Երեկ Հայաստանի հանրապետության 43 քննական կենտրոններում անցկացվեցին «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունները, որոնց մասնակցել են ավելի քան 10 հազար դիմորդ-շրջանավարտներ: 4 ժամ տեւողություն ունեցող մաթեմատիկայի քննությունն, ինչպես եւ նախորդ երկու` «Հայոց լեզու եւ գրականություն», «Ռուսերեն լեզու եւ գրականություն» առարկաների միասնական քննությունները, ըստ Կրթության նախարարության եւ Կենտրոնական թեստավորման կենտրոնների` անցել են նորմալ, եւ կազմակերպչական թերություններ չեն նկատվել:
Իհարկե, եղել են մանր վրիպակներ թեստերի մեջ, որոնք, սակայն, օպերատիվ ուղղվել են: ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանի խոսքով, առաջադրանքները դժվար չեն եղել, իսկ ներքին շեմը հաղթահարելի է եղել բոլորի համար: «Պետք է շատ ջանք գործադրեն, որ դրականի շեմը չհաղթահարեն»,- կատակով նկատել է ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը:
Կազմակերպչական խնդիրների շարքում շատ շրջանավարտների ծնողներն ու հենց իրենք` երիտասարդները, նշում են դասասենյակներում կամ սպորտային դահլիճներում (քննություններից շատերն անցնում էին ֆիզկուլտուրայի դասերի համար նախատեսված սպորտդահլիճներում, քանի որ դրանք շատ ավելի մեծ են, քան սովորական դասասենյակները) տիրող աղմուկն ու ազատ միմյանց հետ զրուցելու հնարավորությունը: Միգուցե որոշ շրջանավարտների համար սովորական աղմուկը նույնիսկ խթանի դեր է կատարել, սակայն` ոմանց էլ իրապես խանգարել է: Մանավանդ մաթեմատիկայի քննության ժամանակ, երբ առավել կարեւոր է կենտրոնանալը: Շատ դպրոցներում քննություն հանձնողները բարձրաձայն վանկարկում էին սեփական պատասխանները, եւ ցանկացողները կարող էին «ականջ դնել» դրանց: Ցավոք, «ականջ փակելու» հնարավորություն չի եղել: Հասկանալի է, որ «սառը ցնցուղի» պես մեր աշակերտների վրա թափված այդ միասնական քննություններն, ինչ գնով էլ որ լինի, պիտի անցկացվեին, սակայն երբ որեւէ գլոբալ փոփոխություն է տեղի ունենում, այն սովորաբար ուղեկցվում է «տուգանային սանկցիաներով»: Շրջանավարտների դեպքում` դրանք չեն կիրառվել, քանի որ մենք ոստիկանական հանրապետություն չենք ու դեմոկրատիա ենք կիրառում յուրաքանչյուր վայրում: Նույնիսկ այնտեղ, որտեղ իսկապես խստություն է հարկավոր: Ահռելի լսարաններում ընդամենը մեկ կամ երկու մարդ էր շրջում դասասեղանների մոտ` անկարող լինելով զգաստ լռություն ապահովել: Դպրոցներից մեկում էլ «տղայական» վեճ է ծագել: Բայց դրանք մանրուքներ են, որոնց բոլորս սովորել ենք: Իսկ քննությունների շարանն ընթանում է իր հունով: Քննական նյարդային հոգեվիճակը փարատելու ու ավելորդ մարդկային հարցերից խուսափելու համար գործում է www.atc.am կայքէջը, որտեղ շատ արագ տեղադրվում են թեստերի պատասխանները: Սակայն հարց է ծագում` իսկ ինչո՞ւ, թեկուզ` ուշացումով, չեն տեղադրվում այդ թեստերի հարցերը: