Չնայած ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանին Հանրային խորհրդի կազմավորման նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել է ոչ թե անձամբ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, այլ, «երեւի, նրա հանձնառությամբ` նախագահի աշխատակազմից մի աղջիկ», սակայն Սադոյանը գոհ է դրանից:
Իր գոհունակության մասին նա լրագրողների հետ կիսվել է երեկ հրավիրված մամուլի ասուլիսում: Նա տեղեկացրել է, որ հանրապետության նախագահը բոլոր հրավիրվածներին հորդորում է` առաջարկներ անել խորհրդի ձեւավորման, դրա ֆունկցիաների, լիազորությունների վերաբերյալ: ««Դուք որոշեքից» ավելի գայթակղիչ առաջարկ լինել չի կարող»,- հայտարարել է Ա. Սադոյանը` ավելացնելով, թե ինքն առաջարկել է, որ խորհուրդը լինի նաեւ վերահսկողական մարմին` ստանձնելով հասարակության` պետության կյանքին մասնակցելու ֆունկցիան: Ըստ ԱԺԴ նախագահի, Հանրային խորհրդի ապագա ղեկավարը չպետք է իրեն թույլ տա որեւէ ձեւով որեւէ բան թելադրել, «ինչպես հըլը որ անում է իշխանությունը»: Սադոյանի կարծիքով, Հանրային խորհրդի կարեւոր ֆունկցիաներից մեկն էլ պետք է լինի քաղաքական դաշտում սահուն սերնդափոխության ապահովումը: ԱԺԴ ղեկավարն առաջարկում է, որ հանրային խնդիրների քննարկման համար խորհուրդը պետք է ունենա ամբիոն, շաբաթը երկու ժամ այն պետք է ապահովված լինի հեռուստատեսային երկժամյա եթերով: Իսկ հատկապես վերջին առաջարկի` հեռուստատեսային ամբիոն ունենալու համար, ըստ նրա, կարելի է անգամ դիմել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին` ժողովրդավարության վերաբերյալ հայտարարություններն իրականություն դարձնելու պահանջով, իսկ մինչ այդ եթերի հարցը պետք է լուծվի իրավական որեւէ ակտով: Հիշեցնենք, որ դեռեւս 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Ա. Սադոյանը դիմել էր ԱՄՆ պետքարտուղարին` խնդրելով ֆինանսապես աջակցել իրեն՝ «ամբիոն» ունենալու հարցում:
Սակայն մինչ կձեւավորվի Հանրային խորհուրդը, իրեն, թերեւս, արդեն դրա պոտենցիալ անդամ համարող Ա. Սադոյանը երեկ նաեւ դատողություններ է արել ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Նա անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների այն հայտարարությանը, թե մինչեւ չազատվեն քաղբանտարկյալները, իրենք Հանրային խորհրդի աշխատանքներին մասնակցելու հրավերը չեն ընդունելու: «Գտնում եմ, որ քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Իսկ ձերբակալվածների զգալի մասը քաղբանտարկյալներ են, մասնավորապես՝ Պետրոս Մակեյանը: Գտնում եմ, որ նրանք պետք է ազատ արձակվեն»,- ասել է նա, ավելացնելով, որ հարցի լուծմանը կարելի է նաեւ հասնել Հանրային խորհրդի միջոցով: Իսկ խորհրդի ձեւավորման հետաձգումը, Սադոյանի համոզմամբ, նշանակում է՝ փակել այդ գործընթացը:
Ինչ վերաբերում է որոշ տարբեր հասարակական կազմակերպությունների մտահոգությանը, թե իրենք խորհրդի ձեւավորման գործընթացին մասնակցելու հրավեր չեն ստացել, Սադոյանը հակադարձել է, որ երկրում 1000-ից ավելի հ/կ կա, «հո այդքանին հնարավոր չէ՞ հրավիրել»: Բացի այդ, ըստ նրա, մարտի 1-ից հետո անհրաժեշտ է, որ խորհրդում ընդգրկված լինեն քաղաքականության անմիջական մասնակիցները:
Ինչ վերաբերում է ընդդիմության` հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքին, ապա Սադոյանը դրան լավ չի վերաբերվում: «Դա գոլորշի բաց թողնելու, հուսահատության, հուսալքության քայլ է: Երկրի համար քայլ անողը պետք է մտածի՝ ի՞նչ անի, որ հասարակության մեջ բարոյահոգեբանական ցնցումներ չառաջացնի»,- հայտարարել է նա: Սադոյանի կարծիքով, Լ. Տեր-Պետրոսյանի նպատակն ընդդիմության դրոշակակիրը դառնալն է` 2012 թվականի նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար: «Ցավոք, իմ զգուշացումները, թե սրանք էվոլյուցիա անողը չեն, սրանց նպատակն այլ է, չլսեցին»,- երեկ բողոքել է Սադոյանը: