Հայաստանի հանրությունը երեկ վերջին հրաժեշտը տվեց շախմատի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցումների հաղթող եւ մեդալակիր, 28-ամյա գրոսմայստեր Կարեն Ասրյանին: Հիշեցնենք, որ Կ. Ասրյանը հանկարծամահ էր եղել հունիսի 9-ին:
Հայաստանի առաջատար շախմատիստներ Լեւոն Արոնյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Նալբանդյանը, Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Արշակ Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռաֆայել Վահանյանը Կարեն Ասրյանի անժամանակ մահվան կապակցությամբ իրենց խոսքն են հղել, որում ասված է. «Անհնար է հավատալ, որ այլեւս մեզ հետ չէ համեստ, համակրելի, միշտ ժպտադեմ, բոլորի կողմից սիրված անձնավորությունը եւ տաղանդավոր շախմատիստը` Կարեն Ասրյանը: Տարիներ շարունակ մենք Կարենի հետ միասին կողք կողքի Հայաստանի մարզական պատիվն էինք պաշտպանում միջազգային խոշորագույն մրցումներում, նրա հետ համատեղ հպարտանում մեր երկրի փայլուն շախմատային նվաճումներով, կիսում բոլոր ուրախություններն ու դժվարին պահերը: Կարենն աչքի էր ընկնում ստեղծագործական նուրբ վարպետությամբ, տեսական խոր գիտելիքներով, հատկապես թիմային մրցաշարերում նա գործնականում անպարտելի էր, ինչի համար Կարենին հաճախ անվանում էին Հայաստանի հավաքականի «կենտրոնական պաշտպան»: Կարենն օժտված էր մարդկային եզակի հատկանիշներով, նա այն բացառիկ շախմատիստներից էր, ում ներկայությունը հաճելի էր բոլորին, ում սիրում էին բոլորը: Կարենը միշտ լավագույնս կհիշվի շախմատային աշխարհում, իսկ նրա ստեղծած շախմատային գոհարներով կհիանան հինավուրց խաղի նորանոր սերունդներ»:
Երեւանի Շախմատի կենտրոնական տուն` Կ. Ասրյանին հրաժեշտ տալու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հազարավոր քաղաքացիներ: Կ. Ասրյանին վերջին հարգանքի տուրքը մատուցեցին Երեւանում ընթացող «Շախմատային հսկաներ» արագ շախմատի Հայաստանի եւ արտերկրյա բոլոր շախմատիստները՝ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Պետեր Լեկոն, Մայքլ Ադամսը, Բու Սյանչժին, Ալեքսանդր Մորոզեւիչը, Բորիս Գելֆանդը: Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ էր հղել Ասրյանների ընտանիքին, որում ասված էր. «Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանի առաջատար շախմատիստներից մեկի` Կարեն Ասրյանի մահվան մասին: Համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր, Հայաստանի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Ասրյանի մահը մեծ կորուստ է հայկական շախմատի համար:
Ցավը բազմապատկվում է, երբ գիտակցում ենք, թե տաղանդավոր երիտասարդ մարզիկն ինչ բարձունքներ կարող էր նվաճել, բայց չհասցրեց: Բազմիցս վկան եմ եղել, թե Կարեն Ասրյանն ինչպիսի նվիրումով էր պաշտպանում մեր երկրի մարզական պատիվը, ինչպիսի պատրաստակամությամբ էր օգնում ընկերներին, որքան նախանձախնդիր էր հայկական շախմատի զարգացմամբ»: Ի դեպ, պատմում են, որ 2006թ. Թուրինում շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո, Երեւանում մի ընթրիքի ժամանակ, որին ներկա էր Սերժ Սարգսյանը, որը եւ միշտ տղաների կողքին էր, ընկերներով մտածում էին ամուսնացնել Կարենին, որի հարսանեկան կնքահայրը պետք է լիներ Ս. Սարգսյանը:
Կարեն Ասրյանը ծնվել է 1980թ. ապրիլի 24-ին, Երեւանում: 6 տարեկանում դարձել է առաջին կարգային շախմատիստ, ինչը բացառիկ ցուցանիշ է: Դարձել է աշխարհի պատանեկան առաջնությունների արծաթե եւ կրկնակի բրոնզե մեդալակիր: 1998 թվականից կրում էր գրոսմայստերի տիտղոս: 1999, 2007, 2008 թվականներին նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: 2001 թվականին հաղթել է Դուբայի, 2004-ին՝ Ստեփանակերտի միջազգային մրցաշարերում: Հայաստանի հավաքականի կազմում 2006-ին Թուրինում նվաճել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոս: