Երկու ամիս առաջ տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո Սերժ Սարգսյանին շարունակ խանգարում են լուրջ մարտահրավերները՝ սկսած ներքաղաքական լարվածությունից (որի թուլացման նշանները գրեթե աննկատ են), վերջացրած սննդի եւ վառելիքի գների սրընթաց աճով պայմանավորված հնարավոր տնտեսական ճգնաժամով, որն առաջիկա ամիսներին հավանաբար ավելի կխորանա։
Սակայն, ի տարբերություն ներքին մարտահրավերների, նշաններ կան, որ հնարավոր է բարելավել հարաբերությունները Հայաստանի եւ նրա արեւմտյան հարեւանի՝ Թուրքիայի միջեւ։ Անգամ մինչ ՀՀ նախագահ դառնալը՝ Սերժ Սարգսյանն արտահայտել էր իր մոտեցումներն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են շահել Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցությունից։ 2006թ. դեկտեմբերին «The Wall Street Journal»-ում եւ մեկ տարի անց՝ «Financial Times»-ում տեղ գտած հրապարակումներում նա աջակցություն էր հայտնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտին՝ հիմնավորելով դա զուտ պրագմատիկ աշխարհաքաղաքական պատճառներով. այն է՝ ԵՄ-ին անդամակցելուց հետո Թուրքիան կդառնա «ավելի կանխատեսելի», ինչն իր հերթին կամրապնդի Հայաստանի ազգային անվտանգությունը։
Փետրվարի 21-ի իր ուղերձում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը (որպես պետության ղեկավար՝ նա առաջիններից էր, ով շնորհավորեց ՀՀ նոր նախագահին) հույս էր հայտնել, որ Սարգսյանի հաղթանակն ընտրություններում «թույլ կտա անհրաժեշտ միջավայր ստեղծել՝ բարելավելու համար թուրք եւ հայ ժողովուրդների հարաբերություններն, ովքեր դարերի ընթացքում ապացուցել են, որ կարող են կողք կողքի ապրել խաղաղ եւ ներդաշնակ»։ «Ես անկեղծորեն հավատում եմ, որ կարող է հաստատվել փոխադարձ վստահության եւ համագործակցության մթնոլորտ, որը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու բարգավաճմանը»,- ավելացրել էր Գյուլը։
Դրան հաջորդեցին վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի նամակները, որոնցում նույնպես նշվում էր նոր «երկխոսության» անհրաժեշտության մասին։
Հայաստանի նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը, այդ ամենին ի պատասխան, շատ արագ «վերահաստատեց» Հայաստանի ձգտումը՝ «հաստատել կառուցողական երկխոսություն եւ նորմալ հարաբերություններ՝ առանց նախապայմանների»։ Սա իր արձագանքը ստացավ երկրորդ պաշտոնական պատասխանի մեջ՝ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի կողմից, ով ընդունեց, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նախկին փորձերն «անհաջողության են մատնվել», կարեւորեց թարմ մոտեցումներն ու «նոր ոճը», որոնց պետք է հաջորդեն դրական քայլերը։ Մայիսի 28-ին՝ ելույթ ունենալով Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստում, Նալբանդյանը կրկին շեշտեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու հարցում ոչ մի նախապայման չի դնում։ Նա հիշեցրեց նաեւ, 2005թ. Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ստորագրել է Անհատական գործընկերության գործողությունների պլանը, որի նախաբանում հստակ նշվում է. «Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելուն եւ պատրաստ է կառուցողական երկխոսության՝ ներառյալ ուղիղ երկխոսությունը Թուրքիայի հետ»։
Նամակների այս փոխանակումը եւ նոր երկխոսություն հաստատելու պատրաստակամությունը որոշակի լավատեսություն են ներշնչում, հատկապես, որ Հայաստանը ոչ մի նախապայման չի դնում։ Հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների պատմությունը, այս լավատեսությունը, եթե, իհարկե, այն անկեղծ է, այլ ոչ ձեւական, կարելի է որոշակի տեղաշարժ համարել։
Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շփումները եղել են նվազագույն մակարդակի վրա։ Պաշտոնական հարաբերությունների բացակայությունն ունի երկու կարեւոր պատճառ։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Երկրորդ պատճառը հայկական Սփյուռքի ջանքերն են՝ 1915թ. Հայոց ցեղասպանությունը աշխարհի կողմից ճանաչման արժանացնելու ուղղությամբ։ Այս երկու գործոններն են գերիշխել Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ տարվող արտաքին քաղաքականության մեջ։ Այդ քաղաքականությունն իր արտահայտությունն է գտել 1993թ. Հայաստանին տնտեսական շրջափակման ենթարկելու եւ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատելը կայուն կերպով մերժելու մեջ։ Սակայն մինչ այժմ Թուրքիան քիչ բան է շահել այդ քաղաքականությունից եւ, փաստորեն, կորցրել է դիվանագիտական եւ տնտեսական նշանակալի հնարավորություններ։ Ավելին, շատ թուրք պաշտոնյաներ ընդունում են, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ շատ սահմանափակ, է եւ այն կարծես դարձել է Ադրբեջանի անհանդուրժողականության գերին, ով դեմ է արտահայտվում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկացած փորձի։
Չնայած, որ հարաբերությունները բարելավելու փորձեր անցյալում շատ քիչ են եղել, անգամ ամենատարրական հարաբերությունների հաստատումից սպասվող պոտենցիալ օգուտները պարզ են՝ երկու կողմի համար։ Օրինակ, Թուրքիայի համար սահմանի բացումը օգտակար կլինի այն առումով, որ կմեծանա տնտեսական ակտիվությունը արեւելյան աղքատ շրջաններում։ Քրդերով բնակեցված այդ տարածքներում, որոնք այժմ բավական անհանգիստ են, տնտեսական վիճակի բարելավումը կբերի նաեւ կայունություն, ինչը կարեւոր է Թուրքիայի ազգային անվտանգության համար։
Նույնկերպ, Հայաստանի համար սահմանի բացումը ոչ միայն թույլ կտա վերացնել տարածաշրջանային մեկուսացումն ու մարգինալացումը, այլեւ ճանապարհ կբացի դեպի ավելի մեծ շուկաներ, ինչը կարեւոր է տնտեսական աճի եւ զարգացման համար։ Սա կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրային կապերի զարգացմանը՝ հանգեցնելով նրան, որ երկրներն արդեն պաշտոնական մակարդակով կսկսեն համագործակցել մաքսային եւ սահմանային անվտանգության ապահովման ոլորտներում։ Իսկ փոխշահավետ առեւտրային հարաբերություններին եւ սահմանային համագործակցությանն անկասկած կհետեւի նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։
Այսպիսով, հայ-թուրքական սահմանի բացումը ոչ միայն կաշխուժացնի առեւտրային եւ տնտեսական կապերը, այլեւ լրացուցիչ խթան կհանդիսանա Հարավ-Կովկասյան անհանգիստ տարածաշրջանում կայունությունը եւ անվտանգությունն ամրապնդելու համար։
Սակայն հնարավորի եւ իրականի միջեւ եղած անջրպետն այսօր ավելի լայն է թվում, քան երբեւէ։ Նման կարծիք հայտնեցին մայիսի 20-ին Երեւանում կազմակերպված կոնֆերանսի մասնակիցներից։ Հայ-թուրքական հարաբերություններին նվիրված մեկօրյա կոնֆերանսը, որը կազմակերպվել էր Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից՝ «Eurasia Partnership» հիմնադրամի եւ USAID-ի աջակցությամբ, հնարավորություն տվեց հայ եւ թուրք մի շարք ճանաչված փորձագետների բաց քննարկում ծավալել եւ երեւան հանել մի շարք վտանգավոր կարծրատիպերը, որոնք խոչընդոտում են հարաբերությունների բարելավմանը։
Կոնֆերանսի մասնակիցները մեկը՝ Դիբա Նիգար Գյոկսելը (Եվրոպական կայունության նախաձեռնության առաջատար վերլուծաբան եւ անգլալեզու «Turkish Policy Quarterly»-ի գլխավոր խմբագիր) մայիսի 22-ին «Turkish Daily News»-ում գրել էր. «Կոնֆերանսը թույլ տվեց միասին բացահայտել այն իրողությունը, որ գոյություն ունի հստակության պակաս եւ հայտարարությունների ու իրական քայլերի անհամապատասխանություն՝ երկու երկրների կողմից»։ Կոնֆերանսը հաստատեց եւս մի բան. հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը կախված է նախեւառաջ ժամանակային գործոնից՝ հաշվի առնելով, որ նախկինում յուրաքանչյուր կողմը մեկից ավելի անգամ առիթ ունեցել է դիմացինին հաշտության ձեռք մեկնելու, սակայն պատասխան չի ստացել։ Այժմ ձեւավորվել է քաղաքական մի նոր հարթություն. Հայաստանի նոր կառավարությունը, պայքարելով շարունակվող ներքաղաքական ճգնաժամի դեմ, կարիք ունի ռազմավարական առաջընթաց ապահովել արտաքին քաղաքականության մեջ։ Սակայն միայն հայկական կողմի՝ առաջընթաց ապահովելու հրամայականը չի կարող բավարար լինել՝ հայ-թուրքական հարաբերություններում առկա պատային իրավիճակը հաղթահարելու համար։ Իսկապես հեղափոխական աստիճանի փոփոխությունները, որ այժմ ընթանում են Թուրքիայի ներսում, թույլ չեն տալիս առաջընթացի մեծ հույսեր փայփայել։ Եվ մինչ Թուրքիայում դինամիկ գործընթաց է ընթանում՝ ազգային ինքնությանը եւ ռազմավարական կողմնորոշմանը վերաբերող դոգմաները վերանայելու ուղղությամբ, ինչը կարող է հնարավորություն տալ փոխել Հայաստանի նկատմամբ տարվող ձախողված քաղաքականությունը, Թուրքիան զգուշանում է իր ավանդական գործընկերոջն՝ Ադրբեջանին «նեղացնելուց»։ Մայիսի 26-ին թուրքական «Zaman» օրաթերթը մեջբերել էր Էկոնոմիկայի նախարար Մեհմեդ Շիմշեկի խոսքերը՝ Հայաստանի հետ սահման չի բացվի, քանի դեռ Երեւանը չի լուծել իր խնդիրները Անկարայի եւ Թուրքիայի «տարածաշրջանային բարեկամի»՝ Ադրբեջանի հետ։ Շիմշեկն ավելացրել էր, որ «նորմալ հարաբերությունների» հաստատման արդյունքում Հայաստանն ավելի շատ կշահի, այդ իսկ պատճառով առաջին քայլը պետք է հենց հայերն անեն։
Առաջին հայացքից շատ գայթակղիչ է Թուրքիային մեղադրել այն բանում, որ նա ձախողում է հարաբերությունները բարելավելու նախաձեռնությունը եւ հրաժարվում է Հայաստանի նկատմամբ նոր մոտեցումներ ցուցաբերելու արդյունքում սպասվող օգուտներից։ Սակայն հայ-թուրքական հարաբերությունների հարցում գլխավոր խոչընդոտն այն է, որ Թուրքիան ձգտում է փարատել Ադրբեջանի մտահոգությունները՝ գոնե կարճաժամկետ հատվածում։