Պայթյուն

15/06/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Մեքենան ընթանում էր Նորագյուղից, Էջմիածնի նախկին խճուղով: Պայթյունը թնդաց անսպասելիորեն: Մեկը դուրս նետվեց մեքենայից ու հետ-հետ նայելով փախավ: Մյուս երկուսն արնաթաթախ էին, դժվարությամբ իջան մեքենայից, դժվարությամբ էլ հանեցին երրորդին, որն անգիտակից վիճակում էր: Վերջինս՝ Ա. Ղամոյանը, առանց ուշքի գալու մահացավ՝ մինչեւ հիվանդանոց հասցնելը: Մյուս երկուսը համապատասխանաբար միջին ծանրության ու կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել: Դեպքի մանրամասներն առաջինը ներկայացրին նրանք: 2006թ. դեկտեմբերի 29-ն էր:

Նա, ով պայթյունից հետո առաջինն էր դուրս նետվել մեքենայից, իրավապահներին ներկայացավ մեղայականով, դեպքից երեք օր անց՝ 2007թ. հունվարի 2-ին: Նրա ստացած մարմնական վնասվածքները մասնագետների կողմից դասվեցին թեթեւ վնասվածքների շարքին: Նա՝ Արման Սիմոնյանը, կատարվածի ի՛ր վարկածն ուներ:

Այսպիսով, կային տուժողները, կար մեղայականով ներկայացածը: Կային նաեւ դեպքի տարբեր վարկածները: Սկսվեց նախաքննությունը:

Գողություն մեքենայից

Նախաքննությամբ, հետագայում՝ նաեւ դատաքննություններով հաստատված համարվեց հետեւյալը. 2006թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 22-ի սահմաններում, Իսակովի պողոտայի շենքերից մեկի բակում տուժող Արարատ Մելիքսեթյանի ավտոմեքենայից գողություն էր կատարվել: Հազվադեպ պատահող իրավիճակ չէ: Հազվադեպ չէին նաեւ տուժողի հետագա գործողությունները: Նա, դեպքի մասին իրավապահներին հայտնելու փոխարեն, սկսեց ինքնուրույն հետաքննությունը: Նման պայմաններում, երբ, առանց պատկան մարմիններին իրազեկելու, հանցագործության բացահայտումը մարդիկ սեփական ուժերով են փորձում իրականացնել, շատ հնարավոր են դառնում այնպիսի զարգացումներ, որոնք կհանգեցնեն նոր հանցավոր արարքների կատարմանը:

Տարբեր պատճառներ կարող են լինել, որոնք տուժող կողմին ստիպում են ինքնուրույն հետաքննություն սկսել: Բայց ամենահիմնական պատճառն իրավապահների գործողությունների օպերատիվության ու նպատակասլացության նկատմամբ վստահության պակասն է: Անօրինական արարքն անօրինական գործողություններով բացահայտելու, երբեմն՝ նաեւ ինքնադատաստան տեսնելու դեպքերը, ցավոք, տեղ ունեն մեր իրականության մեջ:

Այսպիսով, մի հանցագործությանը կարող են հաջորդել երկրորդ, երրորդ, բացառված չէ՝ ավելի ծանր հանցավոր արարքները, կընդլայնվի տուժողների ու հանցագործների շրջանակը, իրենց երկար չեն սպասեցնի ողբերգական հետեւանքները, ինչ է թե՝ ոմանց համար «պատվի գործ» է համարվել ուրիշի մեղքն ինքնուրույն բացահայտելն ու դրա համար պատժելը՝ այդ ընթացքում անօրինական կերպով ստանձնելով նախաքննական ու դատաքննական մարմինների գործառույթները:

Արարատ Մելիքսեթյանն իր մեքենայից կատարված գողությունից ժամեր անց արդեն տվյալներ ուներ, թե եղածի մեջ խառն է Նորագյուղի բնակիչ Արգիշտիի մատը: Դեկտեմբերի 29-ին Արարատը, իր եղբայր Սոսը եւ զարմիկ Արման Ղամոյանը մեքենայով գնացին Նորագյուղ՝ պարզաբանումներ կատարելու: Արգիշտիին չգտան: Բայց հանդիպեցին նրա քեռուն՝ Արման Սիմոնյանին: Վերջինս խոստացավ գտնել քրոջորդուն եւ ճշմարտությունն իմանալ:

Մելիքսեթյանների խումբն այդ օրը մի քանի անգամ գնաց-եկավ Նորագյուղ, բայց Արմանն ամեն անգամ ասում էր, թե Արգիշտիին գտնել չի կարողացել: Հերթական անգամ, երբ Մելիքսեթյանները Նորագյուղից դուրս եկան, ինչ-որ մեկը զանգահարեց նրանց ու տեղեկացրեց, թե մեքենայից գողություն կատարողը հաստատ Արգիշտին է եղել: Մելիքսեթյաններն անմիջապես զանգեցին Արման Սիմոնյանին, զգուշացրին, որ սպասի, իրենք հետ են գնում, շտապ խոսելու բան կա:

Զգուշանալով զանգողների խոսելու տոնից՝ Արման Սիմոնյանը տնից վերցրեց իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված ու պահվող նռնակը, դրեց վերարկուի գրպանն ու սպասեց Մելիքսեթյաններին:

Վարկածներ

Այս կետից սկսած՝ տարբեր են կողմերի տեսակետները: Ըստ Մելիքսեթյանների՝ իրենք մեքենայով մոտեցել են սպասող Արմանին, առաջարկել, որ նա մեքենա նստի, վերջինս էլ իր կամքով նստել է: Ըստ Արման Սիմոնյանի՝ Մելիքսեթյանները մոտեցել ու իրեն ստիպողաբար մեքենա են նստեցրել: Ըստ Մելիքսեթյանների՝ իրենք դժգոհություն են հայտնել, որ Արմանն իրենց տարել-բերել է, անիմաստ ձգձգել խոսակցությունը, այն դեպքում, երբ գողություն կատարողը հաստատ Արգիշտին է եղել: Միաժամանակ, չցանկանալով, որ փողոցում գտնվող մարդիկ միջամտեն խոսակցությանը, իրենք մեքենան դանդաղ վարել են Էջմիածնի խճուղով, որ մի խաղաղ տեղ գտնեն, կանգնեն ու այնտեղ կատարեն պարզաբանումը: Ըստ Արման Սիմոնյանի՝ երբ իրեն քաշել-մեքենա են նստեցրել ու առաջ ընթացել, ինքը մտածել է, որ տեղի է ունենում առեւանգում: Վախեցել է, փորձել գրպանի նռնակն օգտագործել՝ առեւանգողներին վախեցնելու, մեքենայից դուրս պրծնելու համար: Ըստ Մելիքսեթյանների՝ Արման Սիմոնյանը հայտարարել է, թե դեռ ոչ մեկին չի հաջողվել Նորագյուղից մարդ տանել, պահանջել է կանգնեցնել մեքենան, սպառնացել, թե ձեռքին «բան» կա: Իրենք մտածել են, թե խոսքը դանակի կամ ատրճանակի մասին է: Առջեւում նստած Արարատը փորձել է բացել հետեւի նստելատեղին կծկված-նստած Արմանի սեղմած ձեռքերը, բայց չի կարողացել ու մեկ անգամ խփել է նրա մեջքին, որ վերջինս ցավից ուղղվի, ու իրենք տեսնեն, թե ինչ կա ձեռքին: Այդ ընթացքում Սոսը զգուշացրել է, որ հիմա մեքենան կկանգնեցնի: Բայց չի հասցրել: Հանկարծ մի «ճտոց» են լսել, դրան հետեւել է պայթյունը: Արման Սիմոնյանը դուրս է նետվել մեքենայից ու փախել: Իրենք բազմաթիվ վնասվածքներ են ստացել, իսկ Սիմոնյանի կողքին նստած Ղամոյանի վնասվածքները մահացու են եղել:

Ըստ Արման Սիմոնյանի, քանի որ ինքը համոզված էր, թե առեւանգում է տեղի ունենում, նռնակը ձեռքերի մեջ էր պահել, որ վախեցնի: Սակայն իրեն հարվածներ էին հասցնում, դրա համար էլ մի պահ ինքը կորցրել է գիտակցությունը, չի հասկացել, թե ինչպես է քաշվել նռնակի օղակը, ինչը եւ հանգեցրել է պայթյունի: Ինքը պայթյունի ալիքից է դուրս նետվել, այնուհետեւ հետ է նայել, համոզվել, որ մեքենայի մեջ գտնվողները շարժվում են, ողջ են, ու վախից դիմել է փախուստի: Հետագայում է իմացել, որ Ղամոյանը սպանվել է, մյուսները՝ վիրավորվել, եւ կամավոր ներկայացել է իրավապահներին:

Ծանր հանցագործությունների համակցություն

Նախաքննության ընթացքում հաստատված էր գնահատվել Մելիքսեթյանների վարկածը: Հետեւաբար՝ Արման Սիմոնյանին մեղադրանքներ էին առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված դիտավորյալ սպանության, երկու մարդու նկատմամբ սպանության փորձի, ապօրինի ռազմամթերք պահելու եւ ուրիշի գույքին խոշոր չափի վնաս պատճառելու համար: Մելիքսեթյանի մեքենան պայթյունից վնասվել էր, վնասի չափը, ըստ ապրանքագիտական փորձաքննության եզրակացության, կազմում էր 1 միլիոն 800.000 դրամ:

Առաջադրված մեղադրանքներում Արման Սիմոնյանն իրեն մեղավոր չէր ճանաչել, իր կատարածը ներկայացրել էր որպես տուժող կողմի անօրինական գործողությունների հետեւանք, պայթյունը՝ անզգուշության արդյունք:

Սիմոնյանի պատճառաբանությունները գնահատելով որպես կատարածի համար պատասխանատվությունից ու պատժից խուսափելու միջոց՝ դատարանը հանգեց եզրակացության, թե Սիմոնյանը ոչ թե անզգուշությամբ է մահ պատճառել, այլ՝ դիտավորությամբ: Նա մեքենա նստելուց առաջ էր նախապատրաստվել, նռնակ վերցրել տնից: Նրան ոչ թե նստեցրել էին մեքենա, այլ, գործի փաստական տվյալների համաձայն, ինքն իր կամքով էր նստել: Եթե մտավախություններ ուներ, կարող էր չսպասել ժամադրավայրում, ընդհանրապես հրաժարվել Մելիքսեթյանների հետ խոսակցություն ունենալուց ու պարզաբանումներ տալուց, մանավանդ, որ նրանց մեքենայից կատարված գողությանն ինքն անմասն էր: Եթե զգում էր, որ նրանք անօրինական գործողությունների են անցնում, կարող էր դրա մասին տեղյակ պահել իրավապահներին, այլ ոչ թե նախապատրաստվել զինված հակազդեցության, այն էլ՝ նռնակի միջոցով: Նախկինում ռազմական գործողությունների մասնակից լինելով՝ Սիմոնյանը չէր կարող չիմանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե սպառնա նռնակով, առավել եւս՝ քաշի նռնակի օղակը: Գործով ապացուցված չէ, թե նրա կյանքին այնպիսի վտանգ էր սպառնում, որ միակ ելքը մնում էր նռնակի պայթեցումը: Համենայնդեպս, դեպքի օրը կայացած նախորդ մի քանի հանդիպումների ընթացքում նրա նկատմամբ բռնություն չէր գործադրվել, նա ինքն էր կամովին ձեռնամուխ եղել բանակցություններ վարելուն: Մելիքսեթյանների մեքենայում էլ նա ինքն էր ցանկացել ու գործադրել մոտը գտնվող նռնակը՝ պայթեցնելով այն ու սպանելով Ղամոյանին, ինչպես նաեւ՝ մահացու վտանգի ենթարկելով մյուսների կյանքը: Ինչ վերաբերում է Մելիքսեթյաններին, տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալով՝ նրանք չէին մահացել Սիմոնյանի կամքից անկախ պատճառներով:

Դատարանը, հաշվի առնելով, որ 35-ամյա Արման Սիմոնյանը վատառողջ է, ներկայացել է մեղայականով, ժամանակակին մասնակցել է մեր երկրի սահմանների պաշտպանությանը, բնութագրվում է դրական, խնամքին է երկրորդ խմբի հաշմանդամ մայրը, պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ գործով ձեռք չեն բերվել, հանցագործությունների համակցությամբ վերջին հաշվով նրան դատապարտեց 15 տարի ազատազրկման:

Վերաքննիչ քրեական դատարանը 2008թ. հունիսի 5-ին մերժեց Արման Սիմոնյանի ու իր շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը, նախորդ ատյանի կայացրած դատական ակտը գնահատեց օրինական ու հիմնավոր, սահմանված պատիժը՝ կատարած արարքներին համաչափ: Դատավճիռը չփոփոխվեց եւ ուժի մեջ մտավ: