«Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե Հանրային պալատի միջոցով հնարավոր կլինի հաստատել ներքաղաքական երկխոսություն, նրանք սխալվում են: Ներքաղաքական երկխոսությունը կարող է հաստատվել բացառապես քաղաքական ուժերի միջեւ` քաղաքական խնդիրների շուրջ»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: Վերջինիս խոսքով` Հանրային պալատը շատ ավելի ընդգրկուն պետք է լինի ու ներառի տարբեր բնագավառներ: Վերջերս մի քանի մտավորականներ հայտարարել էին, որ Հանրային խորհուրդը պետք է լինի ապաքաղաքական մարմին: Ա. Մելիքյանի կարծիքով` դա այն մարմնի որոշելիքն է, որին առընթեր այդ պալատը պիտի գործի: «Եթե նախագահն ուզում է, որ քաղաքական գործիչներ ներգրավվեն պալատի աշխատանքներում, ուրեմն կներգրավվեն: Ճիշտ է` մեր պարագայում դրանք կլինեն շատ որոշակի ուղղվածության քաղաքական գործիչներ: Ամեն դեպքում ես չեմ ուզում, որ Հանրային պալատը պատրանքներ ստեղծի որեւէ մեկի մոտ: Դա մի մարմին պիտի լինի, որը կյանքի բոլոր ոլորտներից կարողանա նախագահին ինչ-որ խորհուրդներ տալ: Դա միջոց չէ` ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար»,- ասաց նա: Անդրադառնալով հունիսի 20-ին անցկացվելիք ընդդիմության հանրահավաքին` Ա. Մելիքյանը նշեց, որ այստեղ շատ որոշիչ գործոն է լինելու ժամանակը, մասնավորապես այն, թե որքա՞ն արագ կկարողանա իշխանությունը կողմնորոշվել ու ձերբազատվել այն արատներից, որ ունի, եւ արդյո՞ք կկարողանա ընդհանրապես: Ըստ նրա, թեեւ այսօր տպավորություն կա, որ ակտիվ քայլեր են կատարվում մաքսային, հարկային ու մի շարք այլ ոլորտներում, սակայն ժամանակը ցույց կտա, թե որքանով արդյունավետ կլինեն դրանք: «Թող ունենան հաջողություն, պարզապես այդ հաջողության համար շատ կարճ ժամանակ է տրված: Այդ ժամանակի մեջ տեղավորվում է նաեւ կոալիցիայի ապամոնտաժման հարցը: Որքան շուտ կոալիցիան դադարի գոյություն ունենալ, այնքան շատ կլինեն հույսերը, որ ինչ-որ բան իսկապես մեր կյանքում կփոխվի դեպի լավը»,- ասաց Ա. Մելիքյանը` ավելացնելով, որ իշխանությունը գիտակցում է պահի լրջությունը ու փորձում է ջանքեր գործադրել` կամ իրավիճակն իսկապես փոխելու, կամ ժամանակ շահելու համար: Մյուս կողմից, նրա կարծիքով, ընդդիմությունն աշխատում է լարվածությունն անընդհատ «տաք պահելու» ուղղությամբ, որի արդյունքում իշխանությունը կարող է թուլանալ, ապակողմնորոշվել, ու ընդդիմության համար հնարավորություն եւ պայմաններ կստեղծվեն իշխանության գալու համար: Սակայն Ա. Մելիքյանն ասում է, որ իր համար այս սցենարներից եւ ոչ մեկն ընդունելի չէ: «Հաճախ ասում են, որ արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան: Թող ունենան, ես դեմ չեմ, այսօրվա իշխանությունը վստահության պաշարը սպառել է: Բայց եթե նույն պայմաններում ընտրություն անցկացնենք, կունենանք նույն արդյունքը: Եթե կողմերից որեւէ մեկը մինչեւ այդ ընտրություններն արդեն լինի հաղթող, էական չի` դա կլինի գործող իշխանությունը կամ ընդդիմությունը, ընտրությունները կտապալվեն: Հանրությունն էլ այդ առումով պիտի ակտիվ լինի, ԶԼՄ-ներն էլ ակտիվ ու անաչառ պիտի լինեն, օբյեկտիվ քննադատությունը պարզապես անհրաժեշտ է»,- ասաց նա: Անդրադառնալով ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջներին` Ա. Մելիքյանը նշեց, որ դրանք լավն են, մարդասիրական, բայց ոչ մի առնչություն չունեն մեր երկրի իրական ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու հետ: Ամեն դեպքում, Ա. Մելիքյանը կասկածում է, որ իշխանությունները կկարողանան այդ պահանջները կատարել: «Ես դեմ չեմ`բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, բայց չլուծված քաղաքական ճգնաժամի պայմաններում, այդ մարդիկ, լինելով շատ ակտիվ քաղաքական գործիչներ, իսկապես կարող են դուրս գալ ու ավելի խորացնել ճգնաժամը: Այս տեսանկյունից ինձ համար հասկանալի է իշխանությունների մտավախությունը, որ այդքան շատ ակտիվիստներ դուրս թողնելով` նրանք վտանգում են ներքին կայունությունը: Այն, որ այս մարդիկ բանտերում են, նախկինում կատարված սխալների բնականոն արդյունքն է»,- նման, մեղմ ասած, տարօրինակ բացատրություն է տալիս Ա. Մելիքյանը: Նրա կարծիքով` իրավիճակից դուրս գալու միակ ելքը երկխոսությունն է, որը չպետք է թողնել կողմերի ցանկությանը: «Դա նրանց պարտականությունն է, եւ թող խույս չտան այդ պարտականությունից: Երկխոսությունը պետք է ներառի նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Այս հարցով պայմանավորված են մեր ներքին եւ արտաքին փոխհարաբերությունները: Երբ մեր քաղաքական ուժերը կգան այն եզրակացության, որ ազատագրված տարածքները սակարկության առարկա լինել չեն կարող, մենք կունենանք առաջընթաց` ներքաղաքական երկխոսություն հաստատելու համար»,- ասաց նա: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` վերջերս կայացած հանդիպմանը` Ա. Մելիքյանը նշեց, որ այդ հանդիպումից որեւէ մեկը որեւէ ակնկալիք չի ունեցել: Դրա նպատակը, ըստ նրա, նախագահների` իրար հետ ծանոթանալն էր: Ա. Մելիքյանը գտնում է, որ Ադրբեջանը երբեւէ չի խոսելու խաղաղության մասին: «Մենք մեր գործը պիտի առաջ տանենք, ինչի համար մենք բավարար ռեսուրսներ եւ իրավական, պատմական եւ այլ տեսակի հիմնավորումներ ունենք: Այսօր ինքնուրույն քաղաքականություն վարելու դեպքում մենք խնդիրներ չենք ունենա որեւէ մեկի հետ: Ոչ մեկը մեր փոխարեն մեր հարցերը չի լուծելու: Մեր կողքին ուժեղ բազուկ փնտրելու կարիք չունենք»,- ասաց նա: Բանախոսի կարծիքով` քանի դեռ մեր քաղաքական ուժերն իրենց համար հենարան են փնտրում դրսում եւ փորձում են մեր շահերն ուրիշի շահերին հարմարեցնել, մենք չենք ունենա ազգային քաղաքականություն: «Մենք պետք է հաշվի առնենք ուրիշների շահերը, բայց մեր շահը պետք է մնա առաջնայինը մեզ համար»,- ասաց նա: