանդությունների ցանկը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 25-ից»:
Հատվածներ մասնագիտական հիվանդությունների ցանկից
Արդյունաբերական աերոզոլների ներգործությունից առաջացած հիվանդություններ՝
թոքափոշախտեր (պնեւմոկոնիոզներ)՝ սիլիցիումախտ (սիլիկոզ), սիլիկատախտ
(սիլիկատոզներ), մետաղակոնիոզներ, ածխափոշախտներ (կարբոկոնիոզներ) եւ
թոքափոշախտեր (պնեւմոկոնիոզներ)՝ օրգանական ու խառը փոշուց:
Հիվանդություններն առաջանում են. ազատ կամ կապված վիճակում սիլիցիումի
երկթթվուկ պարունակող փոշու, ածխային փոշու (բազալտ, տուֆ, ածուխ, մուր,
գրաֆիտ եւ այլն), խառը փոշիների, մետաղների եւ դրանց օքսիդների փոշիների,
եռակցման աերոզոլի, պլաստմասսաների, օրգանական եւ արհեստական հանքային
թելերի եւ փոշու երկարատեւ ներշնչումից:
Նշված հիվանդությունների առաջացման մասնագիտությունների եւ բնագավառների
օրինակներ. հանքերում, հանքահորերում, լեռնահանքային եւ ածխային
արդյունաբերության հարստացուցիչ եւ վերամշակող ֆաբրիկաներում կատարվող
աշխատանքներ, ոչ հանքային ապրանքների եւ նյութերի (ասբեստի եւ այլ
սիլիկատների) հանույթ ու վերամշակում: Ասբեստ, ասբոցեմենտ պարունակող
նյութերի, հրակայուն, հղկող, ապակյա, ճենապակյա, հախճապակյա իրերի,
գրաֆիտի արտադրություն եւ կիրառություն: Մետաղների ձուլման, մշակման եւ
պլաստմասսաների արտադրություն: Սորուն նյութերի աղացման, եռակցման եւ այլ
տեսակի աշխատանքներ, որոնք հանգեցնում են փոշու արտազատման:
Սեփ. լր.