Խստություն են պահանջում

15/06/2008

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ խիստ հայտարարություններ ուղղի Հայաստանին: «Լավ կլիներ, եթե Եվրամիությունը տարածաշրջանի խաղաղությունը եւ կայունությունը վերականգնելու համար հստակ հայտարարություններ ուղղի հակառակորդ կողմին»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Խազար Իբրահիմը՝ մեկնաբանելով ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության հարցը: Հուլիսի 1-ին ԵՄ նախագահությունը Սլովենիայից անցնելու է Ֆրանսիային: Պաշտոնական Փարիզը կազմակերպությունը ղեկավարելու է 6 ամսվա ընթացքում:

Ադրբեջանի քաղաքագետները գտնում են, որ Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահությունը չի արագացնի խաղաղ բանակցությունները եւ հակամարտության լուծումը: «Ներկա փուլում Եվրամիությունը չի կարող ակտիվորեն ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որովհետեւ Ռուսաստանը դրա ոչ մի հնարավորություն չի տալիս»,- երեկ ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Ոչ Ֆրանսիան, ոչ Եվրամիությունը հնարավորություն չունեն լրջորեն ազդելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Բացի այդ, չնայած այն բանին, որ քանիցս փոխվել են ԵԱՀԿ-ի գործող նախագահը, հակամարտության խնդրով Եվրախորհրդի եւ Եվրամիության ներկայացուցիչները, ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել: Ուստի Եվրամիությունում Ֆրանսիայի՝ Մինսկի խմբի համանախագահներից մեկի, նախագահությունը ազդեցություն չի գործի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վրա»,- հավելել է Գուլուզադեն:

Իսկ քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պետք է համաձայնություն ձեռք բերվի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: «Եվրամիությունը Ռուսաստանի վրա ազդելու լծակներ չունի: Ուստի Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահությունը չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Հակամարտությունը լուծելու համար պետք է լուծվի աշխարհում գոյություն ունեցող Ռուսաստանի հիմնախնդիրը»,- հավելել է քաղաքագետը: