ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի-մունը կոչ է արել վերջ տալ ՁԻԱՀ-վարակակիրների նկատմամբ խտրականությանը, մասնավորապես` ճամփորդական սահմանափակումներին, որոնք կիրառում են որոշ երկրներ: «Ես կոչ եմ անում փոփոխություններ կատարել օրենքներում, որոնք խրախուսում են ՁԻԱՀ վարակակիրների նկատմամբ ցուցաբերվող վատ վերաբերմունքը եւ խտրականությունը` ներառյալ ճամփորդական սահմանափակումները»,- հայտարարել է Պան Կի-մունը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բացելով առողջապահական խնդիրներին նվիրված երկօրյա հանդիպումը: Նա ասել է, թե Մարդու իրավունքների հռչակագրի ընդունումից 60 տարի անց «ցնցող է, որ նրանք կարող են խտրականության ենթարկվել բարձր ռիսկի համար»: 345 ոչ կառավարական կազմակերպություններ նամակ են հղել երկրների ղեկավարներին ու դեսպաններին` հորդորելով վերացնել խտրականությունը:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, 74 երկիր խտրականություն է կիրառում ՁԻԱՀ վարակակիրների նկատմամբ` ընդհուպ մինչեւ նրանց անձնագրերում նշումներ կատարելը: Դրանցից 12-ը, այդ թվում եւ՝ Հայաստանը, արգելում են վարակակիրների մուտքը երկիր` դա պատճառաբանելով հանրային առողջապահական մտահոգություններով ու բուժման մեծ ծախսերով: