Պետք է մասնակից դառնան

13/06/2008

Երեկ ՀՀ նախագահական նստավայրում մի խումբ մտավորականների ու հասարակական գործիչների հետ հանդիպման ընթացքում, Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Հանրային խորհրդի ձեւավորման գործընթացին, նախ ընդգծել է, որ Հանրային խորհրդի ստեղծումը թելադրված չէ իրավիճակով, եւ դրա անհրաժեշտության մասին ինքը խոսում է արդեն երկար ժամանակ, այնուհետեւ նկատել է. «Ես բազմիցս ասել եմ, եւ հիմա էլ այն համոզմունքին եմ, որ մենք պարտավոր ենք համախմբել մեր հասարակության բոլոր ուժերին, որպեսզի կարողանանք նրանց ջանքերն ուղղել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, իսկ որ այդպիսի խնդիրները բազմաթիվ են, կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում: Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կարող ենք համախմբվել, անկեղծորեն հավատում եմ, որ բոլոր երկրներում էլ այս խնդիրը կա, գոյություն ունի, որովհետեւ որեւէ մի ընտրության ժամանակ հարյուր տոկոս քվե որեւէ կուսակցություն կամ որեւէ անհատ չի ստանում, եւ, բնականաբար, հասարակության մեջ մնում են ուժեր, անհատներ, ովքեր նախ՝ դժգոհ են լինում, եւ երկրորդ` չեն կարեւորում ուրիշների հետ միասին լծվել երկրի առջեւ ծառացած խնդիրներին: Այս առումով, կարծում եմ, ճիշտ չէ այն պնդումը, թե մենք ԱԺ ունենք, ինչի՞ համար է անհրաժեշտ Հանրային խորհուրդը: Կարծում եմ, մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ հանրությունը, մարդիկ, անհատները ֆորմալ եւ ոչ ֆորմալ ձեւաչափերով կարողանան մասնակցել իրենց հուզող հարցերի քննարկմանը, մասնակցել այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են երկիրն առաջ մղելու համար»: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության` մասնակիցները ներկայացրել են ստեղծվելիք հասարակական մարմնի գործունեության, աշխատանքների կազմակերպման վերաբերյալ իրենց նկատառումներն ու տեսակետները: «Նրանք ողջունել են նախագահի նախաձեռնությունը եւ Հանրային խորհուրդը դիտել բաց եւ կառուցողական երկխոսության, հանրության խնդիրներն իշխանության ամենաբարձր մարմիններին հասցնելու մեխանիզմ: Ներկաները համակարծիք են եղել, որ Խորհուրդը պետք է իր մեջ ներառի հասարակության ամենալայն շերտերը, դառնա առաջարկների, գաղափարների գեներացման տեղ, լինի մի ամբիոն, հրապարակ, որը հնարավորություն է տալու վեր հանել կարծիքներ, քննարկել հասարակությանը հուզող հարցերը, տալ առաջարկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: