«Որքան ուշացնենք, այնքան ավելի ցավոտ է լինելու»

15/06/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագծի հետ կապված «Ժառանգություն» կուսակցությունն ունի համալիր առաջարկների մի խումբ, որը երեկ ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը:

Առաջարկները մի քանիսն են, որոնք պետք է լրացնեն իշխանական կոալիցիայի անդամ ուժերի հեղինակած այդ օրինագիծը: Վ. Խաչատրյանը նախ հայտարարեց, որ «Ժառանգության» կարծիքով` ստեղծվող հանձնաժողովն առաջին հերթին պետք է ունենա հասարակության վստահությունը: «Առաջին հերթին ցանկալի կլիներ, որ հանձնաժողովը բաղկացած լիներ երկու հավասար բաժիններից: Այն առայժմ երկուական մարդ ներառում է կոալիցիայի անդամներից եւ երկու անդամ՝ «Ժառանգությունից»: Եվս մեկ անդամ պետք է ունենա անկախ պատգամավորների թվից: Մենք գտնում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմությունը, այսինքն` համաժողովրդական շարժման մասնակիցները, նույնպես պետք է ներկայացված լինեն հանձնաժողովում: Առայժմ տեղաշարժն այնքան է, որ նրանք կարող են մասնակցել, բայց քվեարկության իրավունք չեն ունենա»,- ասաց նա: Եթե, այնուամենայնիվ, «Ժառանգության» առաջարկները չընդունվեն, Վ. Խաչատրյանի խոսքով` փոխզիջման տարբերակներ արժե քննարկել: «Մեզանից ոչ մեկը չի ցանկանում արմատապես ժխտել այն հանգամանքը, որ ԱԺ-ի կողմից ընձեռված հնարավորություններով հնարավոր է օբյեկտիվ լույս սփռել մարտի 1-ի իրադարձությունների վրա: Փոխզիջում կարող է տեղի ունենալ փորձագետների հարցում: Փորձագետների խումբը բաղկացած պետք է լինի երկու հավասար մասերից: Մի մասին հրավիրելու հնարավորություն պետք է տրվի ընդդիմությանը, մյուս մասին` իշխանությանը»,- ասաց Վ. Խաչատրյանը: Վերջինիս խոսքերով` ԱԺ-ում նման հանձնաժողովներ եղել են, օրինակ` «Հոկտեմբերի 27»-ի գործով: Այս մեկը, սակայն, պետք է բացառիկ լինի, քանի որ, Վ. Խաչատրյանի համոզմամբ` հասարակության մեջ նման ճեղքվածք երբեւէ գոյություն չի ունեցել: «Այն սպառնալիքները, որ գոյություն ունեն, մեզ ստիպում են այս հանձնաժողովի եզակիությունը դիտարկել: Հանձնաժողովի աշխատանքները պետք է լուսաբանվեն, որպեսզի հասարակությունը ձեռքը պահի այդ աշխատանքների «զարկերակին»,- ասաց նա` ավելացնելով, որ եթե այդ հանձնաժողովի աշխատանքները միտված լինեն հանցագործությունները պարտակելուն` «Ժառանգությունն» անհապաղ դուրս կգա դրա կազմից: Վ. Խաչատրյանը չի բացառում նաեւ գործողությունների զարգացման մեկ այլ սցենար, ինչը պատկերավոր ներկայացնելու համար նա մեջբերեց Լենինին: «Եթե ուզում ես ինչ-որ գործ տապալել, հանձնարարիր բազմաթիվ հանձնաժողովների, նրանք իրենց բազմաթիվ քննարկումների արդյունքում ուղղակի կմեռցնեն գործը: Ես կարծում եմ, որ մեր առջեւ կանգնած խնդիրն իրենից մեծ պատասխանատվություն է ենթադրում: Հայ ժողովրդի նոր պատմությունը ջրբաժանի նման հատել են 1-ի դեպքերը: Մենք չենք կարող այս անարդարացիության բեռի տակ շարունակել հայկական պետականության զարգացումը: Մինչեւ որ վերջնականորեն չբացահայտվի, թե ինչ է տեղի ունեցել իրականում, մենք հասարակության մեջ ունենալու ենք թարախային պալար, որն արտաքինից ուղղակի պարուրելու ենք թանզիֆով: Այսինքն՝ հիվանդությունը խորքայնացնելու ենք հասարակական օրգանիզմում, որից ոչ մի լավ բան չի հետեւելու»,- ասաց նա: Մարտի 1-ից հետո հարուցված քրեական գործերի կապակցությամբ «Ժառանգությունն» արդեն հայտարարություն արել է, ըստ որի` Վ. Խաչատրյանի բնորոշմամբ` «իջել ենք խայտառակության ամենացածր աստիճանին, երբ Հայաստանում տեղի է ունենում փակ դատավարություն»: «Հիմա Պետրոս Մակեյանի գործով ուղղակի փակ դատավարության ականատեսն ենք: Դատավարություններին մասնակցություն ունենում ենք եւ ծիծաղելի իրավիճակների ականատեսն ենք լինում, երբ վկան գալիս է եւ ուղղակի տեղյակ չի, թե ինչ է ասել տուժողը: Դա ոչ միայն մեր, այլեւ ողջ առաջադեմ մարդկության զարմանքն է շարժելու»,- ասաց նա: Անդրադառնալով հարցին՝ արդյոք իշխանությունները կկատարե՞ն ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջները` Վ. Խաչատրյանը նշեց, որ եթե նրանք կատարելու լինեին, պետք է շատ ավելի շուտ սկսեին այդ գործընթացը: «Շատ դժվար է ասել, թե մենք ինչ ենք ներկայացնելու ԵԽ-ում բանաձեւի կատարողականության շրջանակում»,- ասաց նա` նշելով, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կախված կլինի այն բանից, թե ինչպիսի մթնոլորտում կանցնեն այդ քննարկումները: «Ճշմարտանման կեղծիքների մի ամբողջ բազմություն կարելի է ներկայացնել, բայց ասել, որ դրանք պահանջների կատարման հաջորդական քայլերն են, սխալ է»,- ասաց նա:

Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքին` Վ. Խաչատրյանը նշեց, որ ինքը չի գտնում, թե հանրահավաքները նպաստում են հասարակական ալիքի բարձրացմանը: «Ասում են` եկավ ինչ-որ մեկն ու կարողացավ իրենով պայմանավորել լուրջ հասարակական տեղաշարժեր, ժողովուրդն ըմբոստացավ եւ այլն: Այդ ամենը որպես ներքին ընթացք՝ գոյություն ունի, բայց դա ինչքան շուտ երեւա, հետեւանքները լինելու են համեմատաբար տանելի, ինչքան ուշ երեւա, այնքան վատ: Չի կարելի հասարակության մեջ գոյություն ունեցող հիվանդությունը պարփակել, այն պետք է դրսեւորվի: Ինչքան ուշացնում ենք, այնքան ցավոտ է լինելու»,- կարծիք հայտնեց Վ. Խաչատրյանը: