Օրերս տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են գարու, ցորենի եւ բազմամյա խոտաբույսերի` 900 հա մակերեսով ցանքատարածքներ: Այս մասին «Panorama»-ի թղթակցին ասել են Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես վնասվել են Արարատի մարզի Մրգանուշ, Ներքին Դվին, Վարդաշեն, Այգեզարդ, Մրգավան, Բարձրաշեն, Բյուրավան, Բերքանուշ, Բերդիկ, Դեղձուտ, Արտաշատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեպատ համայնքների եւ Վայոց ձորի մարզի Գնդեվազ, Ելփին, Մալիշկա եւ Գետափ համայնքների այգիներն ու ցանքատարածքները: Հասցված վնասի չափերը ճշտելու նպատակով երկու մարզերում էլ ստեղծվել է հանձնաժողով: Իսկ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը հրաժարվել է պատասխանել հարցերին` պատճառաբանելով, թե «նոր նախարարի օրոք դեռեւս հստակեցված չեն, թե մասնագետներն ինչ ձեւաչափով պետք է պատասխանեն լրագրողների հարցերին»: Իսկ երբ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահագն Մարտիրոսյանը պարզաբանել է, որ ոչ մի ձեւաչափ չի փոխվել, Գ. Պետրոսյանը խոստացել է պատասխանել կայքի բոլոր հարցերին «միայն երեկոյան` նախարարի հետ ամեն ինչ հստակեցնելուց հետո»: