Համաշխարհային գների շունչը դարձիր

15/06/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Պարենային ապրանքների համաշխարհային գները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Այս շաբաթ Հռոմում ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) համաժողով էր անցկացնում: Մասնակցում էին 183 երկրների ներկայացուցիչներ: Համաժողովում հրապարակված տվյալները խիստ հակասական են: Մի կողմից՝ արձանագրվում է, որ գյուղատնտեսական ոլորտը համաշխարհային մասշտաբով նպաստավոր է դարձել ներդրումների համար, միջազգային ներդրումային խոշորագույն հիմնադրամներն արդեն մեծ գումարներ են հատկացնում այս ոլորտին: Մյուս կողմից՝ նշվում է, որ սովյալների թիվն աշխարհում այս տարի արդեն ավելացել է 100 մլն մարդով (դառնալով 860 մլն): 2008-ը սկսվեց տխուր սպասումներով ու կանխատեսումներով: Չինաստանում գարնան սկզբից արգելվեցին ազգային խոհանոցի շատ ուտեստներ: Հսկայական բնակչություն ունեցող այս երկրում ուտելի օձերի ու սողունների շատ տեսակներ հայտնվել էին ոչնչացման եզրին: Բնապահպանական նպատակներով չինական խոհանոցի վերանայումը մասնագետների կանխատեսումով հանգեցնելու էր պարենային «կանոնիկ» ապրանքների սպառման ծավալների մեծացման: Արդյունքում, նաեւ, գնաճի: «Չինացիները սկսել են ցորենի հաց ուտել» սարսափ-արդարացումը հորինեցին շատ երկրների կառավարություններ՝ իրենց երկրում պարենային ապրանքների գնաճը հիմնավորելու համար: Հայաստանը բացառություն չէր: Համաշխարհային շուկայում պարենի թանկացումն ուղեկցվում էր վառելիքի գնաճով: Երրորդ աշխարհի երկրների սովյալների բունտերն այս շաբաթ շարունակվեցին Եվրոպայում: Բարեկեցիկ եվրոպացիները հանրահավաքներով, գործադուլներով բողոքում են բենզինի գնաճի դեմ: Տարօրինակորեն (կամ գուցե շուկայական տնտեսության տրամաբանությամբ) բողոքները համընկան բենզինի գների 2 տոկոսանոց նվազման հետ: Եվրոպացիներն այն բավարար չհամարելով՝ շարունակում են գործադուլ-հանրահավաքները: Այս դեպքերին համաշխարհային շուկայում նախորդել էր պարենային ապրանքների գների նվազումը: Մեկ-երկու շաբաթ է, դրա մասին խոսում է անգամ «Հայլուրը»: Ավելին` պաշտոնական լրատվությունը պատմում է Հայաստանում առանձին սննդամթերքների գների նվազման մասին: Թվում է, թե կատարվածը տրամաբանական է. «Մեր մոտ էլ գներն աճեցին այն պահին, երբ միջազգային գներն էին աճում, իսկ հիմա հակառակ գործընթաց է սկսվել»: Սակայն ներքին շուկայում գների նվազման մասին լուրերն ակնհայտ չափազանցված են: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ է ընդունում, որ մեր երկրում գների նվազումն առանց ադմինիստրատիվ միջամտության հնարավոր չէ: Մասնավոր սպառողը բոլոր հիմքերն ունի ավելացնելու, որ պետության միջամտությամբ էլ դա առայժմ լինելիք բան չէ: Խանութներում ընդեղենը շարունակում է վաճառվել նախկին բարձր գներով: Մինչդեռ համաշխարհային շուկայում դրանց գները նվազել են 20-25 տոկոսով: Հայաստանում միջազգային շուկային համահունչ կատարվում են միայն թանկացումները: Համաշխարհային գների նվազումը ոչ մի աղերս չունի մեր տնտեսության հետ: Մենաշնորհային դիրք ունեցող ներկրողները գները բարձրացնում են ճիշտ այն պահից, երբ խոշորագույն բորսաներում գնաճ է արձանագրվում: Անկախ այն փաստից, որ վաճառքում եղած ապրանքները ներկրվել են ցածր գներով: Փոխարենը, երբ նույնական վերաբերմունք ես պահանջում միջազգային գների նվազման պարագային, ներկրողներն արդարանում են: Արդարանում են՝ ասելով, որ այս պահին վաճառքում առկա ապրանքները նրանք ներկրել են բարձր գներով: Հասարակությունը որքան էլ դժգոհի, պետական չինովնիկներն ըմբռնումով են մոտենում խոշոր գործարարների «ժամանակավոր» դժվարություններին: Երեք շաբաթ շարունակ, հենց շաբաթ օրերին Հայաստանում բենզինի գինն աճում էր մոտ 3 տոկոսով` 10-ական դրամով: Նախորդ շաբաթ, երբ բենզինի գինը համաշխարհային շուկայում նվազեց 2 տոկոսով, Հայաստանում գները մնացին նույնը: Իսկ մյուս բոլոր ոլորտներում գործարարները` գյուղացուց մինչեւ օլիգարխ, սովորաբար սեփական ապրանքի գնաճը հենց վառելիքի բարձր գներով են բացատրում: Ընդեղենի գների նվազումը, որի մասին այդքան հաճույքով սիրում են խոսել մեր պատասխանատու լրատվամիջոց-հայլուրները, առաջիկայում շուկայական մեթոդներով լինելիք բան չէ: Որովհետեւ հացահատիկի մատակարարման պայմանագրերն արդեն կնքված են մինչեւ 2008-ի ձմռան ավարտ: Այսինքն՝ Հայաստանում գների նվազման կարելի է հասնել միմիայն ադմինիստրատիվ մեթոդներով: Եթե իշխանությունները նման ցանկություն ունենան: Որովհետեւ ներքին շուկայում առկա գնագոյացման համակարգը նույն կամայական մեթոդներով էլ ձեւավորվում է: Մենաշնորհային դիրք ունեցող գործարարներն իրենք են որոշում իրենց «ձեռք տվող» գները: Գներ, որ սովորաբար գերշահույթ են ապահովում մոնոպոլիստներին: Մեր իշխանությունները, ի տարբերություն այլոց, սիրում են գնաճի ու սղաճի փոքր, «ցիվիլ» տվյալներ նկարել ու բավարարվել միջազգային գնաճի մասին հրապարակային վերլուծություններով: Երկնիշ տնտեսական աճն ու միանիշ սղաճը մեր տնտեսական իշխանությունների հպարտության ավանդական թեմաներն են: Մինչդեռ թույլ տնտեսություն ունեցող երկրներից Ռուսաստանն, օրինակ, պաշտոնապես ընդունում է, որ սպառողական նվազագույն զամբյուղի հինգ հիմնական մթերք տարեսկզբի համեմատ 20 տոկոս գնաճ են արձանագրել: Իսկ նվազագույն զամբյուղ կոչվածում ներառված են բացառապես առաջին անհրաժեշտության ապրանքներ: 18-19-րդ դարերի անգլիացի գրող Չարլզ Լեմը պնդում էր. «Բոլոր նորությունները, բացառությամբ հացի գնի, անիմաստ են ու անտեղի»: Հակաճառեք, եթե կարող եք: