Ցավակցություն

15/06/2008

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է Մովսիսյանների ընտանիքին` Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մովսիսյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով ստացա Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մովսիսյանի անժամանակ մահվան լուրը։ Վարելով առանցքային պաշտոններ` Վահագն Մովսիսյանն իր ներդրումն է ունեցել մեր երկրի տնտեսության, ինչպես նաեւ միջազգային կապերի զարգացման գործում։ Մեր համատեղ աշխատանքի ընթացքում ճանաչել եմ նրան ոչ միայն որպես արհեստավարժ ու կարող պետական այր, այլեւ մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձ: Այդ որակները` հայրենասիրությունը, նվիրվածությունն ու ընկերասիրությունը դրսեւորվում էին թե՛ գործի մեջ, թե՛ կյանքում: Երիտասարդ ու ավյունով լեցուն գործչի եւ դիվանագետի կորուստը ծանր է բոլորիս համար։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Վահագն Մովսիսյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»,- ասված է ցավակցական ուղերձում: